Այսօր ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ԳԱԱ թղթակից անդամ, ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանն իր ելույթում գիտական թանկարժեք սարքերի անհրաժեշտության մասին խոսեց:
Ժողովին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թոփուզյանը փորձեց խնդիրը ներկայացնել: Նա ասաց, որ առանց այդ սարքավորումների ժամանակակից հետազոտություն կազմակերպել չի լինում: Նա թվարկեց անհրաժեշտ սարքերի անունները, ասաց, որ 22 կազմակերպություն դրա կարիքն ունեն. «Կազմել ենք ծրագիր, ներկայացված է իշխանություններին, ծրագրի մեջ գրված է բոլոր անհրաժեշտ ֆակտորները, սարքի անհրաժեշտությունը հանրապետության համար, նրան պահելու, աշխատեցնելու, մասնագետների, պայմանների ստեղծումը կենտրոնի կողմից, 22 կազմակերպությունների համաձայնությունը, որ համաձայն են սարքը տեղադրվի կենտրոնում եւ ծառայի ամբողջ հանրապետության քիմիական կազմակերպությունների խնդիրների համար: Առայժմ պատասխան չկա ծրագրից, շատ ենք խնդրում, մեծարգո պարոն վարչապետ»:
Լսելով, որ իրեն վարչապետի տեղն են դրել, կամ գուցե ժամանակից առաջ են ընկել՝ նախագահը սկսեց բարձրաձայն ծիծաղել: Թոփուզյանն էլ անհարմար վիճակից դուրս գալու համար պարզաբանեց. «Դե, հեռուն եմ նայում»:
Ավելի ուշ պարզվեց, որ Թոփուզյանի ուզածը 700 հազար եվրոյի չափով ֆինանսավորումն էր, որը պետք է այդ սարքավորման համար. «Ում դիմում ենք, ասում է՝ մեր ուժերից վեր է, մենք էլ չենք կարող ուրիշ ձեւ գտնենք, բացի նրանից, որ ուղղակի ձեզ դիմենք»:
Հիշեցնենք, որ արձագանքելով Թոփուզյանի ելույթին՝ նախագահն ասել էր, որ չի հասկացել, թե այդ ի՞նչ սարքավորում են ուզում եւ ինչի՞ մասին է խոսքը, եթե գումար են ուզում, բոլորն էլ ուզում են, ինքն էլ է ուզում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
խեղճ հայոց գիտություն… տեսեք ով է պատգամներ տալիս մեր գիտությանը՝ էլ վայ-շախմատիստ, էլ տերտեր… հազիվ հումորի զգացմունքը փրկի գիտնականներին
Հոգնեցրին այս “անդամները:: Ինչքան կարելի է ասել այդ “ծերակույտը” ցրել է պետք, նրանք գիտությունից կիլոմետրերով են հyռու