Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան իրենց ձայնը լսելի դարձնելու ԱԺ ամբիոնից

Մարտ 28,2018 10:24

Հայտարարություն խորհրդարանական լսումների վերաբերյալ

Այսօր` մարտի 28-ին, կայանալու են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի խորհրդարանական լսումները։ Հասարակական մի շարք կազմակերպություններ արդեն հայտնել են լսումները խորհրդարանում անցկացնելու պահանջը: Չնայած դրան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը որոշել են քննարկումը կազմակերպել «Կոնգրես» հյուրանոցում։

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպությունը, որը ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, կարեւորում է օրենքի նախագծի քննարկումը ՀՀ Ազգային ժողովում մի շարք պատճառներով.
Ինչպես մյուս քաղաքացիները, այդպես էլ հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիները նախեւառաջ պետք է հնարավորություն ունենան իրենց ձայնը լսելի դարձնելու ԱԺ ամբիոնից: Խորհրդարանում իրականացնելու դեպքում կապահովվի պատգամավորների լայն մասնակցություն, Ազգային ժողովում տեղի ունեցող լսումները ուղիղ հեռարձակվում են Ազգային ժողովի պաշտոնական կայքում, ինչը քննարկումը հասանելի է դարձնում ավելի մեծ լսարանի համար։

«Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպությունը օրենքի նախագծման տարբեր փուլերում իր ներդրումն է ունեցել նախագծի բարելավման համար՝ ներկայացնելով տասնյակ առաջարկություններ։

Խորհրդարանական լսումներ անցկացնելու որոշումից անցել է 34 օր, ուստի այս ընթացքում Ազգային ժողովը կարող էր բավարար ռեսուրսներ տրամադրել մատչելիության ապահովման նպատակով, ինչը փաստացի չի արվել։ Բացի այդ, հյուրանոցում խորհրդարանական լսումներ կազմակերպելը ենթադրում է հավելյալ ծախսեր, որի գումարը կարող էր ուղղվել Ազգային ժողովի շենքում հարմարեցումներ կատարելուն։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ նախագծի քննարկումը Երեւանի հյուրանոցներից մեկի սրահում կազմակերպելը համարում ենք անընդունելի, եւ հայտնում ենք, որ «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ն չի մասնակցի լսումներին։

«Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ թիմ

«Առավոտ»

28.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031