Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինն ինքը բացահայտեց սպառազինության մրցավազք սկսելու նպատակը»

Մարտ 28,2018 12:00

Ըստ «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի՝ այդ կերպ ՌԴ նախագահը ցանկացած գնով փորձում է ստիպել, որ իր հետ բանակցեն:

– Մարտի 18-ին Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններում անակնկալներ, իհարկե, չէին սպասվում, բոլորի համար էր պարզ, որ Վլադիմիր Պուտինի հաղթանակն անխուսափելի է: Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանը որպես գործընկեր դաշնակիցների համար, մասնավորապես՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ի՞նչ կարելի է սպասել:

– Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այլ տարբերակ, քան արդեն ավանդական վասալային հարաբերություններն են, պետք չէ ակնկալել: Հորիզոնական հարաբերությունների հնարավորություն, համենայնդեպս պուտինյան Ռուսաստանի հետ, այլեւս չի լինելու:

Ավելի գլոբալ առումով դաշնակիցների հետ հարաբերվելիս Ռուսաստանը կշարունակի օժանդակել ավտորիտար կամ բռնատիրական վարչակարգերին, խոչընդոտել տեխնոլոգիական, տնտեսական ու սոցիալ-մշակութային զարգացմանը, հնարավորինս թուլացնել պետականության հիմքերը:

– Պուտինը, հանդիսանալով Ռուսաստանի կայունության, ռազմական հզորության խորհրդանիշ, միաժամանակ մատնացույց արեց այսօրվա Ռուսաստանի խնդիրները՝ հետամնացությունը, ստեղծագործական հզորության ապահովման անհրաժեշտության մասին խոսեց: Ինչպիսի՞ն կլինի պուտինյան Ռուսաստանի ապագան վեց տարիների ընթացքում, ի՞նչ է սպասվում ՌԴ-ին 2024 թվականից հետո, երբ լրանա Վլադիմիր Պուտինի նախագահության չորրորդ ժամկետը:

– Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Պուտինի կողմից արդեն 18 տարի կառավարվող, ծնկներից վեր կացած երկիրը հետամնաց է մնացել, դեռ ինչքա՞ն ժամանակ է իրեն պետք հետամնացությունը հաղթահարելու համար: Իրականում դա Պուտինի, ու ոչ միայն իր, ծանոթ ոճն է. խոստանալ ինչ-որ հրաշքներ ապագայում՝ չանդրադառնալով այդպես էլ իրականություն չդարձած նախկին խոստումներին. կարող ենք բազմաթիվ նման թեմաներ վերհիշել՝ Իրան-Հայաստան երկաթուղուց, «Տատրա» բեռնատարների գործարան:

Պուտինի կայունության ու հզորության խորհրդանիշ հանդիսանալու առումով. նրա կերպարով ու ելույթներով հիացող ռուսները հավանաբար ընդունակ չեն նկատելու նույնիսկ ակնհայտ հակասությունները: Ստեղծագործական հզորության զարգացումը, տնտեսական մոդեռնիզացիան ու քաղաքացիների բարեկեցության ապահովումն անհնար են ազատ մրցակցությանը խոչընդոտող, ռեսուրսները սեփական շահերին ծառայեցնող կոռումպացված բյուրոկրատիա եւ ուռճացված ուժային կառույցներ ունեցող ոստիկանական պետությունում: Առավել եւս, ահռելի ծախսեր պահանջող սպառազինության մրցավազքն անհամատեղելի է բարեկեցության հետ: Սա բնականաբար Հայաստանին էլ է վերաբերում՝ «Ազգ-բանակ» հայեցակարգի հետ կապված. Ռուսաստանի ստվերում գտնվող ու կոռումպացված համակարգով Իսրայել չեն դառնում:

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ապագային, այն առայժմ կմնա պրոպագանդայի միջոցով ստեղծված «պաշարված ամրոցի» կարգավիճակում՝ բռնատիրության էլ ավելի խորացման պայմաններում: Իսկ 2024 թ. հետո Ռուսաստանին հավանաբար սպասվում է Պուտինի հաջորդ ժամկետը, եթե մինչ այդ իր անձի հետ կապված որեւէ ֆորս-մաժոր տեղի չունենա, կամ էլ սպառազինությունների նոր մրցավազքի արդյունքում Ռուսաստանը չսնանկանա՝ ինչպես նախկինում ԽՍՀՄ-ը:

– Դեռ նախընտրական շրջանում ՌԴ նախագահի հարցազրույցներում կարմիր թելով անցնում էր Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը: Ակնհայտ է, որ ՌԴ ղեկավարը ձգտում է այդ հարաբերությունների կարգավորման կամ գոնե ակնկալում է ԱՄՆ նախագահից հարաբերությունների թուլացման ուղղությամբ քայլեր: Նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ եւ ՌԴ նախագահները հեռախոսազրույց են ունեցել, Թրամփը շնորհավորել է Պուտինին հաղթանակի կապակցությամբ: Ավելին՝ ամերիկյան մամուլը գրել էր, որ Թրամփի օգնականները խորհուրդ էին տալիս նրան չշնորհավորել, մինչդեռ Թրամփը հայտարարեց, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն՝ նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում, իսկ ԱՄՆ նախագահը հայտնել է, թե կարծում է, որ մոտ ապագայում կհանդիպեն՝ սպառազինության մրցավազքը քննարկելու համար: Պուտինի խոսնակն էլ հայտնեց, որ նախագահները պայմանավորվել են հանձնարարել ԱԳ նախարարներին նման հանդիպման նախապատրաստման աշխատանքներ սկսել: ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում լարվածության թուլացում կարելի՞ է ակնկալել Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքում:

– Աշխարհակարգի վերաբերյալ պուտինյան պատկերացումների տեսանկյունից «հարաբերությունները կարգավորել» նշանակում է ընդամենը մեկ բան. պայմանավորվել ազդեցության գոտիների վերաբերյալ: Նման փորձեր հնարավոր են, բայց ամերիկյան քաղաքական համակարգը, որում Կոնգրեսը, ի տարբերություն ՌԴ Պետդումայի, իրական խորհրդարան է, ոչ թե փաստացի միապետի կամքով գործող «դակիչ», դրան կընդդիմանա: Բացի այդ, Պուտինի մտածելակերպը ենթադրում է, որ հնարավոր է ձեւավորել ազդեցության գոտիներ՝ առանց դրանում պոտենցիալ հայտնվողների կարծիքը հարցնելու, սակայն, օրինակ, Վրաստանի եւ Ուկրաինայի վարած քաղաքականությունը չի ենթադրում, որ նրանք հեշտությամբ կարող են հրաժարվել միջազգային հարաբերությունների սուբյեկտի կարգավիճակից՝ վերածվելով օբյեկտի: Ինչ վերաբերում է Սիրիային, այնտեղ ներգրավված տարածաշրջանային դերակատարներն այնքան շատ են, որ Ռուսաստանի գլխավոր դեր խաղալու հավակնություններն ուղղակի անհիմն են:

– ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգի զարգացման ծրագրին ի պատասխան՝ ՌԴ-ն ստեղծել է նոր միջուկային հրթիռներ, որոնք ի զորու են շրջանցել ամերիկյան հակահրթիռային համակարգը՝ ասաց ՌԴ նախագահը Դաշնային ժողովին իր ամենամյա ուղերձի ընթացքում՝ ցուցադրելով նոր հրթիռների փորձարկումների տեսահոլովակները եւ վստահեցնելով, որ ցուցադրվածը դեռ ամբողջ նոր սպառազինությունը չէ. «Ռուսական բանակն է՛լ ավելին ունի»: Դիմելով ԱՄՆ-ին՝ նա ասաց. «Մեզ ոչ ոք չէր ուզում լսել։ Հիմա գոնե լսեք: Եթե Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ որեւէ միջուկային զենք կիրառվի, փոքր կամ միջին, կամ որեւէ այլ հեռահարության զենք, մենք դա դիտելու ենք որպես հարձակում մեր երկրի վրա եւ անհապաղ պատասխան ենք տալու»: Նա անգամ հստակեցրեց, որ եթե լինի ՌԴ-ն ոչնչացնելու վտանգ, Մոսկվան, իհարկե, միջուկային զենք կկիրառի՝ հասկանալով, որ դա «կարող է կործանիչ լինել ամբողջ աշխարհի համար». «Իսկ մեր ինչի՞ն է պետք աշխարհն առանց Ռուսաստանի»: Կլսի՞ Պուտինին աշխարհը, դա պարզապես ուժի ցուցադրությո՞ւն էր նրա կողմից, թե՞ հստակ հաշվարկ՝ ինչպես հասնել նրան, որ ՌԴ-ի հետ հաշվի նստեն:

– Նախեւառաջ, Ռուսաստանի, առավել եւս՝ նրա դաշնակիցների վրա հարձակվել ոչ ոք չի պատրաստվում, այն էլ՝ միջուկային զենքի կիրառմամբ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգին, այն փոքրաթիվ քանակի հրթիռներ կարող է խոցել ու Ռուսաստանի դեմ չի ուղղված՝ որքան էլ ռուսական քարոզչությունը հակառակը պնդի: Ինչ վերաբերում է տեսահոլովակներին, դրանք հյուսիսկորեական քարոզչության ոճն են հիշեցնում: Պուտինն ինքը փաստորեն բացահայտեց սպառազինության մրցավազք սկսելու նպատակը՝ ստիպել, որ իր հետ բանակցեն, այսինքն՝ իր քաղաքականության շնորհիվ «իզգոյ» երկրի վերածված Ռուսաստանի հետ հաշվի նստեն: Հյուսիսկորեական միջուկային շանտաժի ոճն է, որով Կիմն էլ կարծես թե հասավ Թրամփի հետ հանդիպման հնարավորությանը:

– Եվրոպական մի շարք երկրներում վերջին շրջանում ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնում ռուսաստանյան «թրենդը». Ռուսաստանի նկատմամբ ավելի մեղմ դիրքորոշում որդեգրելու, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներից հրաժարվելու ուղղությամբ: Ինչո՞վ եք դա բացատրում: Եվ ընդհանրապես՝ այս ընթացքում Արեւմուտքի կոշտ քաղաքականությունը ի՞նչ արդյունքներ տվեց: Տպավորություն է, որ Արեւմուտքի կոշտ քաղաքականությունը ոչ ՌԴ իշխանություններին, ոչ էլ հասարակությանն առանձնապես չընկճեց:

– Եվրոպական երկրներում Ռուսաստանն ահռելի միջոցներ է ծախսում քաղաքական ազդեցություն ձեռք բերելու համար, բացի այդ, զանազան «շրյոդերների» դիրքերը տնտեսության եւ բիզնեսի ոլորտում բավական ամուր են, լոբբիզմը շարունակական բնույթ է կրում:

Պատժամիջոցները, իհարկե, բավարար չեն Ռուսաստանի բնակչությանը ապստամբության դրդելու համար, սակայն անհնար է պնդել, որ դրանք արդյունք չեն տվել:

Իհարկե, մինչ օրս կիրառված մեղմ պատժամիջոցները բավարար չեն այս կամ այն երկրի տարածքից օկուպացիոն զորքերի դուրսբերում պարտադրելու համար, սակայն դրանց թերեւս ամենակարեւոր գործառույթը հետագա ագրեսիան զսպելն է. առանց պատժամիջոցների Ռուսաստանը կշարունակեր գործողությունները «Նովոռոսիայի» ստեղծման ուղղությամբ, Մերձդնեստրյան տարածաշրջան հասնելու փորձ կաներ եւ այլն:

– Լարվածության նոր փուլ է Մեծ Բրիտանիա-Ռուսաստան հարաբերություններում: Լոնդոնը հայտարարում է, որ ապացույցներ ունի, որ ՌԴ-ն վերջին տասը տարիների ընթացքում արտադրել եւ կուտակել է նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութի պաշարներ, որով թունավորվել են ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը: Մոսկվան շարունակում է պնդել, թե որեւէ առնչություն չունի Բրիտանիայի օգտին լրտեսության համար դատապարտված, ապա Արեւմուտքում բացահայտված ռուս լրտեսների հետ փոխանակված Սկրիպալի թունավորման հետ: Պուտինը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ պահն էր անհարմար. «Առողջ բանականությամբ յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ լիակատար անհեթեթություն եւ զառանցանք է կարծել, թե Ռուսաստանում ինչ-որ մեկն իրեն թույլ կտար նման քայլի գնալ նախագահական ընտրությունների եւ Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին»: Իսկապե՞ս պետք էր Պուտինին նման գլխացավանք:

– Ենթադրվում է, որ քանի որ սպանության փորձի համար կիրառված նյութն ու հետեւաբար Ռուսաստանի ներգրավվածությունն անպայման կբացահայտվեին, դա Ռուսաստանին համար ձեռնտու չէր: Սակայն ընտրություններից առաջ «պաշարված ամրոցի» հոգեբանությունն ու հզոր առաջնորդի կերպարն առավել ամրապնդելուն կատարվածը չխանգարեց: Բացի այդ, նորմալ պայմաններում նման գլխացավանք ոչ ոքի պետք չէր լինի, բայց թունավորումը տեղավորվում է արդեն իսկ հիշատակված շանտաժի համատեքստի մեջ. խաղադրույքները կարող են բարձրացվել, որպեսզի ցանկացած գնով ստիպի, որ իր հետ բանակցեն:

«Նովիչոկ» նյութի վերաբերյալ տրվող բացատրություններն էլ են ենթադրում, որ Ռուսաստանն իր ներգրավվածությունը թաքցնելու պատճառներ ունի: Այսպես, ռուսական պաշտոնական աղբյուրներն արդեն մի քանի տարբեր վարկածներ են առաջ քաշել, որ նման նյութ առհասարակ գոյություն չի ունեցել, որ եղել էր, բայց ամբողջությամբ ոչնչացվել էր, որ մի մասը, այնուամենայնիվ, չի ոչնչացվել եւ կարող էր հայտնվել պետության հետ չկապված հանցավոր խմբավորումների ձեռքում, որ նյութը հենց արտասահմանում է պատրաստվել եւ այլն: Այսինքն՝ տարբեր, հաճախ իրար հակասող վարկածներ են, նմանատիպ պատկեր եղել էր նաեւ MH-17 չվերթի օդանավը ոչնչացնելուց հետո, կարելի է նաեւ վերհիշել դեռեւս խորհրդային քարոզչության նմանատիպ գործողությունը՝ 1983 թ. հարավկորեական ուղեւորատար օդանավը ոչնչացնելուց հետո:
Ու եւս մի հանգամանք. ռուսական քարոզչությունն ակնհայտորեն որդեգրել է նաեւ ժամանակակից ահաբեկչական խմբավորումների սիրված քարոզչական հնարքը. նախկինում՝ 70-80-ական թթ. «կարմիր բրիգադները» եւ այլ խմբավորումներ գործողություն կատարելուց հետո ստանձնում էին դրա պատասխանատվությունը, մինչդեռ այժմ ահաբեկչական գործողություններին հետեւում է մոտավորապես հետեւյալ ոճով արդարացում. «Դա մենք չենք արել, մեր թշնամիներն են այդպիսով ուզում մեզ վարկաբեկել, բայց զոհն արժանի էր մահվան»: Ահա այդպիսի մակարդակի է հասել Ռուսաստանը՝ Պուտինի եւ առհասարակ կլեպտոկրատ վերնախավի շնորհիվ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 27.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031