«Հանրային ծառայության մասին» 23.03.2018թ. ՀՀ օրենքի ընդունմամբ անհրաժեշտ իրավական նախադրյալներ են ստեղծվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա առաջիկայում ձևավորվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեության և այդ համատեքստում հայտարարագրերի վերլուծության գործիքակազմի պատշաճ կիրարկման համար: Օրենքի նախագծի մշակման գործընթացում ակտիվ դերակատարում է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի ներկայացրած օրենսդրական առաջարկությունները հավանության են արժանացել և ներառվել օրենքում:
Ըստ էության, միասնականացվել է պաշտոնատար անձանց հայտարարագրերի բովանդակությունը. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները կհայտարարագրեն նաև իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալները՝ պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու և դադարեցնելու պահի դրությամբ, ինչը հնարավորություն կընձեռի լիարժեք պատկերացում կազմել ընտանիքի անդամների փաստացի գույքային դրության մասին: Օրենսդրական գործող կարգավորումներին համապատասխան՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները ներկայացնում են միայն տարեկան հայտարարագրեր, որոնց բովանդակությունը նույնական չէ հայտարարատու պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրի բովանդակության հետ: Օրինակ՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների (բացառությամբ ամուսնու) տարեկան հայտարարագրում առկա չէ «Դրամական միջոցները» բաժինը:
Բովանդակային առումով վերանայման են ենթարկվել հայտարարագրմանն առնչվող կարգավորումները, ինչի արդյունքում, մասնավորապես, վերացվել են հայտարարագրման ենթակա գույքի, արժեթղթերի ձեռքբերման և օտարման, ինչպես նաև` փոխառությունների հանձնման և վերադարձման գործարքների մասով օրենքով սահմանված գումարային շեմերը: Օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները (բացառությամբ ամուսնու) իրենց տարեկան հայտարարագրում վերոնշյալ գործարքները հայտարարագրում են այն դեպքում, երբ տվյալ տարում դրանց ընդհանուր գինը (գումարը) գերազանցել է օրենքով սահմանված համապատասխան շեմը:
Օրենսդրական նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2019թ. հունվարից՝ պայմանավորված էլեկտրոնային հայտարարագրման համակարգի տեխնիկական վերազինման հրամայականով:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմ