Կեմերովոյի կենտրոնական հրապարակում այսօր` մարտի 27-ին, տարերային հանրահավաք կայացավ, որին մասնակցում էին նաեւ աղետալի հրդեհի զոհերի հարազատները: Meduza.io կայքը հավաքել է մի շարք չինովնիկների արձագանքները, որոնց մի մասը ներկայացնում ենք ստորեւ:
Երբ հանրահավաքի մասնակիցներից մեկը` Իգոր Վոստրիկովը, հայտարարեց, որ իշխանությունները ժողովրդին վերաբերում են ինչպես անասունների, Կեմերովոյի փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլյովը պատասխանեց. «Երիտասարդ, դուք ի՞նչ է, պիառվե՞լ եք ուզում դժբախտության վրա»: Ի պատասխան տղամարդը պատասխանեց, որ հրդեհի արդյունքում կորցրել է ողջ ընտանիքը` կնոջը, քրոջը, երեք երեխաներին…
https://www.facebook.com/znakcom/videos/1560368470739706/
Իսկ տեղի վարչակազմի չինովնիկ կանանցից մեկը, ի պատասխան ժողովրդի միջից հնչող հրաժարականների կոչերի, չդիմացավ. «Այս ինչ խուճապ է, ինչո՞ւ միանգամից` հրաժարական: Երեխաներ ամեն օր էլ մահանում են: ՄԻԱՎ-ով են շատերը հիվանդանում»:
Նահանգապետի առաջին տեղակալ Վլադիմիր Չերնովին հանդիմանեցին, որ նա հանրահավաքի է եկել ճերմակ վերնաշապիկով, ինչին ի պատասխան նա ասաց. «Իսկ դուք ի՞նչ է, կարծում եք, որ եթե երեխաներ են մահացել, չի՞ կարելի սպիտակ վերնաշապիկ հագնել»:
Եվ միայն հանրահավաքի սկզբից մի քանի ժամ անց չինովնիկներից մեկը, այդուհանդերձ, որոշեց ներողություն խնդրել իշխանությունների անունից` տուժածներից: Սերգեյ Ցիվիլյովը, որ ողջ ընտանիքը կորցրած Իգոր Վոստրիկովին «պիառվելու» մեջ էր մեղադրում, բոլորի ներկայությամբ խոստացավ, որ բոլոր մեղավորները կպատժվեն, որից հետո ծնկի եկավ. «Հնուց ի վեր Ռուսիայում մարդիկ ծնկում էին` ներողություն խնդրելու համար»:
Հավաքվածները տարբեր կերպ արձագանքեցին Ցիվիլյովի այս քայլին: Ոմանք ծափահարում էին, ոմանք գոչում` «Խայտառակություն»:
https://www.youtube.com/watch?v=9nnicWL4OEA
Ինչ վերաբերում է Կեմերովոյի նահանգապետ Աման Տուլեեւին, որը հրդեհի առաջին իսկ օրը չէր բարեհաճել գնալ դեպքի վայր, պատճառաբանելով, թե իր «կորտեժը կխանգարի հրշեջների աշխատանքին», նա հանրահավաքին նույնպես չէր մասնակցում: Նրա առաջին հրապարակային խոսքը` հրդեհից հետո, ոչ թե զոհվածների ընտանիքներին ուղղված խոսքն էր, այլ Պուտինին ուղղված շնորհակալությունը. «Նման անմարդկային զբաղվածության պարագայում նա անձամբ ինձ զանգեց, եւ ասաց, որ բոլոր զոհերի հարազատներին փոխանցեմ ցավակցություններ, խոնարհվեմ նրանց առաջ: Անձամբ: Դրա համար, իհարկե, հատուկ շնորհակալություն»: Հաջորդ օրը Տուլեեւը նույնպես «փուստ» չտվեց: Երբ Պուտինը Կեմերովո էր հասել, խորհրդակցության ընթացքում նա մեկ անգամ եւս երախտիքի խոսքեր հղեց երկրի ղեկավարին. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, դուք անձամբ զանգեցիք ինձ: Մեկ անգամ եւս` մեծ շնորհակալություն: Անձամբ ձեզնից ներողություն եմ խնդրում նրա համար, ինչ եղավ մեր տարածքում»:
https://www.youtube.com/watch?v=SsB07wXZJ1s
Նա նաեւ խոստացավ անձամբ լուծել զոհվածների հարազատների խնդիրները. «Ես անձամբ բոլոր ընտանիքներին կընդունեմ, բայց առայժմ կընդունեմ նրանց, ովքեր ի վիճակի են, ինչպես դուք արեցիք.. հիմա արդեն լուծվում են որոշ հարցեր` պարտքերի, վարկերի առումով: Կենցաղային խնդիրներ են, որ նրանք առաջ են քաշում»:
Այդ նույն խորհրդակցության ժամանակ Տուլեեւը իր նախագահին պատմեց նաեւ ընդդիմադիրների մասին, որոնք, իբրեւ, շտապել են տարածաշրջան` «ողբերգության վրա «պիառվելու» նպատակով»: Ըստ Տուլեեւի` մոտ 200 մարդ է հավաքվել, եւ դրանք ամենեւին էլ զոհերի հարազատները չեն, այլ ընդդիմությունը. «Մենք աշխատում ենք նրանց հետ, ասում ենք` չի կարելի այդպես, դա սրբապղծություն է, երբ վիշտ է, իսկ դու փորձում ես քո խնդիրները լուծել»:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ