Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շքեղ հյուրանոցի 1000 սենյակների դռները փոխել են տվել, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց էլ հարմար լինի

Մարտ 28,2018 15:00

Միջազգային փորձագետ Ջոն Վոդաչը պատմում է, թե ինչպես են ԱՄՆ-ում նախագահի, Կոնգրեսի մակարդակով պայքարել, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության լիարժեք անդամ դառնան:

«1979-ին, երբ ես սկսեցի իմ աշխատանքը, ԱՄՆ-ում հաշմանդամություն ունեցող անձինք լավ վիճակում չէին գտնվում, նրանք կրթված չէին, տանն էին փակված, եւ նույնիսկ ընտանիքներում կային կարծրատիպեր, նրանք ամաչում էին, որ ընտանիքում ունեն հաշմանդամություն ունեցող անձ: Հիմա դուք ավելի լավ վիճակում եք, քան այն ժամանակ՝ մենք»,- «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում ասում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների գծով փաստաբան, միջազգային փորձագետ պարոն Ջոն Վոդաչը, որը Հայաստան է ժամանել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման» մասին նախագծի բարելավմանն ուղղված քննարկումներին մասնակցելու, իր փորձով կիսվելու եւ մեր երկրում որոշումներ կայացնող կառույցների ղեկավարների հետ հանդիպելու նպատակով:

Ինչպես պարոն Վոդաչն է ասում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենքներն ԱՄՆ-ում էլ պարբերաբար բարեփոխվել են, սակայն 1990-ականներին հասկացել են, որ ավելի լավ օրենքի կարիք ունեն. «Աշխատելով ե՛ւ Կոնգրեսի, ե՛ւ հաշմանդամություն ունեցող անձանց հետ, մենք կարողացանք գրել մի շատ համապարփակ օրենք, որն ավելի ընդլայնված էր, եւ որում ներգրավված էին շատ ավելի հարցեր: Այդ օրենքը կարողանում էր ծածկել Ամերիկայի կյանքի բոլոր ոլորտները, այդ թվում` տրանսպորտը, կինոթատրոնները, կրթական օջախները: Իսկ ամենակարեւոր բանը, որը պետք է անեինք, հանրային իրազեկումն էր, թե ինչպես են հաշմանդամություն ունեցող անձինք ենթարկվում խտրականության: Մեր նշած կարեւորագույն կետերից մեկն այն էր, որ հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն նույն դասարանում մյուս երեխաների հետ: Ավտոբուսները, գնացքները եւ մետրոն պետք է լինեն մատչելի, եւ գործատուներին պետք է խրախուսեին, որպեսզի իրենք աշխատանքի վերցնեն հաշմանդամություն ունեցող անձանց»:

«Առավոտ»-ի լրագրողի հարցին` ի՞նչ պետք է անել, երբ շատ պաշտոնյաներ, օրենք գրողներ հենց իրենք ունեն կարծրատիպեր եւ հակված չեն օրենքն այնպիսին դարձնել, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց հասարակության լիարժեք անդամ զգան կամ ընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների առաջարկները, որոնք ներկայացնում են այս կամ այն օրենքի նախագծի քննարկման ժամանակ, պարոն Վոդաչը պատասխանեց, որ իրենց երկրում էլ այդ փոփոխությունները ժամանակի ընթացքում են իրականացվել. «Մենք ունեինք շատ համապարփակ սահմանում, թե ինչ է իրենից ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձը: Այդ սահմանման մեջ մտնում էին այն անձինք, որոնք ունեին շաքարային դիաբետ կամ ՄԻԱՎ վարակ, նույնիսկ ալկոհոլային կամ դեղերից կախվածություն, մարդիկ, որոնք ունեին մտավոր կամ ինտելեկտուալ խնդիրներ: Մենք երկար ժամանակ անցկացրինք՝ պատմելով խտրականության պատմություններ, եւ մարդիկ սկսեցին իրենց վերաբերմունքը ցույց տալ այդ ամենի հանդեպ, որովհետեւ հասկանում էին, որ այդ խտրական վերաբերմունքը սխալ է:

Տարիներ պահանջվեց, որպեսզի մարդկանց վերաբերմունքը մենք կարողանայինք փոխել: Մենք մեր կառավարությունում ունեինք առաջնորդներ, որոնք այս հարցերի շուրջ շատ լուրջ էին տրամադրված, եւ իրենք էլ էին ուզում, որպեսզի այս փոփոխությունները տեղի ունենան: Կոնգրեսում կային առաջնորդներ, կոնգրեսականներ, եւ նույնիսկ ԱՄՆ նախագահն իր ընտանիքում ուներ հաշմանդամություն ունեցող անդամներ, եւ նրանք ուզում էին խոսել եւ ցանկանում էին, որ իրենց երկրում այս փոփոխությունը տեղի ունենա:

Մենք ԱՄՆ-ում 60-70-ական թվականներից Վիետնամի պատերազմից հետո երկրում ունեինք հաշմանդամություն ունեցող շատ զինվորականներ, վետերաններ, եւ մարդիկ ուզում էին, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը դրական լինի:

Հենց հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունները` լսողության խնդիրներ ունեցողների, տեսողության խնդիրներ ունեցող անձանց կազմակերպությունները, երկար ժամանակ էին ծախսում, որ կարողանային կրթել մարդկանց»: Ըստ պարոն Վոդաչի՝ մինչ օրս էլ շարունակվում է մարդկանց կրթելու գործընթացը. «Երբ մենք սկսում էինք այդ գործընթացը, դրանից հետո կյանքը շատ-շատ է փոխվել: Շատ տարբեր է, քան այն ժամանակ: Բայց մենք էլի ճանապարհ ունենք անցնելու»:

Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանում դեռեւս 90-ական թվականներից օրենքներում ամրագրված է, որ շենք-շինությունները պետք է լինեն հարմարեցված, բայց մենք տեսնում ենք շենքեր, անգամ նորակառույցներ, որոնք առանց այդ հարմարությունների են շահագործման հանձնվում, եւ ո՛չ շինարարները, ո՛չ էլ շենքերի սեփականատերերը պատասխանատվության չեն ենթարկվում այդ չափորոշիչները չպահպանելու համար, Ջոն Վոդաչը պատասխանեց. «Ես կառավարությանը բազմիցս ասել եմ, որ օրենքը չի կարող ուժեղ լինել, մինչեւ որ չունենա կիրարկման մեխանիզմներ, որոնք ներկայումս բացակայում են:

Մենք երկու բան ենք արել` առաջինը շինարարներին, ճարտարապետներին կրթելն էր, որպեսզի իրենք հասկանային՝ ինչ է պահանջում օրենքը: Երկրորդ` իմ գրասենյակը ընդունում էր բողոքները, եւ հետամուտ էին լինում, որպեսզի դրանք ստանային պատշաճ արձագանք եւ կարողանային լուծում ստանալ»:

Պարոն Վոդաչը պատմեց, թե ինչպես են դատի տվել Լաս Վեգասի մի շքեղ հյուրանոցի սեփականատերերին, որոնց հյուրանոցի բոլոր դռները տեղադրվել էին չափորոշիչների խախտումներով. «Մի մեծ շատ շքեղ, 1000 սենյականոց հյուրանոց կառուցվեց, բայց երբ նայեցինք` տեսանք, որ բոլոր դռները սխալ էին կառուցված, մենք իրենց դատի տվեցինք եւ ստիպեցինք, որ բոլոր դռները փոխեն, դա իրենց վրա նստեց միլիոնավոր դոլարներ, բայց երբ սա արեցինք, մյուսներն ասացին` ավելի լավ է պահենք օրենքի չափանիշները, քան մեզ դատի տան, ու մենք էլ այսքան գումարներ տուժենք»:

«Առավոտի» այն հարցին, թե երբ լրագրողները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող հ/կ-ները պարբերաբար խնդիրներ են բարձրացնում անմատչելի միջավայրին առնչվող, քաղաքային իշխանությունները հաշվետվություններ են ներկայացնում, թե քանի թեքահարթակ են կառուցել, քանի անցում հարմարեցրել: Արդյո՞ք հարմարեցված միջավայր ասելով միայն դա ենք հասկանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր պարագայում ե՛ւ կառավարությունը, ե՛ւ մենք կարող էինք դատի տալ, եւ հաշմանդամություն ունեցող անձը ինքնին կարող էր գնալ դատի տալ, որ ինքը մատչելիություն չի ստանում, որովհետեւ օրենքը պահանջում էր, որ ամեն ինչ պետք է լինի մատչելի բոլոր անձանց համար: Եվ այստեղ մատչելիությունը չէր սահմանափակվում միայն թեքահարթակներով, շենք-շինությունների մատչելիությամբ, մենք մեր ժամանակի մեծ մասը ծախսում էինք, որպեսզի հասկացնենք, որ սանհանգույցները նույնպես պետք է լինեն մատչելի: Շատ ժամանակ ծախսեցինք, որպեսզի երկրում ապահովեինք ժեստերի լեզվի թարգմանիչներ` լսողության խնդիրներ ունեցող անձանց համար: Օրենքն ընդունելուց հետո մենք շատ բողոքներ էինք ստանում չլսող մարդկանցից, որ երբ իրենք գնում են հիվանդանոց, չեն կարողանում ստանալ պատշաճ ծառայություններ: Մեր օրենքը պահանջում էր, որ հիվանդանոցները մատչելի լինեն լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Իրենք պարտավոր էին իրենց մոտ ընդունել ժեստերի լեզվի մասնագետների»:

Պարոն Վոդաչին խնդրեցինք մասնագետի աչքով գնահատել՝ Երեւանում որքանո՞վ է մատչելի միջավայրը տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների համար: Նրա խոսքով՝ շենքերի մեծ մասն անմատչելի է տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների համար. «Ես պետք է ասեմ, որ դուք այս գործընթացի սկզբնական փուլում եք, բայց ես տեսա, որ փողոցներում կան թեքահարթակներ եւ մայթեր, որոնք կարող են օգտագործվել անվասայլակ օգտագործողների կողմից: Կային շենքեր, որոնք մատչելի էին, բայց մեծ մասը մատչելի չէր: Դիտարկումներից մեկը, որը ես արել եմ, խոսելով ձեր կառավարության հետ, նշել եմ, որ ժամանակի ընթացքում դուք պետք է կարողանաք ձեր ողջ տրանսպորտային համակարգը դարձնել մատչելի: Եթե դուք չունեք միջոց, որ հասնեք ձեր աշխատավայր կամ կրթություն ստանալու վայր, այդ իրավունքից ինչպե՞ս կարող եք օգտվել»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե որպես փորձագետ՝ ի՞նչ դիտարկումներ ունի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման» մասին օրինագծի վերաբերյալ, որն այս օրերին խորհրդարանում է եւ առաջին ընթերցմամբ արդեն անցել է: Պարոն Վոդաչի համոզմամբ՝ այն որոշակի փոփոխությունների պետք է ենթարկվի. «Կարող եմ ասել, որ այն ավելի լավ օրենք է, քան շատ երկրներ ունեն արդեն, բայց եթե ուզում եք, որ ամբողջովին արդյունավետ լինի, դրանում պետք է որոշ փոփոխություններ կատարվեն: Այն պետք է ունենա արդյունավետ կիրարկման մեխանիզմներ, որպեսզի մարդիկ կարողանան անպայման օրենքին հետեւել եւ իրականացնել: Նրանում անպայման պետք է ներառված լինի հասարակության իրազեկման բարձրացումը, եւ նախագծում պետք է ավելի շատ տեղ հատկացվի մատչելի տրանսպորտին: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ երբ օրենքն անցնի` ինչպես է այն կիրառվելու եւ իրականացվելու կառավարության կողմից: Այս պարագայում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը շատ անելիք ունի: Եվ նրանք պետք է ունենան համապարփակ ծրագիր, որտեղ նշված պետք է լինեն առաջնահերթությունները, պետք է մատնանշել առաջնահերթությունները եւ հասկանալ՝ դրանք ուր են տանում, ուր կհասնեն»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

27.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031