Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սկանդալ «Սան Ռեմո-ջունիոր» երգի մրցույթի Հայաստանի ընտրական փուլում

Մարտ 27,2018 23:37

ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում մարտի 19-ին զետեղվել , այժմ էլ  այնտեղ առկա է «Սան Ռեմոյի պատանեկան մրցույթին Հայաստանից կմասնակցեն Համլետ Բադալյանը ( Դիլիջան) եւ Գոռ Հարությունյանը ( Իջեւան )» վերնագրով հոդված, ուր նշված է.  « Հայաստանը միացել է SanremoJunior մրցույթին եւ  անցկացրել «ՍանՌեմո» երգի միջազգային 9-րդ մրցույթի հայաստանյան ընտրությունները: Մարտի 14-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին Գյումրիում եւ  Երևանում կիսաեզրափակիչ փուլերին մասնակցած լավագույն կատարողները: Ժյուրին հաղթող ճանաչեց Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցի սան Համլետ Բադալյանին (դասատու`  Վարազդատ Հովհաննիսյան, տնօրեն` Հասմիկ Մկրտումյան) եւ  Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի սան Գոռ Հարությունյանին (դասատու` Ռուզան Մատինյան , տնօրեն` Աիդա Սարգսյան) : Մասնակիցներն Իտալիայի Սան Ռեմո քաղաքում Հայաստանի դրոշի ներքո ելույթ կունենան ապրիլի 19-ին:  SanremoJunior մրցույթն անցկացվում է 2010 թ.-ից, Սան Ռեմո քաղաքի «Արիստոն» համերգասրահում՝ բարձրակարգ նվագախմբի կենդանի նվագակցությամբ: Այս տարիների ընթացքում մրցույթի ընտրական փուլի անցկացման իրավունքը գնել են աշխարհի մի շարք պետություններ: Այս տարի այդ բացառիկ հնարավորությունն ընձեռվեց Հայաստանին` շնորհիվ Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հիմնադիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի հետեւողական գործունեության»:

Մարտի 24-ին Կարինե Ավդալյանը  էլեկտրոնային նամակ է ուղարկել Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին, ուր հայտնել է. « Գյումրիում եւ Երեւանում կիսաեզրափակիչ փուլերում աչքի  ընկած լավագույն կատարողներից մարտի 14-ին Երեւանում կայացած եզրափակիչ փուլի արդյունքներով հայաստանյան ընտրական փուլի ժյուրին,որի կազմում էին ՀՀ երաժշտարվեստի 9 ճանաչված գործիչներ, հաղթող ճանաչեց եւ Սանրեմո երգի միջազգային IX մրցույթին մասնակցելու միակ ուղեգիրը շնորհեց Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցի սան Համլետ  Բադալյանին, որւ հավաքել էր 60 միավոր: Հայաստանի ժյուրիի կողմից որոշում ընդունվեց՝ նկատի ունենալով ՀՀ առաջին անգամ մասնակցությունը Սան Ռեմո երգի միջազգային մրցույթին, խնդրել մրցույթի կազմկոմիտեին բացառության կարգով թույլ տալ Հայաստանից մասնակցելու երկու մասնակիցների: Որպես երկրորդ մասնակից ժյուրիի կողմից ընտրվեց սահմանամերձ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի միջնակարգ երաժշտական դպրոցի սան Գոռ Հարությունյանի թեկնածությունը, որը հավաքել էր շատ ավելի քիչ`42 միավոր: Ցավոք, մեր ժյուրիի առաջարկությունը իտալացի գործընկերների կողմից մերժվեց: (Կից ներկայացվում է մեր խնդրանքի եւ իտալացիների մերժման նամակագրությունը)»:

Սան Ռեմո մեկնելու  նպատակով եւ  այնտեղ կեցության ծախսերի համար Գոռ Հարությունյանի  ծնողները կարողացել են  հապշտապ գումար ճարել՝ 350 եւ 120 եվրո , այդ գումարները մուծել, 11-ամյա Գոռի Իտալիա մեկնելու համար անձնագիր ստանալ: Գոռի մայրը`Լարիսա Ծովանյանը, մեզ հայտնեց, որ տարբեր լրատվամիջոցներով հաղորդվել է, որ մրցույթի 2 հաղթողները հավասար միավորներով են հաղթող  ճանաչվել: Նա համաձայն չէ Կարինե  Ավդալյանի այն առաջարկին,որ իրենց հետ  վճարվեն Գոռի Իտալիա մեկնելու համար մուծված գումարները, Գոռը մեկնելով Սան Ռեմո, այնտեղ ելույթ չունենա, միայն մասնակցի մաստեր կլասի՝ երգարվեստի  վարպետության դասերի:  Նրան հայտնեցինք Կարինե Ավդալյանի խոսքերը, թե Գոռը մյուս հաղթողից մրցույթում  վատ է հանդես եկել, տիկին Լարիսան ասաց, որ Գոռն անցյալ տարի հաղթող է ճանաչվել վերոհիշյալ  «Վերածնունդ» երգի մրցույթում:

Կարինե Ավդալյանը մեզ  ասաց,որ ինքը  կարողացել է հովանավորների միջոցով գտնել եւ  15 հազար եվրո վճարել  «Սան Ռեմո» երգի միջազգային  մրցույթին  Հայաստանի մասնակցության իրավունքի  համար: Նա հայտնեց, որ Գոռը սիրուն  տեսք ունի, ի վերուստ տրված լավ ձայն, սակայն երգի ժամանակ ճիշտ շնչառության, լավ մասնագետների հետ մշտապես աշխատելու  եւ այլ խնդիրներ կան: Հավելեց, որ  ինքը շատ է հավանել Գոռին եւ  ցանկացել է , որ նա, որպես սահմանամերձ մարզից երեխա, Սան-Ռեմոյի մրցույթին մասնակցի: Կ.Ավդալյանն ասաց, որ  ինքը նամակ է ուղարկել  միջազգային մրցույթի կազմակերպիչներին, որպեսզի  բացառության կարգով թույլատրեն Հայաստանից 2-րդ մասնակցի  մասնակցությունը: Իտալիայից պատասխանը չի ստացվել, հաջորդ օրը ստացված  նամակում կազմկոմիտեն հայտնել է, որ իրենք ներկա չեն եղել հայաստանյան փուլին, Հայաստանն էլ առաջին անգամ է մասնակցելու մրցույթին, Հայաստանից երկրորդ մասնակցի թույլ չի տրվում մասնակցելու: Տիկին Ավդալյանն  ասաց, որ հավանելով Գոռին՝ նրա  ձայնագրությունը կատարել է իր  անձնական միջոցներով, Իտալիայում մաստեր կլասը օգտակար կլիներ  նրա առաջընթացի համար: Նա հայտնեց, որ այդ  օրերին  իր որդու առողջական վիճակի վատացման պատճառով հուզված վիճակում է եղել, սակայն զբաղվել է  մրցույթին Գոռի մասնակցության խնդրով;

Դրանից հետո մեզ զանգահարեց  մրցույթի ժյուրիի անդամներից  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժուռնալիստների միության վարչության անդամ Զառա Արամյանը:  Նա  ասաց, որ իրենք շատ լավ են վերաբերել Գոռ Հարությունյանին, մրցույթի մասնակիցներին , նրանց ծնողներին գրավոր ծանուցել են  դրանց պայմանների մասին, նրանք  կարող էին դրանց ծանոթանալ: Նաեւ հայտնեց, մեր կողմից  վերոհիշյալ  թեմայով նյութ հրապարակելուց  հետո ինքն էլ է այդ մասին հոդված գրելու:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝  ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Հոդվածի իմա՞ստը….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031