Լրահոս
Օրվա լրահոսը

Նման շռնդալից աճը բավականին կասկածելի է այն առումով, որ այդ ինչու, կամ ինչի հաշվին մեր քաղաքացիները սկսեցին մեծացնել իրենց սպառումը. «Ժամանակ»

Մարտ 28,2018 11:42

Հայաստանին սպառնում է երկնիշ տնտեսական աճի վիճակագրական ուրվականը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017թ. գրանցվել է 7․5 տնտեսական աճ, իսկ վերջին հրապարակման համաձայն էլ՝ 2018թ. հունվար փետրվար ամիսներին 8․6 տոկոս տնտեսական ակտիվություն: 2011 թվականից, երբ ԱՎԾ-ն փոխեց մեթոդաբանությունն ու ամսական կտրվածքով տնտեսական աճի փոխարեն սկսեց տնտեսական ակտիվության ցուցանիշ հրապարակել, 2018թ. հունվար փետրվարին գրանցված 8․6 տոկոս աճն աննախադեպ բարձր ցուցանիշ է: Այս տեմպերով առաջ շարժվելու դեպքում, 2019թ. ԱՎԾ-ն հաստատ երկնիշ տնտեսական աճ է ներկայացնելու:

Իսկ ինչի՞ հաշվին է նման տնտեսական ակտիվություն գրանցվել: Տնտեսության առանձին ոլորտների դեպքում անգամ շոկային աճ է նշվում: Օրինակ՝ արտաքին առևտրի ոլորտում գրանցվել է 43․2 տոկոս աճ, իսկ առանձին արտահանումը՝ 41, ներմուծումը՝ 44․4 տոկոս: ԱՎԾ-ն դեռ չի հրապարակել այդ վիճակագրության առավել մանրամասն տվյալները, ամենայն հավանականությամբ, դրանք այս շաբաթ կներկայացվեն, բայց թե՛ անցած տարվա, և թե՛ այս տարվա միայն հունվար ամսվա օրինակով կարելի է եզրակացնել, որ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման կառուցվածքում նորից զգալի ծավալ կունենան հանքաարդյունաբերության և պատրաստի սննդի արտադրանքը: Անցած տարվա օրինակով կարող ենք եզրակացնել, որ առանձին ապրանքատեսակների արտահանման ու ներմուծման դեպքում կտրուկ աճ եղած կլինի: Հունվարի տվյալներով՝ նույն կառուցվածքում առանձին ապրանքախմբերի արտահանման ու ներմուծման թռիչքաձև աճը բավականին արտասովոր, ինչու չէ՝ խնդրահարույց կարող է լինել: Օրինակ՝ կենդանիների և կենդանական ծագման ապրանքների արտահանումն աճել է ավելի քան 82 տոկոսով, կաշվի հումք, կաշի, մորթի և դրանցից պատրաստված իրերը՝ մոտ կրկնակի անգամ: Թռիչքաձև՝ 64․8 տոկոսով աճ են ունեցել նույն՝ կենդանական ծագման ապրանքների, ինչպես նաև 36․8 տոկոս բուսական ծագման, 46․1 տոկոս պատրաստի սննդի, 55․6 տոկոս էլ՝ պլաստմասա և դրանցից իրերի, կաուչուկ և ռետինե իրերի: Իսկ սարքերի և ապարատների ներմուծումն ավելացել է ավելի քան 4 անգամ:

Տնտեսության մյուս ոլորտներից զգալի՝ 17․4 տոկոս աճ է նշվում առևտրի և 15․1 տոկոս աճ էլ ծառայությունների ծավալի դեպքում: Ահա այս ոլորտները նպաստել են, որ մեր տնտեսությունն այս տարվա առաջին երկու ամիսներին ունենա 8․6 տոկոս ակտիվություն: Տարվա առաջին ամիսները միշտ էլ տնտեսապես պասիվ ամիսներ են, այդպիսով կարող ենք եզրակացնել, որ ԱՎԾ-ն երկրորդ կամ երրորդ եռամսյակներին մեզ ավելի մեծ թվերով աճ է ներկայացնելու:

 

Գոհար Ավետիսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031