Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Վարչապետը շնորհավորել է Շոմբի Շարփին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ պարոն Շարփն իր ներդրումը կունենա երկկողմ համագործակցությունն առավել զարգացման գործում: Կառավարության ղեկավարը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ սերտ փոխգործակցություն է ձևավորվել, արդյունավետ մի շարք ծրագրեր են իրականացվել, և միևնույն ժամանակ համատեղ աշխատանքի նոր հեռանկարային ուղղություններ կան: Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների օրակարգը՝ նշելով, որ Հայաստանը կայուն զարգացման մեծ ներուժ ունի, և իրականացվող քայլերն ուղղված են դրա լիարժեք իրացմանը:
Շոմբի Շարփը նշել է, որ պատվով է ստանձնում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնը և իր առաքելության ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր՝ ՀՀ զարգացմանը միտված ծրագրերում ՄԱԿ-ի ներգրավվածությունն ապահովելու և դրանք հաջողելու համար: Նա ողջունել է ՀՀ կառավարության կողմից բարեփոխումների նախաձեռնումը, ինչպես նաև տնտեսական աճի և մակրոտնտեսական բարձր ցուցանիշների արձանագրումը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ն այսուհետ ևս պատրաստ է աջակցել Հայաստանում շարունակական ռեֆորմների և ներդրումային ծրագրերի իրականացմանը: ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը նաև նշել է, որ իր համար ուրախալի է պաշտոնն ստանձնել հենց այս տարում, երբ Հայաստանում տեղի են ունենալու թե´ ազգային, թե´ միջազգային մակարդակի հետաքրքիր մեծամասշտաբ միջոցառումներ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ՄԱԶԾ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Այս համատեքստում անդրադարձ է եղել Հայաստան-2030 զարգացման օրակարգին, կարևորվել է դրա իրականացման գործում սերտ համագործակցությունը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ