Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայրիկի սանը շարունակում է նրա գործը

Մարտ 28,2018 13:30

Ազգագրական երգերը պահպանվում են էնտուզիաստների շնորհիվ

Մասնագետները դժվարանում են պատասխանել հարցին, թե հայերի օրինակով կա՞ն այլ հին ժողովուրդներ, որոնց ազգագրական երգերի քանակը այդքան մեծ է: Հայ ազգագրական երգերն իրենց թեմաներով էլ են հարուստ, որոնք մեզ են հասել Կոմիտասից մինչեւ Հայրիկ Մուրադյան ու այլ ազգագրագետների ու բանահավաքների շնորհիվ: Երգել են, ասենք, սանդ ծեծելիս, ալյուր մաղելիս, հարսանեկան ծեսերի ժամանակ, որտեղ գովերգել են հարսին ու փեսային, բերքահավաքից հետո, միասին աշխատելիս էլ յուրաքանչյուրը երգում էր մեկ քառյակ, հետո միանում էին մյուսները, կրկնելով հայտնի երգի «խիո-խիո» մասը եւ այլն:

Ազգագրական երգերի պակաս կարծես թե չկա հեռուստա եւ ռադիոեթերում, բայց գեղջկական աշխատանքային երգերի՝ հորովելների (գութաներգերի) պակաս, միանշանակ, կա: Իսկ հորովելները աշխատանքի ընթացքում հորինված երգեր են: Ժամանակին մեզ հետ զրույցում աշուղագետ Էլինար Շահենը հայտնել էր, որ հայ ազգագրական երգարվեստը հարուստ է հորովելներով, որոնց թիվն անցնում է հարյուրից, բայց ինչ-ինչ պատճառներով հնչում են միայն Լոռվա ու Ղարաբաղի հորովելները: Նշել էր նաեւ, թե ազգագրական աշխատանքային այս երգերից առաջինը բեմ է բարձրացրել Թաթուլ Ալթունյանը, որն էլ տասնամյակներ շարունակ կատարել է Հովհաննես Բադալյանը, հետո արդեն այն ներկայացրել է Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի հետ՝ Ռուբեն Մաթեւոսյանի ընկերակցությամբ դուետով:

«Առավոտին» հետաքրքրեց օրերս «Նարեկացի» արվեստի միությունում կայացած «Ապարանի հորովել» խորագրով «Զարթոնք» ազգագրական անսամբլի համերգը: Թեեւ կարծում էինք, որ կհնչեն միայն հորովելներ, բայց այդպես չէր. բացի գութաներգերից, հնչեցին հայկական ազգագրական այլ երգեր նույնպես, այդ թվում՝ թագվորաերգեր, սիրերգեր եւ այլն:

Մեզ հետ զրույցում «Զարթոնք» անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Սարգսյանը, որը Հայրիկ Մուրադյանի սաներից է, ժամանակին հանդիսացել է նրա ղեկավարած «Ակունք» եւ «Վան» ազգագրական անսամբլների անդամներից, նշեց, որ համերգի խորագիրը «Ապարանի հորովել» է եւ մանրամասնեց, որ դա հայ գյուղացու հողագործական աշխատանքի ավանդական երգն է եղել, որը հնչել է գութանով վար անելիս, բանող անասուններին, ինչպես եւ հոտաղներին ոգեւորելու, աշխատանքը թեթեւացնելու ու խթանելու նպատակով է: Իսկ ներկայացված տարբերակը «Զարթոնք» անսամբլի կատարմամբ հայտնի է որպես «Ապարանի հորովել»: Այն գրի է առնվել Կոմիտաս վարդապետի կողմից՝ 1901թ., Ապարանի Արագած գյուղում: Կամ՝ Հայրիկ Մուրադյանի շնորհիվ մեզ հասած «Բարի լուսո աստղ երեւաց» երգը, որի հեղինակը Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանն է՝ Խրիմյան Հայրիկը: Այս երգը արդար աշխատանքով ապրող հայ գյուղացու աշխարհընկալումն է, մարդկության անցած ողջ պատմությունը, նաեւ ապրելու ճիշտ բանաձեւը: Իզուր չէ, որ հաճախ անդրադառնալով Խրիմյան Հայրիկի հիշյալ երգին, ասում են՝ սա երգ չէ, այլ աղոթք…

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ կայացած երեկոյին հնչած «Մարալ Շուշո» սիրերգը ինքն է լսել գրող Զարզանդ Դարյանից: Հետո հավելեց. «Վարպետիս՝ Հայրիկ Մուրադյանի ու նրա դստեր՝ տիկին Մարոյի օրինակով մենք էլ ենք հաճախ լինում գյուղերում, որտեղ դեռ պահպանվում են, կատարվում լայն հանրությանը անծանոթ ազգագրական երգեր: Հենց վերջերս նման մի երգ լսեցի Ջավախքում՝ «Էրկան մասուրի մոմերով» հարսանեկան երգ-պարը»:


Հետաքրքրությանը, թե ազգագրական երգերի կատարումը նաեւ պահանջում է բարբառի իմացություն, Գագիկ Սարգսյանի պատասխանը հակիրճ էր՝ «տիրապետում եմ 25 բարբառի»: Կանխելով հաջորդ հարցը՝ թե երգերը մատուցվեցին գրագետ, «Զարթոնքի» ղեկավարն ասաց, թե անսամբլի երգիչների մեծամասնությունը Երեւանի կոնսերվատորիայի, Մանկավարժական ինստիտուտի եւ երաժշտական ուսումնարանների շրջանավարտներ կամ ուսանողներ են:

Հանդիսատեսը երկարատեւ ծափողջույներով էր արձագանքում անսամբլի մեներգիչների կողմից հնչեցված ծանոթ եւ հազվադեպ կատարվող երգերին: Առանձնացնենք Հարություն Հարությունյանի, Դավիթ Սեդրակյանի, Աննա Եդիգարյանի, Հռիփսիմե Սարգսյանի, Աննա- Սառա Պողոսյանի, Մելանյա Հովհաննիսյանի ելույթները: Նշենք նաեւ նվագակցող երաժիշտներին, օրինակ՝ Նարեկացու «Հավուն հավունը» իսկապես ինքնատիպ ու բարձրարվեստ կատարեց դուդուկահար Անդրանիկ Վերդյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

27.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեր ազգագրական երգերը մեր այսօրվա երաժշտության թթվածինն է….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031