Սոցիալական պետության պարտականությունն է եւ բարոյական պարտքը առանձնացնելու որոշակի նյութական միջոցներ՝ օգնություն ցույց տալու այն անձանց, որոնք իրենց ֆիզիկական կարողությունների պատճառով անկարող են սեփական ուժերով հոգալ իրենց կարիքները:
Գյումրի քաղաքի բնակիչը դիմելով դատարան՝ պահանջում է բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից իր նկատմամբ հաշմանդամության համապատասխան խումբ սահմանել: Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը մերժել է պահանջը, իսկ վերաքննիչ վարչական դատարանում ապրիլի 11-ին կհրապարակվի որոշումը: Հայցվորի ներկայացուցչի՝ դատարանում հնչեցրած փաստարկների համաձայն, նրա վստահորդի մոտ 2007թ. ի հայտ են եկել վերջույթի ցավեր, կաղություն, շուտ հոգնելու եւ ողնաշարի գոտկային հատվածի ցավեր։ Բժշկական հետազոտությունների արդյունքում անչափահասի մոտ ախտորոշվել էր «Մնացորդային երեւույթներ՝ կրած ձախակողմյան Պերտեսի հիվանդությունից հետո, ազդոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզ, ձախ ստորին վերջույթի կարճացում, գոտկային հատվածի ֆունկցիայի խանգարում»։ 23.01.2009թ.-ից սկսած՝ երկու տարի ժամկետով, մինչեւ 01.04.2016թ. հիվանդի նկատմամբ սահմանվել է «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը։
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի կողմից 22.02.2016թ. տրված տեղեկանքի համաձայն՝ հիվանդի մոտ ախտորոշվել են մնացորդային երեւույթներ՝ տարած ձախակողմյան Պերտեսի հիվանդությունից հետո, ազդոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզ, ձախ ստորին վերջույթի կարճացում 4,2 սմ, ողնաշարի գոտկային հատվածի սկոլիոզ, ֆունկցիայի զգալի խանգարումով։ Իսկ Արթիկի բժշկական կենտրոնի կողմից 16.03.2016թ. տրված տեղեկանքի համաձայն՝ «Մնացորդային երեւույթներ՝ տարած Պերտեսի հիվանդությունից հետո։ Գլխիկը բացակայում է, վզիկը կարճացված է, ասեպտիկ նեկրոզ է ախտորոշվել»։
Գյումրու բժշկական կենտրոնի կողմից արված հետազոտությամբ ախտորոշվել է «ողնաշարի ստորին կրծքային եւ բակային հատվածի Տ-աձեւ դեֆորմացիա 15 աստիճանի Կոբիի անկյունով, ողնաշարի 2-րդ աստիճանի սկոլիոզ»:
Հիվանդության պատճառով դիմումատուն չի կարողացել աշխատել արդեն որպես չափահաս մարդ, չի կարողացել իր եւ իր ընտանիքի համար ապահովել կենսաապահովման նվազագույն միջոցները։ Չափահաս դառնալուց հետո, բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում նա հաշմանդամ չի ճանաչվել։
Այդ որոշումը բողոքարկվել է, նշանակվել է վերափորձաքննություն, իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետի կողմից կայացված բժշկասոցիալական փորձաքննական որոշմամբ էլ Շիրակի մարզի հանձնաժողովի որոշումը՝ հաշմանդամ չճանաչելու մասին, թողնվել է անփոփոխ։
Պատասխանողի ներկայացուցչի տեղեկացմամբ էլ, 1998թ. ծնված բողոքաբերը
վերափորձաքննվել է Շիրակի մարզի թիվ 1 ԲՍՓՀ-ում, որի արդյունքում՝ ուսումնասիրելով ներկայացված բժշկական փաստաթղթերը, նրա համար սահմանվել է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ՝ երկու տարի ժամկետով. «Առկա պաթոլոգիան, որը բերել է քայլելու ֆունկցիայի չափավոր արտահայտված խանգարման, ինքնասպասարկման ապահովման ունակության, ինքնուրույն տեղաշարժվելու, ուսման, խաղալու կարողության առաջին աստիճանի սահմանափակումների, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, հիմք է հանելու «հաշմանդամ երեխա» կարգավիճակ երկու տարի ժամկետով» հիմնավորմամբ։
Ըստ պատասխանողի, 2015թ.-ին Շիրակի մարզի նշյալ հանձնաժողովը հաշվի առնելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ սոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի «փորձաքննական հաշվետվությունը», «Հենաշարժական ֆունկցիայի աննշան խանգարումով» ախտորոշմամբ բողոքաբերին հաշմանդամ չի ճանաչել, «Առկա պաթոլոգիան իր բնույթով, բարդություններով, հենաշարժական ֆունկցիայի աննշան խանգարումով չի բերել գործունեության որեւէ սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ պաշտպանության անհրաժեշտության, ուստի հիմքեր չկան հաշմանդամ ճանաչելու» հիմնավորմամբ։
Պատասխանողի ներկայացուցիչը խնդրել է հայցվորի հայցն ամբողջությամբ մերժել։
Սա այն դեպքում, երբ պատասխանողը փաստել է այն իրողությունը, որ երեք տարի առաջ արձանագրվել է վերջույթի կարճացում 3.5սմ-ով, հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարումով, ինչը բերել է ինքնուրույն տեղաշարժվելու կարողության առաջին աստիճանի սահմանափակման։
Ի դեպ, ձախ ստորին վերջույթի կարճացումը ոչ թե կայուն մնացել է 3.5սմ, այլ ավելի է խորացել եւ հասել է 4.2 սմ-ի, որի մասին պատասխանող կողմը պատասխանում չի անդրադարձել:
«Երրորդ կողմ» դատարանն էլ հանգել էր հետեւյալին. «Բարենպաստ վարչական ակտ ընդունելուն վարչական մարմնին պարտավորեցնելու համար դատաքննությամբ պետք է ձեռք բերվեն բավարար եւ անհերքելի ապացույցներ այն մասին, որ հայցվող բարենպաստ վարչական ակտը գործի քննության եւ դատական ակտ կայացնելու դրությամբ կոնկրետ հարաբերությունները կարգավորող գործող իրավական ակտերի կանոնակարգումների համաձայն ենթակա է ընդունման»։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
27.03.2018