Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախատեսվում է ավելացնել ՀՀ ԶՈՒ հարվածային և կրակային խոցման հեռավորությունը, ստեղծել ռազմավարական հետախուզության նոր համա­կարգ». ՊՆ փաստաթուղթ

Մարտ 27,2018 22:16

ՀՀ զինված ուժերի 2018-24թթ. արդիականացման ծրագրում (որն օրերս հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը) նախանշված են նաեւ ԶՈՒ արդիականացման նպատակները եւ դրանց հասնելու միջոցները: Որպես առաջնային նպատակ, ինչպես փաստաթղթում է գրված, նախատեսվում է ներդնել զսպման համակարգ, որն ուղղված կլինի ՀՀ-ի նկատմամբ զինված ոտնձգության կանխմանը, իսկ պատերազմի ժամանակ՝  ռազմական գործո­ղությունների հնարավորինս վաղ փուլում դադարեցմանը՝ ՀՀ-ի համար շահավետ պայմաններով: Զսպման համակարգի ձևավորման առաջնահերթ մարտավարական խնդիրն է՝ որակական նոր մակարդակի հասցնել մարտական հերթապահությունը:

Այդ նպատակով նախատեսվում է կարճաժամկետ հեռանկարում այն համալրել արդիական տեսադիտարկման, հետախուզության, հավաստանշման և կրակային խոց­ման,  ինժեներական միջոցներով և որպես վերջնանպատակ՝ ձևավորել միասնական համակարգ: Մարտական հերթապահության համակարգի կատարելագործումը նպա­տակ է հետապնդում նաև բարձրացնել մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության աստիճանը, ինչը ենթադրում է մարտական հենակետե­րի լրացուցիչ ինժեներական կահավորում և անձնակազմի համապատասխան հանդեր­ձավորում:

Համակարգի օպերատիվ մակարդակում զինված ուժերը պետք է ապահովեն ռազմական փոփոխվող միջավայրին և գործողություններին ադապտացման բավարար մակարդակ: Այդ նպատակով զինված ուժերում նախատեսվում է ներդնել «քաղված դասերի» արդյունավետ համակարգ, ձևավորել ֆիզիկական, մտավոր, տեխնիկական և տեխնոլոգիական այնպիսի կարողություններ, որոնք թույլ կտան համարժեքորեն արձա­գանքել մարտական գործողությունների ծավալման անկանխատեսելի իրողություններին և սցենարներին, պատերազմի վարման նոր ձևերին և եղանակներին:

Նախատեսվում է ավելացնել ՀՀ զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը՝ գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության կարողությունների, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ նաև բազմաֆունկցիոնալ օդուժի զարգացման միջոցով: Միաժամանակ, ստեղծվելու է ռազմավարական հետախուզության նոր համա­կարգ՝ ռադիոէլեկտրոնային և օդային հետախուզության կարողությունների և տարբեր աղբյուրներից ստացվող հետախուզական տվյալների համադրման ենթակաոուց­վածքների զարգացման միջոցով: Ձևավորվելու է նաև տեղեկատվական գործողությունների և կիբեռ-ռեսուրսների կիրառման ժամանակակից համակարգ, որը կներառի հոգեբանական գործողություններ վարելու կարողություններ, կիրականացնի ռազմական խորամանկության և ռադիո-էլեկտրոնային պայքարի միջոցառումներ և կունենա հակառակորդի տեղեկատվական միջոցների ֆիզիկական (կիբեռ) խոցման հնարավորություններ:

Ներդրվելու է տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների գծով ղեկավարների ինստիտուտ:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031