«Դժգոհություն ունենք ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման վերաբերյալ: Հայտնի է, որ ռուս պաշտոնյաները հայտարարել են մատակարարման քանակի նվազեցման մասին»,-այս մասին այսօր ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: Նա նշեց, որ ներկայումս Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտի գործակցությունն արդյունավետ է ընթանում:
«Այն, ինչ նախատեսված էր Ռուսաստանի հետ առաջին վարկի շրջանակում, ամբողջությամբ մատակարարվել է: Դա սպառազինության գնումների լուրջ մաս է կազմում: Կա պայմանավորվածություն՝ այդ աշխատանքը շարունակելու մասին»,-հայտնեց Դավիթ Փախչանյանը:
Նա անդրադարձավ նաեւ ԱՄՆ-ի կողմից ռուսական ռազմարդյունաբերական արտադրության ոլորտի ընկերությունների հանդեպ կիրառվելիք պատժամիջոցներին՝ ասելով. «Պատժամիջոցները խնդիր են, բայց մենք ունենք մեր անվտանգությունն ապահովելու հարց եւ ելնելու ենք մեր շահերից: Այլ երկրների հետ էլ ենք գործակցելու: Հիմա լավ կապեր են հաստատվում Սերբիայի հետ: Նույնը վերաբերում է նաեւ Չինաստանին եւ Լեհաստանին: Միտում ունենք այդ կապերը զարգացնելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ