Մարտի 29-31-ը Երեւանում կայանալիք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսում ներկայացված կլինեն 10 երկրի 30 կազմակերպություններ, տեղական արտադրողներ, կկազմակերպվեն թեմատիկ քննարկումներ եւ համաժողովներ: Այս մասին այսօր ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը: Նրա փոխանցմամբ՝ կկազմակերպվի նաեւ փակ ցուցադրություն, որում կներկայացվեն սպառազինության ամենավերջին մշակումները:
Անդրադառնալով նշյալ ընկերությունների հետ գործակցության հնարավորություններին՝ Փախչանյանը հայտնեց, որ, օրինակ, ռուսական որոշ ընկերությունների հետ արդեն իսկ գործակցում են. «Ներկայումս բանակցում ենք հնդկական երկու խոշոր ընկերությունների հետ»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ներկայումս որքան է կազմում բանակում հայկական արտադրանքի տոկոսը, եւ թե առայժմ ինչ չի կարող արտադրել Հայաստանը: «Կարեւոր ուղղություններում արդեն հաջողություններ ենք գրանցել, օրինակ՝ ռադիոլոկացիա, հետախուզություն, ռոբոտացված համակարգեր, օպտիկա-լազերային տեխնիկա: Այս ոլորտներում հնարավորություններ ունենք եւ շեշտադրում ենք ունենալ հայկական սպառազինություն: Այն, ինչը չենք կարող՝ տանկեր, ՀՕՊ համակարգեր…տեխնոլոգիական տեսանկյունից դեռ նման հնարավորություններ չկան, բայց արդիականացման քայլեր ենք իրականացնում»:
Փոխնախարարը հավելեց, որ բանակի սպառազինության մի մասը արտադրվում է Հայաստանում, այդ քանակն առաջիկայում կավելանա՝ ՌԴ-ից տրամադրվող վարկի շրջանակում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ