Լրահոս
Օրվա լրահոսը

 Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մասնակից դառնան որոշումների կայացմանը. Պաշտպան

Մարտ 28,2018 16:47

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևոր է համարում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» նոր օրենքի ընդունումը:

«Օրենքի ընդունումով նախադրյալներ կստեղծվեն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մոնիթորինգային մեխանիզմի ստեղծման համար, ինչպես նաև կտեղայնացվեն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները»,- Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպված լսումների ժամանակ ասել է Արման Թաթոյանը:

Նրա դիտարկմամբ՝ հասարակությունում առկա կարծրատիպերի, օրենսդրական թերի կարգավորումների, ինչպես նաև միջավայրային անհարմարությունների հետևանքով է, որ հաշմանդամություն ունեցող անձինք առօրյա կյանքում բազմիցս հանդիպում են խոչընդոտների իրենց իրավունքների իրացման, սոցիալական ներառման և անկախ կյանք վարելու հարցերում:

«Ոլորտի խնդիրների լուծման արդյունավետությունն ուղղակիորեն կապված է նաև մասնակցային գործընթացի հետ: Որոշումների կայացմանը պետք է մասնակից դառնան հաշմանդամություն ունեցող անձինք, նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները»,-նշել է Պաշտպանը:

Հիշեցնենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Պաշտպանին վերապահվելու է օրենքի, ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու լիազորությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031