Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընկերային համերաշխությո՞ւն, թե՞ օրենքի պահանջ

Մարտ 28,2018 15:59

Լրագրողական էթիկայի մերժելի սկզբունքներից մեկը գրագողությունն է կամ լրագրողների շրջանում առավել հայտնի՝ քոփի փեյսթը: Հեղինակային իրավունքի խախտման դեպքեր հիմնականում գրանցվում են առցանց լրատվամիջոցներում:

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 22.1 հոդվածը սահմանում է, որ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում թույլատրվում է իրականացնել միայն մեջբերման նպատակն արդարացնող ծավալով՝ առանց հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության և վարձատրության վճարման և անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը:

Հեղինակներն իրավունք ունեն թույլատրել, ըստ այդմ նաև արգելել երրորդ անձանց օգտագործել իրենց մտավոր սեփականությունը, սակայն սահմանված է նաև ազատ օգտագործման իրավունքը, բայց սահմանված չափանիշներին համապատասխան: Հաճախ առցանց լրատվամիջոցները իրենց բովանդակությունը լրացնում են copy paste-ով, այսինքն՝ այլ լրատվամիջոցից արտատպումներ են անում առանց հղման, թեև տվյալ կայքում նույնպես կնկատես, որ նույն կայքից օգտվելու պայմանը միայն պարտադիր հղումն է:

Անի Մկրտչյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Լրագրողական գործունեության 7 տարիների ընթացքում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի լրագրող Անի Մկրտչյանը հանդիպել է բազմաթիվ դեպքերի, երբ իր կամ իր թղթակից-գործընկերների հոդվածները հրապարակվել են՝ առանց հղման, չպահպանելով հեղինակային իրավունքը։ Պատմում է, որ այդ կայքերի խմբագիրները և խմբագրությունները չեն փորձել ավելացնել հղումը և պահպանել իրենց հեղինակային իրավունքը, երբ նաև գրավոր բարձրաձայնել են այդ մասին։

«Այսօր հայաստանյան լրատվական դաշտում, դժբախտաբար, հայտնվել են պատահական մարդիկ և փորձում են զբաղվել լրագրությամբ, նրանց հիմնական նպատակը գումար վաստակելն է, կամ, այսպես ասած, հայտնի դառնալը։ Նրանցից և ոչ մեկը, վստահ եմ, տեղյակ չէ լրատվական դաշտը կարգավորող օրենսդրությունից, այդ թվում՝ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքից, մեծ մասը նաև չի տիրապետում լրագրության այբուբենին ու չունի մասնագիտական կրթություն»,- նշում է Անի Մկրտչյանը:

Էլեկտրոնային կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է:

Երբեմն լրագրողները հետամուտ չեն լինում իրենց հեղինակային նյութերը անբարեխիղճ կերպով արտատպողների նկատմամբ: Այս խնդիրը թերևս խթանում է գրագողությունը: Եվ օրվա ընթացքում բազմաթիվ լրագրողներ իրենց «աշխատանքն» են կատարում՝ չհետևելով օրենսդրությանը:

«Բնականաբար հետևողական եմ, գրավոր, էլեկտրոնային տարբերակով տեղեկացնում եմ հեղինակային խախտում կատարած կայքերի խմբագրություններին, սակայն, տեղեկացնելուց հետո էլ ոչ մի փոփոխություն չի լինում՝ հղումը չեն ավելացնում, խախտված հեղինակային իրավունքը չեն վերականգնում։ Կարծում եմ՝ այսուհետ նման խնդիրների կարգավորման համար դիմելու եմ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին եւ այն կառույցներին, որոնք շահագրգռված են բարձրաձայնել լրագրողի՝ հեղինակային իրավունքի խախտման մասին դեպքերը»,-ասում է Անի Մկրտչյանը։

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի հոդված 22.1–ի նախատեսում է խախտման դեպքում վնասի հատուցման չափը՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը, այսինքն՝ 100 հազարից 200 հազար դրամ: Այսինքն՝ արտատպողը տվյալ պատժից չի խուսափում:

«Համացանցի ի հայտ գալով փոխվել է ոչ միայն լրագրության դիմագիծը, այլև լրագրողներն հայտնվել են նոր մարտահրավերների առջև: Դրանցից մեկն էլ հենց գրագողությունն է, ինչին իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում առնչվում են բարեխիղճ լրագրողները, որոնց հեղինակած նյութերը հայտնվում են տարբեր կայքերում առանց ակտիվ հղման: Այստեղ կարծես գործընկերային համերաշխություն ասվածն այնքան էլ ազդեցիկ չեղավ, ուստի անհրաժեշտություն զգացվեց 2013 թվականին փոփոխություն կատարել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում լրատվական նյութի օգտագործման պայմանների մասով, որով օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը հանդիսանում է հեղինակային իրավունքի օբյեկտ, եթե դրանց արտահայտման ձևը ստեղծագործական աշխատանքի արդյունք է: Պատշաճ հղման առկայությունն է, որ կապահովի լրատվություն տարածող ֆիզիկական և իրավաբանական անձին օրենքի պատասխանատվությունից»-նկատում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.Վարդուհի Պետրոսյանը:

Copy paste-ի վատ պրակտիկան հանգեցրել է լրագրողների ծուլությանը, նրանց մասնագիտական որակների նվազմանը: Հեղինակային իրավունքների խախտման դեպքեր նկատվում են հաճախ, բայց դատարաններում այդ գործերը քիչ են հանդիպում:

«Թեև օրենքը լրացվեց, եղավ նախադեպ, բայց այսօր էլ քիչ չեն դեպքերը, երբ լրագրողները բարձրաձայնում են իրենց հեղինակային իրավունքների ոտնահարման՝ նյութերի արտատպման մասին: Սակայն նրանք բավարարվում են կա՛մ ֆեյսբուք սոցիալական ցանցում այդ մասին գրառում կատարելով կա՛մ «Մեդիագրագիտություն» խմբում քննարկում ծավալելով կա՛մ էլ՝ զանգել զգուշացնելով: Դատարան չդիմելու պատճառները կարող են տարբեր լինել. դատական քաշքշուկների մեջ չհայտնվելը, լրացուցիչ գումարներ ու ժամանակ ծախսելը»,-նշում է Վ.Պետրոսյանը:

«Հեղինակային և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո ԶԼՄ-ներին վերաբերող դրույթով դատական առաջին նախադեպը «Հետք» էլեկտրոնային կայքինն էր: Դատական այդ նախադեպից հետո որևէ դրական շարժ չի նկատվել: Այս մասին հայտնեց «Հետք» առցանց լրատվամիջոցի փոխխմբագիր Լիանա Սայադյանը:

«Առանձնապես ոչինչ չի փոխվել մեր դատական նախադեպից հետո, էլի խախտումներ են լինում, որոշ դեպքերում գրում ենք, որ շտկեն, որոշ դեպքերում խնայում ենք մեր նյարդերն ու ժամանակը»,-ասում է նա:

Համացանցում անասելի քանակությամբ նյութեր հասանելի են անվճար: Զուգահեռաբար համացանցում ինֆորմացիայի ճշմարտացիությունը և աղբյուրների պաշտպանվածությունը վեճերի առաջացման պատճառ է դառնում: Ըստ այդմ` հեղինակային իրավունքը չխախտելու և գործընկերային համերաշխությունը պահպանելու համար լավագույն լծակը պարտադիր հղման առկայությունն է:

Սոնա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031