«Թե ընդդիմադիրները կամ ընդդիմադրի անուն ձեռք բերելու փորձ անողներն ինչ փաստարկներ են բերում, դա իրենց գործն է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ ապրիլի 9-ից 17-ը ցույցեր է անցկացնելու, ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Նրա խոսքով. «Այն ուժերը եւ գործիչները, որոնք այսօր փորձում են այդ օրակարգով հանդես գալ, կամ սխալ են ընտրել իրենց օրակարգը, կամ չեն վայելում ժողովրդի վստահությունը: Քաղաքական գործչի անուն ունեցող որոշ անձանց համար դա դարձել է «պարապ վախտի խաղալիք»…Կյանքը ցույց է տվել, որ փողոցային պայքարով ՀՀ-ում արդյունք հնարավոր չէ արձանագրել»:
Արսեն Համբարձումյանը համոզված է՝ հերթական հիասթափությունն է սպասվում այն քաղաքական ուժերին, որոնք փորձում են ցույցերի օրակարգով առաջնորդվել:
ՀՅԴ ներկայացուցիչն արդիական չի համարում Փաշինյանի պնդումը, թե իշխանափոխությունն այդ օրերին հրապարակում «գցած» է լինելու: «Դա Լենինի խոսքերն են: Չեմ կարծում, որ այսօր պետք է իրենց Լենինի տեղը դնեն»,-ասում է նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ