Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոռու ՃՇՇ»-ն սպասում է նոր մրցույթի, որպեսզի աշխատավարձերի հին պարտքերը փակի

Մարտ 28,2018 16:57

«Լոռու ՃՇՇ» ընկերությունը 2014 թվականից մոտ 60 աշխատակցի պարտք է ավելի քան 7 միլիոն դրամ: Ինչպես տեղեկացրել էինք, աշխատակիցները պարբերաբար դիմել են ընկերության տնօրենին՝ աշխատավարձը ստանալու համար: Բացի դա, խնդրով դիմել էին նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանին ու Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:

Aravot.am-ը կապ հաստատեց ընկերության տնօրեն Արայիկ Վարդանյանի հետ, փորձելու պարզել, թե ինչն է պատճառը, որ մարդիկ չեն վճարվել իրենց կատարած աշխատանքի դիմաց: Վարդանյանի խոսքով՝ 2015 թվականին ընկերությունը վնասով է աշխատել, դրա հետեւանքով էլ չեն կարողացել վճարել: Տնօրենն ասում է, որ աշխատավարձի պարտքերը հիմնականում ձմռան ամիսներին է գոյացել:

«Աշխատավարձի պարտքեր առաջացել են 2014 թվականից: Այդ թվականի պարտքերը որոշակիորեն մարվել են, հիմա հիմնականում 2015-2016 թվականի պարտքեր են մնում: Ամիս կա, որ ամբողջ կոլեկտիվը չի ստացել աշխատավարձ, կա ամիս, որ մի մասը ստացել են, մյուսը մասը՝ ոչ: Հիմնականում պարտքերի 80-90 տոկոսը ձմռան ամիսներին է կուտակվում: Ձմեռը ճանապարհների սպասարկում ենք կատարում, որի արդյունքում ավելի շատ ծախս ենք անում, քան գումար ենք ստանում: Դրա պատճառով էլ պարտքեր են առաջացել: Իսկ գարնանը, երբ որ ճանապարհաշինական աշխատանքներ ենք կատարում, կարողանում ենք վճարել: 2017 թվականին կարողացել ենք ամբողջ աշխատավարձերը վճարել»,- ասում է Արայիկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը բնակիչների դիմում-բողոքի պատասխան նամակում, որը վերահասցեագրել էր Լոռու մարզպետին, նշել էր, որ ընկերությունը պարտավորվել է առաջին կիսամյակի ընթացքում վճարել աշխատավարձերը. «Մարդիկ օրինական աշխատել են, այնպես չէ, որ չվճարելու տրամադրվածություն կա: Փորձելու ենք վճարել աշխատավարձերը: Անձնական խնդիր չկա: Ընթացքում էլի վճարել ենք: 6-7 միլիոն դրամն այս հիմնարկի համար մեծ գումար չէ: Հիմա մնում է, որ կարողանանք մրցույթների մասնակցել, շահել ու շահույթի հաշվին էլ հին պարտքերը փակել: Հիմա սպասարկման վրա ենք աշխատում, եւ ամբողջ խնդիրն այն է, որ միայն սպասարկումով չենք կարողանում այլ պարտավորություններ կատարել: Սպասարկումով՝ ընկերությունը, կոպիտ ասած, գոյություն է պաշտպանում»,- եզրափակեց ընկերության տնօրենը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031