Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: Այն հիմնադրվել է 1961 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Թատրոնի միջազգային ինստիտուտի IX կոնգրեսի ժամանակ:
Aravot.am-ը զրուցել է Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ դերասաններից մի քանիսի հետ: Փորձել ենք պարզել, թե ի՞նչ է իրենց համար թատրոնը, եւ այսօր ի՞նչ խնդիրներ ու ինչի՞ կարիք ունեն դերասանները:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն ասում է, որ այսօր արվեստագետն ունի միայն բավարար աշխատավարձի կարիք. «Արվեստագետները, եւ, մասնավորապես, թատրոնում ապրող արվեստագետները միշտ էլ կարիք ունենում են: Որովհետեւ երբեք էլ, թե՛ սովետական միության ժամանակ, եւ թե՛ հիմա դերասանի կամ արվեստագետի աշխատավարձը բացարձակապես բավարար չէ, որպեսզի նա կարողանա գոյատեւել եւ պահել իր ընտանիքը: Բայց, քանի որ մենք ֆանատիկոսներ ենք, եւ բոլորովին ուրիշ գաղափարներով եւ ցանկություններով ապրող մարդիկ ենք, մենք արդեն վաղուց վարժված ենք բավարարվել քչով: Բայց դա չի նշանակում, որ պետք է երկար շարունակվի, եւ մեր ղեկավարությունը չպետք է մտածի այդ մասին»:
Շահվերդյանի խոսքով՝ շատ երիտասարդ դերասաններ այսօր, սոցիալական պայմաններից ելնելով, չեն կարողանում նույնիսկ ամուսնանալ, ընտանիք կազմել. «Հատկապես երիտասարդ սերնդի համար նյութականը կարեւոր է: Նրանք ընտանիք չեն կարողանում կազմել, քանի որ նյութական խնդիր ունեն: Չնայած դրան, նրանք, ովքեր ծնված են բեմի համար, նրանց համար գումարը նշանակություն չունի»:
Թատրոնի դերասանուհի Արփինե Հակոբյանի համար դերասան դառնալը եղել է մանկության երազանք, որը տարիների ընթացքում իրականություն է դարձել: Երիտասարդ դերասանուհին արդեն 5 տարի է, ինչ բեմում է: Ասում է՝ թատրոնն իր համար ամեն ինչ է. «Թատրոնն օդի պես բան է, եթե դու սիրում ես թատրոնը, առանց դրա չես կարող գոյատեւել: Ամեն անգամ բեմ բարձրանալիս վախ ես զգում, վախ՝ դրական իմաստով: Կարծում եմ դերասանին յուրաքանչյուր դեր էլ պետք է հոգեհարազատ լինի, ուղղակի դու պետք է այնքան լավ դերասան լինես, որ յուրաքանչյուր դեր մարմնավորես»:
Արփինեի խոսքով՝ այսօր երիտասարդ դերասաններն ունեն ավելի շատ դեր ունենալու եւ զբաղված լինելու կարիք. «Ինչքան շատ լինեն ներկայացումներն, այնքան ավելի լավ կհղկվես քո աշխատանքում»:
Ինչպես շատ դերասանների, այնպես էլ Արթուր Պապիկյանի համար թատրոնը երկրորդ տունն է: Ասում է՝ եղել են դժվար պահեր ու ժամանակներ, սակայն երբեւէ չի մտածել բեմը թողնելու ու հեռանալու մասին. «Երբեք չեմ մտածել, թե ինչու՞ ընտրեցի այս մասնագիտւթյունը: Սա ես չեմ ընտրել, սա ընտրված եղել է ի վերուստ, իսկ ես զբաղվում եմ»:
Արթուր Պապիկյանն ասում է, որ դերասաններն ունեն հատկապես ուշադրության կարիք. «Միայն ուշադրության կարիք ունի դերասանը, եւ գումարի, որպեսզի ներկայանաս որպես դերասան, որ քեզնից մարդիկ օրինակ վերցնեն»:
Իսկ հանդիսատեսի մասին միայն դրականն է ասում. «Հանդիսատեսն իմ ընտանիքն է: Երբ հաց ես տանում տուն, ուրախ են, քեզ ծափահարում են: Դերդ խաղացիր, հանդիսատեսին դուր եկավ, քեզ ծափահարում են: Դու էլ իրենց ծափերից կյանք ես ստանում: Իրենց ժպիտն ու ուրախությունը, որ տեսնում ես, կյանքդ երկարում է: Եթե հանդիսատեսը չլինի, դերասանն ու՞մ է պետք»:
Հայոց թատերարվեստում եւ մասնավորապես՝ Լոռու թատերական կյանքում ունեցած գնահատելի ավանդի, եւ թատրոնի միջազգային օրվա առթիվ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհակալագրերով պարգևատրվեցին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ՝ Գայանե Մեսրոպյանը եւ Շահեն Հարությունյանը, լուսավորող-օպերատոր Խաչիկ Միրզոյանը, հսկիչ Ժաննա Շախնազարովան, պարետ Արմեն Ղարագյոզյանը: Իսկ Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից շնորհակալագրի արժանացավ թատրոնի հրշեջ-պահակ Յուրա Մադոյանը: Վանաձորի քաղաքապետը եւս շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին:
«Մեր թատրոնի տաղանդավոր դերասանուհի Ալլա Դարբինյանը թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մշակույթի նախարարության կողմից արժանացել է ոսկե մեդալի, իսկ դերասան Հակոբ Դեմիրճյանը՝ պատվոգրի: Տոնի կապակցությամբ շնորհավորում եմ թատերաշխարհի մարդկանց, եւ հատկապես աբելյանցիներին, մաղթում լեփ-լեցուն դահլիճներ եւ հոտնկայս ծափահարություններ»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց թատրոնի PR մենեջեր Գոռ Փելեշյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Թող հանդիսատեսը որոշի ով ա տաղանդավոր, ով չէ: