Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ ազգանունն իմ էությունն է, այն ինձ համար միշտ էլ «հարմար» է եղել»

Մարտ 28,2018 14:00

Սոֆյա Գազարյան` Քարնեգի Հոլից մինչեւ Երեւան

Սոֆյա Գազարյանի երգերը պատահաբար լսեցինք, ու առաջին զգացողությունը, որ ունեցանք, զարմանքն էր, որ ծնվեց նրա ինքնատիպ ու գեղեցիկ կատարումները լսելուց հետո: Հայազգի երգչուհի Սոֆյա Գազարյանին ծափահարել են Նյու Յորքի Քարնեգի Հոլի եւ Լինքոլն Սենթրի լեփ-լեցուն դահլիճներում, ինչի մասին ավելի ուշ տեղեկացանք երգչուհուց: Նա մեզ պատմեց իր ստեղծագործական ուղու, նաեւ Հայաստանի ու Երեւանի հետ կապված ծրագրերի մասին:

– Սոֆյա, ձեր ստեղծագործական ուղին ավելի կապված է Ռուսաստանի հետ, որտեղ լուրջ մասնագիտական կրթություն եք ստացել՝ նկատի ունեմ, որ սովորել եք Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում: Ինչպե՞ս ստացվեց, որ ձեր կարիերան կառուցեցիք ոչ թե Ռուսաստանում, այլ ԱՄՆ-ում:

– Ես ծնվել եմ Բաքվում, հարուստ երաժշտական ավանդույթներ ունեցող ընտանիքում: Դեռեւս 19-րդ դարում իմ նախապապ Նիկիտա Հարությունովը հայտնի երաժիշտ մանկավարժ էր Կովկասի մշակութային կենտրոն համարվող Շուշիում: Իմ արտիստիկ եւ երաժշտական ունակությունները դրսեւորվել են ամենավաղ տարիքից սկսած: Ես հենց սկզբից գիտակցում էի, որ իմ կյանքն անպայման կապված է լինելու երաժշտության եւ բեմի հետ: Երաժշտության եւ վոկալի դասերը, թատերական ստուդիայում պարապմունքները, հյուրախաղերն ու հեռուստատեսային նկարահանումները՝ մանկական վոկալ-գործիքային անսամբլի կազմում, որի մենակատարն էի, իմ մանկության մի մասն են եւ մասնագիտությանս յուրացման առաջին քայլերը:

Այնուհետեւ Մոսկվայում իրականացրի իմ մեծագույն երազանքը՝ դարձա Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի ուսանողուհի, իսկ «Յալթա- 91» մրցույթին մասնակցելուց հետո սկիզբ դրվեց Ռուսաստանում իմ պրոֆեսիոնալ կարիերային: Բախտ եմ ունեցել համագործակցել ամենահայտնի հեղինակների հետ (Ի. Կրուտոյ, Ա. Մորոզով, Ա. Բարիկին, Ա. Զվեզդինսկի), հանդես գալ Մոսկվայի գլխավոր բեմերում: Շատ եմ շրջել Ռուսաստանով մեկ, ելույթներ ունեցել հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: Սակայն, ինչ-որ պահ հանկարծ հասկացա, որ ինձ այլեւս հետաքրքիր չէ գոյություն ունենալ ռուսական էստրադայի շրջանակներում: 90-ականների վերջն էր, ձեւավորվում էր հանդիսատեսի նոր ճաշակը: Եվ ինձ գնալով ավելի բարդ էր դառնում գտնել այն երաժշտական նյութը, որի հետ հետաքրքիր կլիներ աշխատել: Ես գտնվում էի նոր երաժշտության, նոր, հետաքրքիր ստեղծագործական գաղափարների եւ նախագծերի փնտրտուքի մեջ:

Հենց այդ ժամանակ էլ բախտի բերմամբ հայտնվեցի Նյու Յորքում, սիրահարվեցի այդ չքնաղ քաղաքին, նրա հիանալի ռիթմին, արվեստի եւ ինքնաարտահայտման ազատության նրա ոգուն:

Նյու Յորքում ծանոթացա տաղանդավոր ջազային դաշնակահար Տիգրան Մկրտչյանի հետ, մենք համատեղ նախագիծ իրականացնելու գաղափար հղացանք՝ համերգային ծրագիր, բաղկացած հայկական դասական երգացանկի սիրված ստեղծագործություններից: 1997-ի նոյեմբերին Քարնեգի Հոլում ուղղակի լեփ-լեցուն դահլիճում կայացավ իմ առաջին մենահամերգը: Դա դարձավ իմ ամերիկյան առաջնախաղը: Իսկ համերգի ամենավառ երգերն ընդգրկվեցին This Moonlit Night ալբոմում, որը նույն տարում թողարկվեց BMG Records-ի հետ համատեղ: Քարնեգի Հոլի ելույթս միշտ կմնա որպես իմ ստեղծագործական կյանքի ամենավառ ու անմոռանալի իրադարձություն: Այդ կախարդական պատմական բեմն օժտված է բացառիկ մոգական ազդեցությամբ, անկրկնելի էներգետիկայով: Այն իսկապես փառաբանված եւ հզոր բեմ է:

 

Հետագայում այդ համերգին հաջորդեցին նորանոր առաջարկներ եւ ելույթներ: Դրանցից ամենամեծն ու անմոռանալին Նյու Յորքի հանրահայտ Լինքոլն Սենթրում կայացած շոուն էր: Ի դեպ, Ամերիկայի հանդեպ իմ սերն առկա է ամեն օր: Այսօր ես ապրում եւ աշխատում եմ Նեշվիլում, որը «երաժշտության քաղաք» է, ամերիկյան երաժշտական ինդուստրիայի կենտրոն: Այստեղ հնարավորություն ունեմ ավելի սերտ շփվել եւ աշխատել լավագույն հեղինակների, պրոդյուսերների, երաժիշտների հետ, փորձարարությամբ հանդես գալ ամենատարբեր երաժշտական ժանրերում, կատարելագործվել որպես կատարող:

– Ձեր երգացանկը բազմազան է, ջազից մինչեւ երեւանյան ֆոլկլոր, երգում եք երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն…Այնուամենայնիվ, ի՞նչն է ձեզ ավելի հոգեհարազատ:

– Ես մշտապես բծախնդրորեն եմ վերաբերվում իմ երգացանկի երգերի ընտրությանը: Ինձ համար էական չէ, թե ինչ լեզվով կամ որ ժանրում են դրանք: Ամենակարեւորն այն է՝ արդյոք այդ երգերը ստիպո՞ւմ են քեզ զգալ, ազդվել… Ինքս ինձ համար երգեր չեմ գրում, դրա համար էլ յուրաքանչյուր երգ անցկացնում եմ իմ «միջով», սիրտ ու հոգի դնում, դարձնում իմը… Ես երբեք չեմ վախեցել արվեստում փորձառության դիմել, փորձել ինձ տարբեր ժանրերում, դուրս գալ հարմարավետության գոտուց, որպես արտիստ նոր բաներ որոնել ինձ համար, ինքնադրսեւորման նոր գույներ գտնել: Սա հենց այն է, ինչի համար ես արվեստում եմ:

– Ինչպե՞ս է ձեզ հաջողվում բազմադեմ, հզոր եւ բազմամշակութային ԱՄՆ-ում այնպիսի դահլիճներ լցնել, ինչպիսիք են Քարնեգի Հոլը, Լինքոլն Սենթրը:

– Յուրաքանչյուր երաժիշտ եւ արտիստ նախ եւ առաջ մարդ է` իր պատմությամբ եւ կենսափորձով: Ես եւս բեմ դուրս գալիս` իմ ունկնդրին պատմում եմ իմ պատմությունը՝ ներդնելով նվիրական հույզերս ու մտքերս, իմ հույսերն ու տարակուսանքները, ամենալավն ու ոչ միայն, այն ամենը, ինչ հանդիպել է ինձ ճանապարհիս, իմ վերաբերմունքը ժամանակին, որտեղ ես եմ ապրում: Իմ համերգներին ամենատարբեր սերնդի մարդկանց կարելի է տեսնել՝ երեխաների՝ ծնողների հետ, ուսանողների, տարեցների…Երեւի յուրաքանչյուրն ուզում է իմ պատմության մեջ լսել այն, ինչը կարձագանքի իր հոգու թաքուն անկյունում ու երկար կմնա այնտեղ: Ամեն ոք գալիս է իմ համերգին, որպեսզի ինձ հետ հույզեր ապրի ու որպեսզի էլի գա այդ զգացողությունների հետեւից:

– Կհիշե՞ք որեւէ տպավորիչ դրվագ, միջադեպ (լավ իմաստով), որ պատահել է ձեր համերգների, ելույթների ժամանակ:

– 1995 թ. ինձ հրավիրեցին ներկայացնել Ռուսաստանը Լեհաստանում կայանալիք էստրադային երգի միջազգային մրցույթում: Թերեւս, ավելորդ է հիշեցնել ռուս-լեհական քաղաքական հարաբերությունների մասին: Ես առանձապես ջերմ, բարեկամական ընդունելություն չէի էլ ակնկալում լեհ ունկնդրի կողմից: Բայց երբեք չէի մտածել, որ ինձ վրա կզգամ լեհ երաժիշտների քաղաքական բողոքի, մերժման հետեւանքները: Առաջին իսկ փորձի ժամանակ Լեհաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի նվագախումբը հրաժարվեց հանդես գալ Ռուսաստանի մասնակցի՝ այսինքն՝ ինձ հետ, պատճառաբանելով պարտիտուրի դժվարությունն ու «անհասկանալիությունը»: Ես հայտնվեցի դժվարին իրավիճակում: Բայց ոչինչ ինձ չէր կարող շեղել իմ նպատակակետից: Հստակ որոշել էի, որ պետք է անեմ այն, ինչի համար Լեհաստանում եմ, այսինքն՝ երգեմ, անկախ նրանից, թե որքան բարդ է իմ խնդիրը: Ես դուրս եկա հսկայական մարզադաշտի բեմ եւ կատարեցի իմ մրցութային երգը, որը շատ զգացմունքային ռոք-բալլադ էր` փորձի ժամանակ իրականացված գործիքավորմամբ: Բեմից հեռացա ունկնդրի հիացական բացականչությունների ներքո: Դա տրիումֆային երեկո էր: Ես ինձ հետ տուն տարա մրցույթի գլխավոր մրցանակը՝ Գրան պրին, որն ինձ էր շնորհվել ժյուրիի միաձայն որոշմամբ: Ավելին՝ հաջորդ օրը, նվագախմբի բոլոր երաժիշտները, որ հրաժարվել էին նվագակցել, մեկ առ մեկ մոտեցան, շնորհավորեցին ու ներողություն խնդրեցին ինձանից՝ կատարվածի համար:

Կարծում եմ՝ այս հաղթանակը շատ կարեւոր նշանակություն ունեցավ իմ կյանքում, ոչ միայն նրա համար, որ ես բարձրագույն երաժշտական մրցանակ ստացա, այլ այն պատճառով, որ դա երաժշտության հաղթանակն էր քաղաքականության հանդեպ: Դա իմ անձնական հաղթանակն էր ճակատագրի հանդեպ: Ես կարողացա իմ մեջ ուժ գտնել, հաղթահարել տարակույսներս եւ գալ այն գիտակցության, որ իմ գլխավոր ուժը ձայնս է: Ես նրա հետ դուրս եկա հանդիսատեսի առաջ եւ հաղթեցի:

– Երաժիշտները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները հաճախ են փոխում իրենց անուն-ազգանունները եւ հանդես գալիս բեմական անուններով, բայց դուք մնացել եք Սոֆյա Գազարյան, հայկական յան վերջավորությամբ ազգանունն արդյոք չի՞ խանգարում ձեզ:

– Իմ ողջ կյանքում ես հպարտացել եմ իմ հայկական ծագմամբ, մեր մշակույթով, ազգային ավանդույթներով, իմ խորը մշակութային արմատներով, եւ բնականաբար՝ ազգանվամբ: Չնայած պրոֆեսիոնալ բեմում շատ վաղ տարիքից եմ հանդես եկել, սակայն մեր ընտանիքում երբեք հարց չի դրվել իմ ազգանվան փոփոխության: Նույնպիսի դիրքորոշում եմ ունեցել նաեւ Ռուսաստանում աշխատելու տարիներին, չնայած ինձ քանիցս առաջարկվել է փոխել ազգանունս ինչ-որ հարմար «բանով»: Իմ ազգանունն իմ էությունն է, այն ինձ համար միշտ էլ «հարմար» է եղել: Հավելեմ, որ երկիրը, որտեղ կարիերայի աստիճաններով վեր բարձրանալու համար պահանջում են փոխել ազգանունը, հաստատ ապագա չունի:

– Ո՞ւմ հետ կցանկանայիք հանդես գալ նույն բեմում:

– Ինձ համար արվեստում ամենամեծ կուռքը Սերգեյ Փարաջանովն է: Ցավոք, ինձ վիճակված չէ լինել այդ հանճարի ժամանակակիցը, նկարահանվել նրա ֆիլմերում կամ աշխատել այդ ֆիլմերի երաժշտության վրա: Չեմ կարող պատկերացնել ավելի մեծ երջանկություն, քան հնարավորությունը՝ տեսնել վարպետին արարելիս, լինել նրա հետ նույն տարածության մեջ: Ես գիտեմ, թե որքան հարուստ է մեր ազգը տաղանդներով, վստահ եմ, որ շատ շուտով դարձյալ մի նոր Փարաջանով կունենանք՝ նոր հանճար, որը համաշխարհային արվեստի պատմության մեջ իր էջը կգրի: Հույս ունեմ, որ միասին մեզ կհաջողվի ստեղծել գեղեցիկ ու հավիտենական ինչ-որ բան:

– ԱՄՆ-ում դուք հայտնի եք, բայց Հայաստանում ձեր մասին կարծես չեն լսել: Տեղյակ չեն, թե ինչ գեղեցիկ եք կատարում մեծն Սայաթ-Նովայի երգերը: Արդյոք մտադրություն չունե՞ք համերգային ծրագրով հանդես գալ Հայաստանում:

– Արդեն քանի տարի մեր ընտանեկան արձակուրդները Հայաստանում ենք անցկացնում: Հաճույքով հետեւում եմ, թե քանի հետաքրքիր, վառ ու տաղանդավոր անուններ են հայտնվել տեղական երաժշտական երկնակամարում: Իհարկե, հայաստանցի երգիչների հետ համատեղ հանդես գալու որոշ ծրագրեր ունեմ, որոնց մասին առաջիկայում անպայման կհայտնեմ ձեզ:

– Ո՞ր ստեղծագործությունն եք համարում ձեր այցեքարտը:

– Ես երգում եմ մի քանի լեզվով եւ ամեն լսարանի համար դրանք տարբեր երգեր են: Օրինակ, եթե խոսքը վերաբերում է ռուսաստանյան իմ ունկնդրին, ապա նրանց համար համերգն իրական եւ ամբողջական չի համարվի, եթե չհնչի «Плачь, скрипка» երգը: Այս ստեղծագործությունն իմ երգացանկում է պրոֆեսիոնալ բեմում հանդես գալու առաջին իսկ օրերից: Կարծում եմ, որ եթե անգամ մարդիկ չգիտեն ինձ անունով, ապա հաստատ կճանաչեն իմ ձայնը հենց այս երգով:

Ինչ վերաբերում է հայերեն երգին, դա միանշանակ «Կռունկ, թե դու գնաս»-ն է: Իմ բոլոր համերգներին այս ստեղծագործությունը ես ակապելլա եմ կատարում: Եվ մարդիկ չեն հեռանում դահլիճից, մինչեւ որ չեն լսում այս երգը, որը ոչ մեկին անտարբեր չի թողնում: Կարեւոր չէ, թե որտեղ եւ ինչպիսի ունկնդրի համար եմ կատարում այս կոմպոզիցիան, այն մշտապես ընդունվում է հիացմունքով, եւ մարդկանց աչքերն արցունքոտվում են: Ունկնդրի նման արձագանքն ամենամեծ պարգեւն ու երջանկությունն է ինձ համար:

– Հայաստանցի երաժիշտներից ո՞ւմ հետ եք համագործակցում:

– Ինձ միշտ հետաքրքիր է համագործակցել հայ հեղինակների հետ: Իմ առաջին փորձառությունը տաղանդավոր բանաստեղծուհի Քրիստինա Կարապետյանի հետ համագործակցությունն էր, որը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դասախոս է: Տառացիորեն վերջերս գրվել են իմ երկու նոր երգերը՝՝ «Հեռու, հեռու» եւ «Գնում-գալիս», որոնք արդյունքն են իմ եւ Նարեկ Ստամբոլցյանի համագործակցության, ինչից մեծագույն բավականություն եմ ստացել: Նարեկը կատարողին նրբորեն զգացող բարձր դասի պրոֆեսիոնալ է: Սա դեռ մեր համագործակցության սկիզբն է:

– Մի քանի անձնական բնույթի հարց. հանուն ինչի՞ դուք փոխզիջման չեք գնա:

– Արտիստի կյանքը մշտական ընտրություն է, որոնումներ, տարակուսանքներ, փոխզիջման գնալու անհրաժեշտություն: Շատ լավ հիշում եմ, թե ինչպես եմ ժամանակին այս հարցը Ռուսաստանում քննարկել իմ ավագ գործընկերոջ ու ընկերոջ հետ, իմ կարիերայի սկզբում: Ընդ որում, այդ արտիստն արդեն գերաստղ էր, միլիոնավոր մարդկանց սիրելին: Միշտ հիշում եմ նրա խոսքերը. «Երբեք չպետք է գնալ փոխզիջման, եթե դա հակասում է քո սկզբունքներին, չպետք է վախենալ իդեալներն ու արժեքները կորցնելուց: Եվ չպետք է վախենալ արվեստում սեփական արահետը բացելուց: Այդ ճանապարհը բարդ է, պահանջում է ծախսել հոգեւոր եւ ֆիզիկական ուժ, բայց միեւնույն ժամանակ, դա ճանապարհ է դեպի ազատություն, ինքնահարգանք, ինքդ քեզ հետ ներդաշնակություն: Այդ ճանապարհին ձեռք բերած հաջողությունն ավելի թանկ է ու տեւական»: Եթե այսօր այս հարցազրույցը կարդում է որեւէ երիտասարդ, սկսնակ արտիստը կամ արտիստուհին, սա իմ կարեւոր խորհուրդն է նրան:

– Սկզբունք, որ երբեք չեք խախտի:

– Իմ կարեւոր սկզբունքը կյանքում լինել այնպիսին, ինչպիսին կամ՝ անկախ դիպվածներից եւ իրավիճակից: Դա իմ կարգախոսն է, հավատամքը, որը փոփոխության ենթակա չէ: Այն ամենը, ինչ անում եմ կյանքում եւ աշխատանքում, անում են անկեղծ ու ազնիվ, հավատարիմ մնալով իմ համոզմունքներին ու իդեալներին: Մնալ այնպիսին, ինչպիսին ինքդ ես, ինձ համար ճակատագրի կողմից արված ամենամեծ նվերն եմ համարում:

– Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել լավ երգչուհի:

– Խոստովանեմ, որ դա բավականին բարդ հարց է: «Լավ երգչուհին» սուբյեկտիվ հասկացություն է: Ունկնդիրների ամեն խումբ իր սիրելի ու լավ երգիչն ու երգչուհին ունի:

Վերջին տասնամյակում երաժշտական ինդուստրիան անճանաչելիորեն փոխվել է: Այսօր արդեն դժվար է խոսել «լավ երգչին» բնորոշող չափանիշների մասին, որոնք գոյություն ունեին մինչեւ վերջերս:

Ինձ համար լավագույն երգիչն այն արտիստն է, որ ունակ է ունկնդրին տեղափոխել իր սեփական անկրկնելի աշխարհ, որը լիցքավորում, հիպնոսացնում է, աշխարհ, որտեղ միշտ տեղ կա անկեղծ խոսակցության, ուժեղ զգացմունքների ու հույզերի համար: Իսկական արտիստն այն է, որը կարողանում է գտնել յուրաքանչյուրի սիրտ տանող ճանապարհը եւ այն ավելի բարիացնել:

– Ձեր երգացանկում հրաշալի հայերեն երգեր կան: Ինչպե՞ս են դրանք ընկալվում ոչ հայ ունկնդրի կողմից:

– Ավելի վաղ մեր զրույցում ես անդրադարձել եմ իմ This moonlit night ձայնասկավառակին: Այն սիրված հայկական գուսանական երգերի հավաքածու է: Ես մեծ թվով արձագանքներ եմ ստանում աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանցից, որոնք լսել են այդ երգերը: Դրանք մարդիկ են, որոնք քիչ գիտեն Հայաստանի ու նրա մշակույթի մասին: ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Չինաստանի, Ֆիլիպինների իմ ունկնդիրները հիացմունքով են լսում «Աշխարհումս ախ չիմ քաշի» երգը: Լսում են բազում անգամ, անընդհատ… Իմ կարծիքով, դա բացատրվում է նրանով, որ երգի լեզուն ունիվերսալ է, չունի սահմաններ, հասկանալի է ամեն ազգի պատկանող մարդու: Հայկական երաժշտությունը հավերժ է ու գեղեցիկ: Այն համաշխարհային երաժշտական մշակույթի մարգարիտներից է:

Հայկական երաժշտության անհավատալի մելոդիզմի մեջ ամփոփված է ապրումների ու հույզերի ողջ խորությունն ու գեղեցկությունը: Որպես արտիստուհի իմ խնդիրն է այդ երաժշտությունն անցկացնել իմ միջով, չկորցնել նրա հնամենիությունը, բայց նաեւ դարձնել ժամանակակից, տեղափոխել երաժշտական մեր դարաշրջան, որտեղ այսօր ապրում ենք: Եվ ես երջանիկ եմ, որ դա ինձ հաջողվում է:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

27.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031