Լրահոս
Օրվա լրահոսը

Արգենտինահայ բժիշկը փաստում է. «չկա ոչ մի հիմք պնդելու, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն ազդում է պտղաբերության վրա»

Մարտ 28,2018 16:50

Արգանդի պարանոցի քաղցկեղը միակ կանխարգելվող քաղցկեղն է: Այն համալիր գործընթաց է և իր մեջ ներառում է զուգահեռ ընթացող, իրար ամբողջացնող բաղադրիչներ՝ մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումների իրականացում (առաջնային կանխարգելում), արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների և քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային հետազոտությունների իրականացում (երկրորդային կանխարգելում):

2017 թվականի դեկտեմբերի 11-ից Հայաստանում ևս իրականացվում են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ: Մինչ օրս հանրապետությունում պատվաստվել է 380 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել ոչ մի հետպատվաստումային ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ: Մինչդեռ Հայաստանում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ներդրման ընթացքում առանձին ոչ մասնագետների կողմից տարածվեցին տարբեր սարսափելի տեսանյութեր, ասեկոսեներ: Այդ ապատեղեկատվության տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորվեց անվստահության և վախի մթնոլորտ:

Շրջանառվող ասեկոսեները պարզաբանելու, ինչպես նաև Արգենտինայի հաջողված փորձը հայ բժիշկներին ներկայացնելու նպատակով Հայաստան է ժամանել արգենտինահայ բժիշկ, Արգենտինայի Գարախանի մանկական հիվանդանոցի նախագահ Կառլոս Կամբուրյանը:

Արգենտինայի դեսպանատանը հայ բժիշկների հետ հանդիպման ընթացքում Կառլոս Կամբուրյանը նշեց, որ ներկայումս հավաքագրվել են համոզիչ փաստարկներ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ: Արգենտինահայ բժիշկը մեկ անգամ ևս փաստեց, որ չկա ոչ մի հիմք պնդելու, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն ազդում է պտղաբերության վրա: Կլինիկական հետազոտությունները հաստատում են, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը չի ազդում կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա: Այդ հետազոտությունների արդյունքում անպտղության տարածվածության առումով պատվաստված և չպատվաստված կանանց և աղջիկների շրջանում տարբերություն չի գրանցվել:

Հարկ է նշել, որ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պայքարի Արգենտինայի հաջողված փորձը ներկայացնելու նպատակով 2018թ. փետրվարին Հայաստան էր այցելել նաև արգենտինահայ ճանաչված բժիշկ, վարակաբան, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի «FIDEC Armenia» հիմնադրամի հիմնադիր Դանիել Ստամբուլյանը:

ՀՀ առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը: Հետևաբար, այսօր պատվաստելով Ձեր երեխային ՄՊՎ-ի դեմ, ապագայում նրան կպաշտպանեք արգանդի պարանոցի, սեռական այլ օրգանների, կոկորդի քաղցկեղներից:

Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031