ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Ոսկեվազ գյուղում տեղի ունեցած դանակահարությունը. մեղադրանք է առաջադրվել 1983թ. ծնված տղամարդուն:
2018թ. մարտի 22-ին՝ ժամը 01:05-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի շրջանում կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչը՝ ծնված 1975թ.:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է՝ ծնված 1983թ., դրդապատճառը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տուժողը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձը համագյուղացիներ են, որոնց միջև ձևավորվել էին անբարյացակամ, լարված հարաբերություններ՝ նախկինում համատեղ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, ապա գործունեությունն առանձին շարունակելու հարցի հետ կապված։ Դեպքի օրը՝ մարտի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, գյուղում հանդիպելով՝ տղամարդիկ սկսել են վիճաբանել, ապա առաջացել է քաշքշոց, որի ժամանակ էլ տուժողի որովայնի հատվածում կտրող-ծակող առարկայով պատճառվել է ծանր մարմնական վնասվածք:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1983թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և հարցաքննվել։
Հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նշանակվել են դատաբժշկական, հետքաբանական, քրեագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե