Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լիտվայի հետ ընկերական խաղում այսօր նվազագույն 0:1 հաշվով պարտություն կրեց:
Հետխաղային մամուլի ասուլիսում մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նշեց, որ ինքը գոհ չէ իր սաների այսօրվա մրցելույթից, թեեւ ամեն բան արվեց պարտությունից խուսափելու համար: Հանդիպման ընթացքում մարզիչը մի քանի անգամ փոխեց խաղային սխեման, կատարեց սահմանված բոլոր փոփոխությունները: «Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ կենտրոնում չենք հասցնում գոտիները փակել: Խաղի հաշիվը իհարկե շատ կարեւոր էր, եւ ամենից շատ ես եմ հիասթափված: Այսօր մեր խաղը չստացվեց, սակայն մարզչական շտաբի համար շատ կարեւոր էր հետագայի համար բոլորին տեսնել գործում: Սա մեր վերջին ստուգողական-փորձնական խաղն էր: Հաջորդ երկու ընկերական հանդիպումները մայիսին եւ հունիսին արդեն կլինեն նախապատրաստական Ազգերի լիգայի համար: Այսինքն, տակտիկական առումով նոր փորձարկումներ արդեն հաստատ չեն լինի», – հայտարարեց Արթուր Պետրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ