Հարգելի պարոն Կարապետյան,
«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ Ասոցիացիա), ստեղծված է աջակցելու ՀՀ-ում գործունեություն ծավալող Փոքր և Միջին ձեռնարկատերերին: Պաշտոնապես գրանցված չորս տարիների ընթացքում, Ասոցիացիան կարողացել է իր շուրջը հավաքել ավելի քան 500 Ասոցիացիային անդամագրված ՓՄՁ ներկայացուցիչներ:Մինչ այժմ, պետություն-մասնավոր ստացված երկխոսություն միջոցով կարողացել ենք լուրջ փոփոխությունների հասնել ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրական դաշտում՝ ներդնելով ինչպես նոր այլընտրանքային հարկման ռեժիմներ, այնպես էլ փոփոխության ենթարկելով մի շարք իրավական ակտերում, որոնք վերաբերում են ՓՄՁ-ներին: Ի թիվս այլ գործառույթների, Ասոցիացիան, իր կանոնադրությունով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, հանդես է գալիս Ասոցիացիայի անդամ հանդիսացող ՓՄՁ սուբյեկտների շահերի պաշտպանության հարցերով, վերջիններիս անունից ներկայացնում դիմումներ, առաջարկություններ, առարկություններ ՀՀ պետական մարմիններում, գանգատարկման և այլ հանձնաժողովներում, դատական մարմիններում:
Ասոցիացիան մշտապես կարևորում է պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, գիտակցելով, որ երկխոսության միջոցով է հնարավոր մաս կազմել մեր երկրի պետական շինարարությանը: Երկխոսության համար ստեղծված հարթակների միջոցով, պետական մարմիններին հասցնել Ասոցիացիայի անդամ և շահառու հանդիսացող մեր երկրի փոքր և միջին ձեռնարկատերերի խնդիրները:
Ասոցիացիան ընդգրկված է նաև ՀՀ վարչապետին կից և նախագահությամբ գործող ՓՄՁ Զարգացման խորհրդում, հանդիսանում է այդ խորհրդի լիիրավ անդամ: Ինչպես գիտեք, ՓՄՁ Զարգացման խորհուրդը ստեղծվել է ՀՀ վարչապետի Թիվ 638-Ն որոշումով, առ 07.07.11թ-ի, որն այնուհետև փոփոխության է ենթարկվել Ձեր` Թիվ 505-Ն որոշումով, առ 31.07.17թ-ի:
Ըստ վերոհիշյալ խորհրդի աշխատակարգի, խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ, իսկ Ձեր որոշմամբ կատարված փոփոխությունով, նիստերը պետք է գումարվեին տարեկան առնվազն չորս անգամ:
Ձեր վարչապետության օրոք, գումարվել է ընդամենը երկու նիստ` Թիվ 16-րդ նիստը 2016թ-ի դեկտեմբերի 2-ին և Թիվ 17-րդ նիստը 2017թ-ի հուլիսի 7-ին, որի օրակարգի հարցերը կիսատ մնալու պատճառով քննարկվեց հուլիսի 14-ին:
Ինչպես հիշում եք, հենց այդ վերջին նիստին, մեր և մեր գործընկեր կառույցների ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված, ՀՀ «Հարկային օրենսգրքում» տեղ գտած մի շարք խնդրահարույց հարցեր՝ հանրային սննդի ոլորտի հարկման, ՀԴՄ կտրոնների ծախսի ճանաչման, շահաբաժինների հարկման և այլն, դարձան օրենսդրական փոփոխություն կատարելու առիթ և տեղ գտան 2017թ-ի դեկտեմբերի 21-ին, ՀՀ ազգային ժողովի կողմից վավերացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում: Նույն նիստում Դուք խոստացաք, որ այսուհետ մենք՝ խորհրդի անդամներս, կպահպանենք խորհրդի աշխատակարգը և ըստ սահմանված ժամկետների կհանդիպենք կքննարկենք ՓՄՁ-ներին հուզող տվյալ պահին արդիական հարցերը: Մենք մեր կողմից, ինչպես սահմանված է խորհրդի աշխատակարգով, վերջին նիստից մինչ այժմ ներկայացրել ենք մի շարք հարցեր խորհրդի քարտուղարությանը և համբերատար սպասել քննարկումների:
Արձանագրելով փաստերը, ելնելով այն հանգամանքից, որ խզված է խորհրդի նիստեր հրավիրելու միջոցով երկխոսությունը, հաշվի առնելով այն, որ Ձեր խիստ ծանրաբեռնված գրաֆիկը թույլ չի տալիս խորհրդի նիստեր հրավիրել, իսկ այս տարվա առաջին եռամսյակը ևս մոտենում է ավարտին, մենք կփորձենք Ձեզ հետ երկխոսել «Բաց Նամակներով», յուրաքանչյուր «Բաց Նամակում» ներկայացնելով մեկ խնդիր: Խուսափելու համար, յուրաքանչյուր խնդրի շուրջ ներկայացված գրությունն անվերջ կարծիքների համար պտտվող պրակտիկայից.
Սույնով, Ձեր դատին ենք ներկայացնում, ՀՀ-ում Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման խնդիրը: Համաձայն ՀՀ կառավարության Թիվ 1419-Ն 2012թ-ի որոշմամբ ստեղծվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, որին լիազորվեց հսկիչ-դրամարկղային մեքենաների վաճառք, ներդրում, ներկրում: Այդ պահից սկսած ՀՀ-ում գործող մեկ տասնյակից ավելի պրոֆեսիոնալ ընկերություններ, ովքեր զբաղվում էին հսկիչ-դրամարկղային մեքենաներ ներմուծելով, վաճառքով, վերանորոգումով պարզապես դուրս շպրտվեցին այդ շուկայից: Մենք ինքներս թույլ տվեցինք, որպեսզի մեր երկրում գոյանա մենաշնորհային դիրք և լիազորություններ ունեցող ՊՈԱԿ, որն էլ իր հերթին մրցակցությունից դուրս շպրտեց այդ ոլորտի առևտրային ընկերություններին:
«Նոր սերնդի» հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման վերջնաժամկետների, դրանց հետաձգումների, վաճառքի գների մասին կառավարության որոշումները սկսած 2013թ-ից արդեն գերազանցում են մեկ տասնյակը: Իրար փոփոխող այդ որոշումները պայմանավորված են եղել կամ բիզնես շահերը ներկայացնող կառույցների կողմից ներկայցված գրություններից, կամ այդ պահին վերոհիշյալ ՊՈԱԿ-ը պատրաստ չի եղել ապահովել կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներով ՀԴՄ-երի մատակարարումը: ՀԴՄ-ների գները առաջին փուլում սահմանված են եղել ավելի քան 300,0 հազար դրամ, ապա վերոհիշյալ ՓՄՁ զարգացման խորհրդում հարցը ներկայացվելուց հետո սահմանվել էր տարանջատված գներ՝ 280,0 հազ և 150,0 հազար դրամ: Այնուհետև փոքր ձեռնարկատերերի համար սահմանվեց 60,0 հազար, սահմանամերձ և գյուղական համայնքների համար փոխհատուցման մեխանիզմներ և այլն: Նախորդ տարի, ՀՀ կառավարության Թիվ 861-Ն որոշմամբ ՀԴՄ-ների իրացման գների սահմանման լիազորությունը վերապահվեց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին: Ի վերջո, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահը սահմանեց մեկ միասնական ՀԴՄ-ների իրացման գին՝ 160,0 հազար դրամ, բոլոր տնտեսվարողների համար, սկսնակ, սահմանամերձ համայնքի, ընտանեկան ձեռնարկատիրության հարկման ռեժիմում գտնվող, թե խոշոր հարկատուների համար: Ինչպես տեսնում եք, փորձեցինք հնարավորինս կարճ նկարագրել ընդամենը մեկ խնդիր, որն արդեն մոտ հինգ տարի, ենթարկվում է կարկատանների և չենք կարողանում վերջնականապես լուծել այն այնպես, որպեսզի այս հարցում ունենանք հստակ, իրավաչափ, երկարատև խաղի կանոն: Եվս մեկ անգամ չենք անդրադառնում նաև այն հարցին, թե քանի անգամներ ենք ականատես եղել պարզապես ՀԴՄ-ների բացակայության պատճառով՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում ՀԴՄ չլինելու խնդրի պատճառով սկսնակ բիզնեսին խոչընդոտելու հարցերին, որի մասին, մեր նախորդ տարվա միակ ՓՄՁ զարգացման խորհրդի նիստին ևս, Ձեր ներկայությամբ բարձրաձայնվել է:
Ելնելով վերոգրյալից, խնդրում ենք Ձեզ՝
1.Ազատականացնել ՀԴՄ-երի ներմուծման, վաճառքի և սպասարկման ոլորտը, թույլատրելով դաշտում գործել ազատ տնտեսվարողների, որն, ինչպես նախկինում, կբերի ազատ մրցակցության, սպասարկման որակի լավացման, գների շուկայական ձևավորմանը;
2.Այս պահին, սահմանել ՀԴՄ-երի համար տարանջատված սակագներ՝ փոքր, սկսնակ, սահմանամերձ, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար առավել նվազ սակագին, խոշորների համար հակառակը;.
3.Սահմանել խրախուսման մեխանիզմներ այն տնտեսվարողների համար, ովքեր «Նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրումը կկատարեն ինքնակամ, մինչև նրանց համար սահմանված վերջնաժամկետները:
Շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքներով,
«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» տնօրեն՝ Հակոբ Ավագյան