Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ տների պատուհաններին ոչ թե ապակի է, այլ ցելոֆանե տոպրակներ, քանի որ յուրաքանչյուր ականի պայթյունից ապակիները ջարդվում են. «Հայկական ժամանակ»

Մարտ 28,2018 11:57

Ապրիլյան պատերազմից հետո բարձր մակարդակով սկսեցին խոսել ինչ-որ դասեր քաղելու մասին։ Եվ երբ այս կիրակի մեկնում էի Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղ, հետաքրքիր էր, թե ինչպիսին կլինեն այս գյուղում «քաղած դասի» արդյունքները։

Չորաթան տանող ճանապարհը դժվարանցանելի ու քարքարոտ էր։ Մեքենան դանդաղ պետք է տեղաշարժվի, որպեսզի տեղ հասնի։ Երբ չորաթանցիներին հարցրի. «Եթե շտապ օգնություն է պետք կանչել, ի՞նչ եք անում, մեքենան ինչպե՞ս է տեղ հասնում» հարցս աշխույժ ծիծաղ բարձրացրեց, ո՞վ է այնքան միամիտ, որ շտապ օգնություն կանչի՝ իմանալով, որ դա լինող բան չի։

Առհասարակ, Չորաթանը մարզկենտրոն Բերդին կապող տրանսպորտային ոչ մի միջոց չկա։ Միակ փոխադրամիջոցը տաքսին է. աշխատանք չունեցող գյուղացիների համար տաքսիով տեղաշարժվելը ֆինանսական լուրջ խնդիր է։

Շատ տների պատուհաններին ոչ թե ապակի է, այլ ցելոֆանե տոպրակներ, քանի որ յուրաքանչյուր ականի պայթյունից ապակիները ջարդվում են։ Մանկապարտեզի տնօրեն տիկին Օֆելյան ուրախությամբ ցույց տվեց լավատես մեկի տունը, որը Ապրիլյան պատերազմից հետո իր տան ջարդված ապակիները ոչ թե մի քանի շերտ ցելոֆանե տոպրակով էր պատել, այլ իսկական ապակիներով։

Ինչպես սահմանամերձ բոլոր գյուղերում, այս գյուղը եւս ունի ոռոգման եւ խմելու ջրի խնդիր։ Հակառակորդի դիրքերն աչքիդ առաջ են, մանկապարտեզն էլ ուղիղ հակառակորդի թիրախում է։ Անհարմար ես զգում մանկահասակ երեխաներին գրկած կանանց հարցնել. «Ինչպե՞ս եք»։ Գյուղի տղամարդիկ՝ պատկառելի, ուժեղ, պատվախնդիր, ուղիղ նայում են աչքերիդ ու հանգիստ ասում. «Իսկ ի՞նչ է մեզ եղել»։

Սահմանամերձ գյուղերը կանգնած են այս մարդկանց շնորհիվ։ Սակայն պետության կողմից աննրբանկատ անտարբերությունը գյուղի կանանցից մեկին մտահոգել էր՝ կարո՞ղ է նպատակ ունեն Տավուշը հանձնել Ադրբեջանին, ու այդ պատճառով սահմանամերձ գյուղերին ուշադրություն չեն դարձնում։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031