Լրահոս
Օրվա լրահոսը

1 գառը՝ 3000 դրամ, տավարը՝ 10.000 դրամ. սրանք սպանդանոցի մորթի գներն են, որոնք բարձրացնում են պետական գնումներով կատարվող մսի գները

Մարտ 28,2018 15:43

Մեկ գառը սպանդանոցում մորթում են 3000 դրամով, մեկ գլուխ տավարը՝ 10 հազար դրամով: Aravot.am-ի հետ զրույցում ծառայությունների գները հստակեցրին «Ոսկե կացին» սպանդանոցից: Մարտի 1-ից մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է պետական գնումներով մատակարարման ոլորտում: Որպես առաջնահերթություն խստացվել է հսկողությունը մասնավորապես կրթական եւ նախակրթական հաստատություններում մատակարարվող մսի նկատմամբ: Պարտադիր սպանդանոցային մորթի անցումը, սակայն, խնդիրներ է առաջացրել հայաստանյան մարզերում, մանկապարտեզները չեն կարողանում թանկ գնով միս գնել եւ ներառել երեխաների սննդակարգ կամ էլ կրճատել են եւ շաբաթական ոչ թե երեք անգամ են երեխաներին միս տալիս, այլ՝ մեկ-երկու: Որոշ մանկապարտեզների տնօրեններ այս առնչությամբ դժգոհություն են հայտնել:

Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը (լուսանկարում) պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե մատակարարները նախապես են մասնակցում գնումների մրցույթներին եւ մրցույթում առաջարկած գինը չի համապատասխանում միսը ձեռք բերելու գնին, քանի որ սպանդանոցային ծառայությունը գինը բարձրացրել է, պատասխանեց, որ գործընթացը նոր չէ սկսվել եւ դեռեւս 2017 թվականից ֆերմերների, մատակարարների եւ սպանդանոցների պատասխանատուների հետ տեղեկատվական բնույթի հանդիպումներ են տեղի ունեցել:

Արթուր Մելիքյանը կարծում է, որ նոր սպանդանոցների ստեղծումը կբերի մրցակցության եւ ծառայությունների գները կնվազեն:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍԱՊԾ պաշտոնյայի խոսքով, նախկինում էլ անասուններին վճարովի են մորթել. «Հրավիրում էին մասնագետի՝ ղասաբ կոչվածին, որը որ իրականացնում էր կենդանու մորթը: Այն լինում էր գումարի տեսքով, մթերքի կամ մսի տեսքով: Հիմա իրականացվում է սպանդանոցում, որը որ թույլ է տալիս կենդանու եւ մարդու համար վտանգավոր հիվանդությունների հայտնաբերում՝ նպաստելով կանխարգելմանը: Միսը ստանում ենք պատշաճ, հիգիենիկ նորմալ պայմաններում, հենց սպանդանոցում իրականացվում է պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննություն, միսը սպանդանոցից դուրս է գալիս ուղեկցող փաստաթղթերով եւ միսը իրացման փոխադրվում է սանիտարական անձնագիր ունեցող ավտոմեքենաներով»:

Aravot.am-ը մայրաքաղաքի մի քանի մանկապարտեզների տնօրեններից հետաքրքրվեց, թե մատակարարի հետ առաջացե՞լ են նման խնդիրներ: Սննդակարգից կրճատվե՞լ է միսը: Թիվ 88 մանկապարտեզի տնօրենն ասաց, որ իրենց ճաշացանկից միսը չի պակասել: Նրա խոսքով, որոշ ապրանքների՝ ձավարեղեն, բանջարեղեն էժանացման պարագայում կարողանում են մսի խնդիրը լուծել: Մեկ այլ մանկապարտեզից էլ նշեցին, որ իրենց մատակարարները տեղավորվում են գնի մեջ եւ ինչպես որ միսը մատակարարում էին, այդպես էլ ստանում են հիմա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031