Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օրենսդրական բացերն ու քմահաճ դատավորներն ընդդեմ լրագրողների իրավունքների

Մարտ 28,2018 12:47

Խոսքի ազատությունը եղել և մնում է քաղաքացիական հասարակության կարևորագույն
ինստիտուտներից մեկը: Զանգվածային լրատվության միջոցները, լինելով խոսքի ազատությունն իրականացնող սուբյեկտներ, պետք է նպատակ ունենան առաջին հերթին նպաստելու ճշմարտության բացահայտմանը, ինչպես նաև պաշտպանելու անձի իրավունքներն ու օրինական շահերը: Այս գործընթացն, իհարկե, պետք է կատարվի որոշակի օրենքների գերակայության պայմաններում, սահմանված կարգով:

Չնայած վերոնշյալ սկզբունքներին, այսօր բավականին շատ են դեպքերը, երբ դատարաններում դատական նիստեր լուսաբանելիս ոտնահարվում են լրագրողների իրավունքները: Այնպես է ստացվում, որ այլոց իրավունքների ոտնահարումների մասին բարձրաձայնողները հենց իրենք են ունենում պաշտպանության կարիք: Լրագրողների իրավունքները խախտվում են ոչ միայն դատարանում, այլև նախքան նիստին գալը՝ փաստաթղթերին ծանոթանալիս, նրանց սահմանափակում են ոչ միայն դատավորներն, այլև կարգադրիչները:

Տեսանկարահանման սահմանափակումներ, դատավորների քմահաճ և հաճախ տեսախցիկներից կաշկանդվող պահվածք, կարգադրիչների ինքնագլուխ որոշումներ, անհարկի դիտողություններ և նկատողություններ. այս ամենի դեմ լրագրողները ստիպված են պայքարել գրեթե ամեն օր: Լրագրողների մասնագիտական վարքագիծը հաճախ կախված է լինում ոչ միայն դատավորի սուբյեկտիվ վերաբերմունքից, այլև վերջինիս տվյալ օրվա տրամադրությունից: Պակաս չեն նաև դեպքերը, երբ կարգադրիչները լրագրողներին ներս չեն թողնում նիստերի դահլիճ այն պատճառաբանությամբ, որ այն լեփ-լեցուն է, տեղ չկա, շոգ է, այնինչ նրանք, ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից 2007 թ.-ին մշակված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի մեկնաբանության, պիտի ապահովեին պատշաճ պայմաններ քաղաքացիների և լրագրողների համար:

Քիչ չեն նաև դեպքերը, երբ դատավորին նյարդայնացնում է տեսախցիկի արձակած ձայնը, լույսը և այն: Մյուս կողմից հաճախ լրագրողները բախվում են նաև տեխնիկական խնդիրների, չի լսվում ձայնը ապակեպատ դահլիճում, անորակ կամ քիչ են կադրերը, արդյունքում տուժում է լրագրողական մասնագիտական աշխատանքը:

2017 թվականի նոյեմբերի 20-ին Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Թերեզա Սարգսյանի գործով հերթական նիստի ժամանակ դատավոր Աննա Մաթևոսյանը, ամբաստանյալի փաստաբանի միջնորդությունը հաշվի առնելով, Aravot.am լրատվական կայքի լրագրողին արգելել է ձայնագրել դատական նիստը։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ լրագրողին արգելել են ձայնագրություն կատարել դռնբաց դատական նիստի ընթացքում, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատական նիստերը ձայնագրվում են դատարանների կողմից, իսկ դատավարության մասնակիցների կողմից ձայնագրություն կատարելու իրավունքը սահմանված է ՀՀ Քաղաքացիական և Վարչական դատավարությունների մասին օրենսգրքերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով.
«Նիստի ընթացքում, երբ պետք է հրապարակվեին Թերեզա Սարգսյանի նախաքննական ցուցմունքները, ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ալվարդ Դաբաղյանը, միջնորդեց՝ արգելել ձայնագրություն կատարելը: Դատավոր Աննա Մաթևոսյանն ակնարկեց, որ պետք է թույլտվություն խնդրել ձայնագրելու համար, ինչը ինձ զարմացրեց, որովհետև ձայնագրությունն արգելված չէ, իսկ ահա լուսանկարելու և տեսանկարահանելու համար պետք է կողմերի կարծիքները հարցնել: Հասկանալի է՝ երբեմն ինչ-ինչ խնդիրների պատճառով հիմնականում մեղադրյալի աթոռին հայտնվածները չեն ցանկանում «երևալ» : Դատավորն ինձ ասաց ՝ Դատարանը խնդիր չի տեսնում, սակայն, հաշվի առնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, խնդրում եմ Ձեզ չձայնագրել նիստը: Արդյունքում տուժեց իմ այդ օրվա նյութը»,-պատմեց լրագրող Լուիզա Սուքիասյանը:

Օրենսդրական բացերից օգտվող դատավորների կողքին քիչ չեն նաև քմահաճ և սեփական պայմանները թելադրող դատավորները:
Նման քմահաճ պահվածքի լավագույն օրինակ է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը: Դատավորն իր ագրեսիվ պահվածքի պատճառով հասել է նրան, որ որոշ լրագրողներ պարզապես խուսափում են գտնվել նրա նախագահությամբ ընթացող նիստերին: Դատավորն, օգտվելով իրեն ընձեռնված իրավունքներից, անհարկի դիտողություններ է անում լրագրողներին: «Ոտքդ ոտքիդ մի՛ գցիր, մի՛ ծամիր, որ ներս եմ մտնում, երկա՛ր կանգնեք, մի՛ նկարահանեք, խանգարում է, մի՛ շարժվեք, վերջում էլ՝ազատ եք, հեռացե՛ք»:

Քանի որ նիստերը ընթանում են ապակեպատ դահլիճներում, լրագրողները հաճախ ստիպված են լինում միմյանցից ճշտումներ անել, քանի որ ձայնը լսելի չէ, դատավորը չի զլանում և անմիջապես դիտողությունն է շռայլում լրագրողներին, անգամ եթե շշուկը չէր խանգարել դատական պրոցեսին:

«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած դաժան սպանության՝ նոյեմբեր ամսին ընթացող դատական նիստի ժամանակ դատավորը սպառեց դիտողություն անելու բոլոր հնարավորությունները.

«Այդ օրը դատավոր Նելլի Բաղդասարյանն ագրեսիվ էր տրամադրված լրագրողների հանդեպ: Չնայած դա առաջին դեպքը չէ: Բանն այն է, որ գործը քննվում է ապակեպատ նիստերի դահլիճում, որտեղ ինչպես հայտնի է լսելի չէ դատավարության մասնակիցների ձայները: Փորձում էի գործընկերոջս հետ գուշակել, թե ինչ է ասում նիստերի քարտուղարուհին, ճշտումներ անել. սա դուր չեկավ Բաղդասարյանին և, մեղմ ասած, դիտողություն արեց լրագրողներին դեմքի միմիկաները շարժելու և խոսելու համար»,- պատմում է «armtimes.com» կայքի լրագրող Տաթև Խաչատրյանը:

Այս տեխնիկական խնդիրը ոչ միայն ապախրախուսում է դատական նիստերին լրագրողների մասնակցությունը, այլև հաճախ դե յուրե դռնբաց դատական նիստը վերածում է դե ֆակտո դռնփակի, քանի որ նիստի ընթացքը դարձնում է անհասանելի դատավարության մասնակիցների համար:

Բացի օրենսդրական և էթիկական բացթողումներից, գրանցվել են դեպքեր, երբ լրագրողի իրավունքը խախտվել է մինչև դատական նիստի մեկնարկը, դատական կարգադրիչների կողմից: Չնայած ՀՀ Դատական օրենսգրքի հոդված 214-ի կետ 2-ի՝ Դատական կարգադրիչը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն իրականացնել օրենքին համապատասխան և իր գործունեության մեջ թույլ չտալ անձանց իրավունքների և օրինական շահերի խախտում, սույն թվականի հուլիսի 14-ին Գեղարքունիքի դատարանում տեղի ունեցած դեպքը ընդգծում է՝ վերոհիշյալ կետը միշտ չէ, որ պահպանվում է:

«Կենտրոն TV»-ի լրագրող Արմինե Եփրեմյանը պատմում է դեպքի մասին.
« Փորձը ցույց է տվել, որ մենք երբևէ նկարահանելու խնդիրներ չենք ունեցել, սա առաջին դեպքն էր, և իրականում դա անակնկալ էր մեզ համար: Դատական նիստի մեկնարկին, երբ տեսախցիկը տեղադրում էի ամբիոնի մոտ հասկացա, որ մեզ արգելելու են տեսանկարահանել. ինձ մոտեցան դատական կարգադրիչներն ու մի քանի ոստիկան և առանց որևէ հիմնավորման, առանց դատավորի համապատասխան որոշման արգելեցին ձայնագրիչ տեղադրել, և նույնիսկ դուրս հրավիրեցին դահլիճից, չնայած՝ դատական նիստը դռնբաց էր ընթանում: Այսինքն՝ մեզ անգամ թույլտվություն ստանալու իրավունք չտրվեց»:

Այս խնդրի շուրջ խոսեցինք «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության իրավաբան Անաիդա Միքայելյանի հետ.

«Դռնբաց դատական նիստերի լուսաբանման հարցը, ցավոք, ՀՀ օրենսդրական դաշտում ունի բացեր, որի հետևանքով լրագրողները հաճախ բախվում են դատավորների կամայականությունների հետ։ Շատ են տեսանկարահանման արգելքների դեպքերը: Քրեական դատավարության օրենսգիրքը ընդհանրապես չի անդրադառնում դատական նիստերի տեսա/լուսանկարահանման հարցին, իսկ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն տեսա/լուսանկարահանումը կարելի է կատարել դատարանի թույլտվությամբ, կողմերի համաձայնությունը ստանալուց հետո։ Վարչական դատավարության օրենսգրքի համաձայն, լրագրողը կարող է նկարահանել միայն դատարանի թույլտվությամբ, այն էլ կողմերի միջնորդությունից հետո միայն, որի հետևանքով լրագրողները ունենում են մեծ խոչընդոտներ և շատ դեպքերում զրկվում են իրենց աշխատանքը պատշաճ կատարելու հնարավորությունից»:

«Իրավունքի ուժ» հկ-ն «Առավոտ»-ի լրագրողին ձայնագրությունն արգելելու խնդրով
նոյեմբերի 24-ին երեք իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով լրագրողի իրավունքների սահմանափակման փաստը, որի արդյունքում «Առավոտ» օրաթերթի լրագրողին այժմ ոչ միայն թույլատրում են ձայնագրել, այլև տեսագրել տվյալ դռնբաց դատական նիստը:
Հաջորդ նիստին իրավունքի սահմանափակումը վերացվել է դատավորի կողմից:

Իսկ «Կենտրոն TV»-ի պարագայում պատասխանը եկել է դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալի կողմից, որում ասվում է, որ հասարակական կազմակերպության կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ: Արդյունքում այդ դատական կարգադրիչները ևս մեկ անգամ նախազգուշացվել են իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ իրականացնելու և դատական կարգադրիչների վարքագծի կանոնները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին:

Ի հակադրություն իրավաբան Անաիդա Միքայելյանի փաստարկների՝ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Փիլոյանը, որը կարևորեց ԶԼՄ-ների մասնակցությունը դատական նիստերին մի կողմից հանրության իրավագիտակցության բարձրացման, մյուս կողմից դատարանների նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված, չհամաձայնեց, որ օրենսդրական դաշտը թերի է և ունի լրացումների կարիք:

«Ես կարծում եմ, որ դատարան-լրագրող հարաբերությունները կարգավորող օրենսդրական բացեր չկան, չեմ էլ կարծում, թե հարցը օրենսդրական լուծումներ պահանջող է: Որպես դատավոր՝ կարող եմ ենթադրել, որ դատավորների նկատողությունները պայմանավորված են դատական նիստերի բնականոն ընթացքը խոչընդոտող գործողությունների կամ վարքագծի դրսևորմամբ, իսկ դատական նիստի տեսանկարահանումը, լուսանկարահանումը, հեռարձակումը ռադիոյով կամ հեռուստատեսությամբ միայն դատարանի հայեցողությունը չէ, անհրաժեշտ է նաև գործին մասնակցող անձանց համաձայնությունը, ինչը հիմնականում բացակայում է»:

Օրենսդրական բացերը լրացնելու անհրաժեշտության փոխարեն, դատավորը կարևորեց լրագրողների անաչառ լուսաբանման հարցը, որպեսզի այնպես չստացվի, որ ընթերցողին ներկայացվի ոչ թե օբյեկտիվ տեղեկատվությունը, այլ լրագրողի կարծիքը կամ անձնական վերաբերմունքը:

Խնդրի հետ կապված խոսեցինք նաև «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության ղեկավար Արման Ղարիբյանի հետ.

«Նման խնդիրների առաջին լուծումն այն է, որ լրագրողները պետք է բարձրաձայնեն դեպքերը, լինեն հետևողական, անդրադառնան ոչ միայն իրենց խնդրին, այլև այլ լրատվամիջոցների, այնինչ հաճախ լրագրողները չեն ցանկանում խոսել: Պետք է խիստ քննադատվի իրավախախտ դատավորը: Ես համոզված եմ, որ նման դեպքերը պայմանավորված են նրանով, որ ապախրախուսեն լրագրողներին ներկա գտնվել դատական պրոցեսներին, ինչը լավ բաների չի հանգեցնի, քանզի քաղաքացիական վերահսկողությունը սկսվում է լրագրությունից:

Բացի նրանից, որ դաշտում կա սոլիդարության պակաս կամ ոչ ամբողջական ձևավորված գիտակցություն, կան նաև օրենսդրական բացեր, որոնք մենք ներկայացրել ենք մեր հետազոտության մեջ»:

Հասարակական կազմակերպությունը ներկայացրել է օրենքի 5 նախագիծ՝ ՀՀ Դատական, Քրեական դատավարության, Քաղաքացիական դատավարության, Վարչական դատավարության օրենսգրքերում, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Առաջադրված խնդիրների լուծումները դեռևս շարունակում են մնալ առկախ:

Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031