Լրահոս
Օրվա լրահոսը

«Միմինոյի» դանակահարված սեփականատերը Ռուսաստանում կալանքի տակ է

Մարտ 28,2018 11:47

Ռազմիկ Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ նոյեմբերի 11-ի երեկոյան Դիլիջան քաղաքի «Միմինո» սրճարանում հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, ինքնահաստատման եւ շրջապատին հակադրվելու հանդուգն ձգտումով հնչեցրել է «այստեղ տղա կա» հարցադրումը, ապա անհիմն վիճաբանել արձագանքած անծանոթ այցելուների հետ, առանց հրավերի սեղանակցել, իր վարքագծով խաթարել սրճարանի բնականոն աշխատանքը, շուրջ 15 րոպե կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:

Բացի այդ, Ռազմիկ Հախվերդյանի կողմից «Միմինո» սրճարանում խուլիգանություն կատարելու ժամանակ սրճարանի սեփականատիրոջ Արմեն Մարտիրոսյանի հանդարտման կոչերին չենթարկվելու պատճառով առաջացած տարաձայնությունները հարթելու նպատակով վերջիններս նույն օրը ժամը 18-ի սահմաններում մեկնել են Տավուշի մարզի Թեղուտ գյուղի սկզբնամաս, որտեղ Ռազմիկ Հախվերդյանը բարձրաձայն հայհոյանքներ տալով, խուլիգանական դրդումներով ապօրինաբար Արմեն Մարտիրոսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է Արմեն Մարտիրոսյանի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Ռ. Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 258 հոդվածի 1-ին մասով:

2018թ. մարտի 15-ին Բերդ քաղաքում կայացած դատական նիստում Ռ. Հախվերդյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը միջնորդել է վերացնել իր պաշտպանյալի կալանավորումը, քանի որ վերջինս կամովին է ներկայացել, նրա մեղադրանքը հիմնավորվում է միայն խուլիգանության առումով, իսկ մահափորձին նրա առնչությունը դատաքննության ընթացքում չի հիմնավորվել: Քրեական գործով մեղադրողը չի առարկել այդ միջնորդության դեմ:

Դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է միջնորդությունը բավարարել, քանի որ մոտ 8 ամիս տեւած դատաքննության ընթացքում ամբաստանյալի առնչությունը մահափորձին չի հիմնավորվել: Նշված մեղադրանքի վերաբերյալ գործով տուժող Արմեն Մարտիրոսյանը իր նախաքննական ցուցմունքներով հերքել է Ռազմիկ Հախվերդյանի կողմից իրեն դանակով հարվածելու փաստը, նշելով, որ իրեն մարմնական վնասվածք է պատճառել իրեն անծանոթ քաղաքացի՝ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին: Նրան դատարան հրավիրելու եւ հարցաքննելու հնարավորություն չի եղել,քանի որ տուժողը ՌԴ-ում հանցանք կատարելու համար ներկայումս այնտեղ գտնվում է կալանքի տակ:

Քննվող քրեական գործով, բացի պաշտպանության միջոց կիրառված վկայի ցուցմունքից, այլ փաստական հանգամանք առկա չէ, որը կարող է հիմնավորել հանցանքին նրա առնչությունը, հետեւաբար նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է, որ ամբաստանյալի ներկայությունը դատական նիստերին ապահովելու նպատակով նրա նկատմամբ պետք է կիրառել «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը: Սույն գործով դատաքննությունը շարունակվում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031