Համացանցից օգտվող ամեն երկրորդը Ֆեյսբուքի օգտատեր է: Օգտատերերի մեծ մասը երիտասարդությունն է, որոնք օրվա զգալի մասը ցանցում են: Իրական կյանքն ու շփումները հետին պլան են մղվում, իրականությունը սկսում է ձանձրալի թվալ: Մարդն ուրախանում է, երբ իրեն like-ում են, հիացմունքի խոսքեր ասում եւ ընկճվում՝ երբ անտարբերության են մատնում: Երբեմն այս ամենն առաջացնում է համացանցային կախվածություն: Հոգեբան Սիրանուշ Անտոնյանը անդրադարձել է խնդրին.
-Ի՞նչ ազդեցություն է ունենում համացանցը մարդու կյանքում:
-Համացանցը մարդու կյանքում ունի դրական եւ բացասական ազդեցություն: Դրականի դեպքում մարդիկ համացանցի օգնությամբ գտնում են իրենց հին ընկերներին ու բարեկամներին՝ աշխարհի որ ծայրում էլ լինեն եւ կապ են պահպանում նրանց հետ, բացի այդ, համացանցը թույլ է տալիս մարդկանց գտնել իրենց համախոհներին, միեւնույն հետաքրքրություններ ունեցող մարդկանց, խմբերում քննարկումներ ծավալել, գտնել իրենց հուզող հարցերի լուծումները: Բացասականի դեպքում կարող է առաջացնել համացանցային կախվածություն:
-Ի՞նչ է համացանցային կախվածությունը:
-Դա կախվածությունն է ֆեյսբուքյան ցանցերից, թվիթերյան եւ մնացյալ բոլոր ցանցերից: Այսինքն, երբ մարդն իր ամբողջ առօրյան անցկացնում է հենց համացանցում, եւ արտաքին միջավայրի կապերն ու շփումները երկրորդային պլան են մղվում:
-Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ համացանցային կախվածությունը:
-Կարծես թե կախվածությունը նման է խաղամոլության. ինչպես խաղադրույք է անում խաղամոլը, մեկ անգամ հաղթում է եւ կրկին փորձում, որպեսզի հաղթելու հաճույքը զգա, այնպես էլ Ֆեյսբուքում, երբ որ մարդը ինչ-որ նկար է տեղադրում, երբ կարծիք է հայտնում եւ գնահատվում է, անընդհատ փորձում է գնահատված լինել, լայքեր հավաքել, եւ դա հենց բերում է կախվածության: Ուշադրություն գրավելու համար նույնիսկ կարող է ծայրահեղ քայլերի գնալ, սուիցիդալ վարքի փորձեր կատարել:
-Ինչպիսի՞ մարդիկ են հակված կախվածության, որո՞նք են համացանցային կախվածության պատճառները, եւ ինչո՞ւ են մարդիկ ընկնում կախվածության մեջ:
-Այն մարդիկ, ովքեր բավարարված չեն իրենց շփումներով, հասարակական կապերով, ունեն միայնակության զգացում, անինքնավստահ են, ցանկանում են ընդունված լինել, հասկացված լինել, հակված են կախվածության: Պատճառներից մեկն էլ գնահատված լինելու պահանջն է: Հնարավոր է, որ մարդը իրական կյանքում չի կարողանում դրսեւորվել, ինքնաարտահայտվել, իսկ համացանցում, երբ իրեն ոչ ոք չի տեսնում, նա ազատորեն արտահայտվում է:
ԼԻԼԻԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ»
27.03.2018