Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՊ բացահայտում. ձեւական ընկերություն են բացել եւ օգտվել մատչելի  գյուղտեխնիկայի պետական ծրագրից

Մարտ 27,2018 21:02

Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակացության ծրագրում Վերահսկիչ պալատը ուշագրավ խախտումներ է հայտնաբերել:

Aravot.am-ի ձեռքի տակ է հայտնվել ՎՊ-ի՝ գյուղատնտեսության նախարարությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումների եւ փաստերի մասին հաշվետվությունը:

Վերահսկիչ պալատն այս ոլորտում  2017-ին իրականացրած ստուգումների ժամանակ  խախտումներ է հայտնաբերել նախարարության առանձին ստորաբաժանումներում:

Ըստ այդմ, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակացության ծրագրից օգտվել են ընկերություններ, որոնց արժանահավատությունը ՎՊ-ն կասկածի տակ է առել: Այս ծրագրի նպատակն է, ինչպես հաշվետվությունում է գրված, գյուղոլորտի տնտեսվարողներին գյուղտեխնիկայի մատակարարումը` մատչելի պայմաններով՝ լիզինգով:

Եզրակացությունում նախ ծրագրից որոշ մանրամասներ են ներկայացվում. օրինակ նշված է՝ ծրագրի իրականացման արդյունքում 2017-ին եւ առաջիկա տարիներին հնարավոր կլինի ձեռք բերել 510 կտոր տեխնիկա 2 միլիարդ 829 միլիոն 442 հազար դրամ ընդհանուր արժեքով, որի սուբսիդավորման տոկոսադրույքը կկազմի 499 միլիոն 510 հազար դրամ:

2017-ի ապրիլի 1-ից մինչեւ դեկտեմբերի 29-ը ձեռքբերված տեխնիկայի լիզինգի գումարը կազմել է 833 միլիոն 37 հազար դրամ: Ծրագրի կողմեր են հանդիսանում գյուղատնտեսության նախարարությունն ու գյուղական ֆինանսավորման կառույցը՝ ԳՖԿ-ն:

Ուսումնասիրության նշված ժամանակաշրջանում ներկայացված հաշվետվության համաձայն ծրագրի շահառուները 65-ն են եղել, որից իրավաբանական անձ՝ 11-ը, 54-ը՝ ֆիզիկական անձ, 34-ի համար  որպես ֆինանսական կազմակերպություն հանդես է  եկել  «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն, 26-ի համար՝ «Ագբա լիզինգ» ՓԲԸ-ն, եւ 5-ի համար «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն:

Վերահսկողության ընթացքում ուսումնասիրվել են ծրագրի խոշոր շահառուներ «Ֆիառ գրուպ» ՍՊԸ-ն, որ ստեղծվել է 23.06.2017-ին՝ 198 միլիոն 570 հազար դրամ ընդհանուր գումարով, «Նաիրի Բերրիություն» ՍՊԸ-ն՝ 186 միլիոն 560 հազար դրամ գումարով ձեռքբերումները, որից 20%-ը վճարվել  է շահառուների կողմից: Ապրանքները մատակարարել է «Հրաշք այգի» ՍՊԸ-ն, որպես ֆինանսավորող կազմակերպություն հանդիսացել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն՝ սուբսիդավորման տոկոսադրույքը` 7%:

Ըստ ՎՊ-ի հաշվետվության` «Ֆիառ գրուպ» ՍՊԸ-ին ծրագրում ընդգրկելու նպատակը  պայմանավորված է եղել  Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մեքենատրակտորային կայանի ստեղծման նախաձեռնությամբ: Եվ ահա այս «Ֆիառ գրուպը»-ն, ըստ հաշվետվության, նորաստեղծ կազմակերպություն է, եւ չունի համապատասխան ոլորտում գործունեության փորձառություն: Սակայն սա «Ֆիառ գրուպ»-ին չէր խանգարում հանդիսավոր կերպով կայանի բացման արարողությունը կազմակերպել: Եվ ուրեմն, այս ընկերությունը, ինչպես նշում է ՎՊ-ն, 2017-ի օգոստոսի 25-ին Ծովակ համայնքում  գյուղատնտեսության նախարարի մասնակցությամբ կազմակերպել է նշված կայանի բացման արարողությունը: «Տեսահոլովակներից երեւում է, որ գյուղատնտեսական  տեխնիկան շարված է Ծովակ համայնքի տարածքով անցնող Երեւան-Վարդենիս մայրուղու վրա»,- նշված է հաշվետվության մեջ:

«Ֆիառ գրուպ»-ը գրանցվել է 23.06.2017-ին, եւ ինչպես ՎՊ-ն է բացահայտել, Կադաստրի պետական կոմիտեի տված տեղեկատվության համաձայն,  սեփականության իրավունքով  կամ վարձակալության հիմունքներով որեւէ անշարժ գույք չունի, եւ պարզ չէ, թե որտեղ են գտնվում ձեռքբերված տեխնիկաները: Իսկ ահա ՊԵԿ-ի տրամադրած  տեղեկատվության համաձայն` նշված ընկերությունը գործունեություն ծավալելու վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել, ըստ ՊԵԿ-ի, 31.12.2017-ի դրությամբ այս ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է եղել:

Այս պատմությունում ուշագրավն այն է, որ ծրագրով ապրանքներ մատակարարող «Հրաշք այգի»-ին  եւ այս «Ֆիառ գրուպը» «ամուսնական կապերի» մեջ են եւ փոխահամաձայնությամբ են գործել: ՎՊ հաշվետվության մեջ գրված է՝ «Հարկ է նշել նաեւ, որ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Իվանյանը հանդիսանում է «Ֆիառ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր Լենա Մանվելի Բաղդասարյանի ամուսինը: Կարելի է ենթադրել, որ գործարքը կրել է ձեւական բնույթ, ինչի արդյունքում «Հրաշք Այգի» ընկերությունը, օգտվելով տոկոսադրույքի սուբսիդավորումից, ստանձնել է 158 միլիոն 871 հազար դրամ գումարի վարկային պարտավորություն՝ 2% տոկոսադրույքով: Արդյունքում Լիզինգի պայմանագրի պետության կողմից սուբսիդավորման տոկոսի ընդհանուր գումարը կազմելու է 36 միլիոն 796 հազար դրամ»:

Բացի այս, ՎՊ-ն նաեւ նշել է՝ ծրագրում սահմանված չեն շահառուներին վերաբերող չափորոշիչները, գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման պայմանները, գերատեսչական, հսկողական եւ արդյունավետության գնահատման չափանիշներն ու չափորոշիչները, ձեռք բերվելիք գյուղտեխնիկայի, ինչպես նաեւ տոկոսադրույքի սուբսիդավորման առավելագույն գումարի չափը:

ՎՊ այլ բացահայտումների մասին կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031