Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ երաշխիք կարող ենք ունենալ, որ մեծ առեւտրի, այդ թվում՝ այժմ մեզանում նորաձեւ դարձած ստորգետնյա կենտրոններում նույն բարձիթողի, անվերահսկելի վիճակը չէ. «Հայոց աշխարհ»

Մարտ 28,2018 12:21

Կեմերովոյի սարսափելի ողբերգությունը, որի հետեւանքով տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ զոհվեցին, խորհելու տեղիք տվեց. մեզանում որքանո՞վ են խոշոր առեւտրի եւ զվարճանքի կենտրոններում պահպանված անվտանգության, մասնավորապես հակահրդեհային կանոնները: Չէ՞ որ ռուսաստանյան առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով կարող էին եւ զոհեր չլինել, կամ գոնե ոչ այդքան մեծաքանակ, եթե աշխատեին հակահրդեհային համակարգերն ու տարհանման համար նախատեսված հնարավորություններ ստեղծված լինեին:

Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ հավաստմամբ՝ սովորաբար զրոյից կառուցվող նման հասարակական շինությունների նախագծերում միշտ հաշվի են առնվում անվտանգության չափորոշիչները:

Հայաստանում դրանք հիմնականում կառուցվում են զրոյից՝ նոր նախագծերով, թեեւ այստեղ էլ կան մի քանի առեւտրի ու զվարճանքի կենտրոններ, որոնք ավելի վաղ կառուցված շինություններում են տեղակայվել:

Թե որքանով են այդ եւ անգամ զրոյից նախագծված շինություններում պահպանվում անվտանգության չափորոշիչները, ճարտարապետը դժվարացավ պատասխանել։ Նման խնդիրներով զբաղվում է արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան կառույցը՝ վերահսկելով նման օբյեկտներում անվտանգության պայմանները:

Ճարտարապետ ԳՈՒՐԳԵՆ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ եւս տեղյակ չէ՝ որքանով են մեզանում անվտանգության չափորոշիչները պահպանվում հասարակական խոշոր կենտրոններում, բայց ենթադրում է, որ այդ ոլորտում բացթողումներ կլինեն՝ հաշվի առնելով, թե սեյսմիկ առումով ինչ անվերահսկելի վիճակ է երկրում.«Տեսեք, թե ինչ է կատարվում մայրաքաղաքի կենտրոնում, որտեղ շինությունները ծանրաբեռված են կցակառույցներով: Դա սեյսմիկ առումով անթույլատրելի վիճակ է ստեղծում: Այնինչ Հայաստանը երկրաշարժի գոտի է, եւ մենք էլ տարիներ առաջ ավերիչ երկրաշարժ վերապրեցինք: Բայց նորից նույն սխալներն ենք կրկնում, զգոն չենք դառնում:

Իհարկե, դրա համար եւս պատասխանատու է արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչպես նաեւ քաղաքային իշխանությունը, բայց որեւէ մեկը չի պարտադրում քանդել այդ կցակառույցները»:

Ըստ ճարտարապետի՝ նույն վիճակը ստեղծվեց նաեւ «Հրազդան» մարզադաշտում, որտեղ վերեւի հատվածում տոնավաճառ կառուցելու պատճառով փակվեց մարզադաշտից մարդկանց տարհանելու ճանապարհը: Աստված մի արասցե, եթե այդտեղ որեւէ մարդաշատ միջոցառում կազմակերպվի եւ հրդեհ բռնկվի, մարդկանց դժվար կլինի տարհանել:

«Ուրեմն ի՞նչ երաշխիք կարող ենք ունենալ, որ մեծ առեւտրի, այդ թվում՝ այժմ մեզանում նորաձեւ դարձած ստորգետնյա կենտրոններում նույն բարձիթողի, անվերահսկելի վիճակը չէ նաեւ հրդեհաանվտանգության առումով»,- հարցնում է ճարտարապետը:

Գուրգեն Մուշեղյանը նույնպես նշեց, որ սովորաբար որեւէ շինության նախագծման դեպքում հաշվի են առնվում անվտանգության պայմանները եւ սահմանված չափորոշիչները: Սակայն հետագայում միշտ չէ, որ դրանք պահպանվում են:

Օրինակ, նախատեսված որոշ հրդեհային մուտքերը կարող են վերափոխվել, եւ այդ մասում որեւէ տաղավար կառուցել: Կամ դռները զմռսվում են, եւ արտակարգ իրավիճակների դեպքում դրանք բացելու համար ջանքեր կպահանջվեն, ուստի հարկավոր է նման կառույցները պարբերաբար վերահսկել, այլ ոչ թե սահմանափակվել մեկ կամ մի քանի տարին մեկ անցկացվող ստուգումներով:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031