Մեր տարածաշրջանը գտնվում է վտանգավոր ժամանակահատվածում, մարտահրավերների տեսակների փոփոխմամբ: Խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերի մասին` ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը մեկնաբանում է հարևան երկրի՝ Թուրքիայի քայլերը, որն ամեն օր նախաձեռնում է ռազմական գործողություններ Միջին Արևելքում և դրանով փորձում է իր դիրքերը ամրապնդել: Վերջինս թիրախավորել է քրդերին, ովքեր Իրաքում փորձում են անկախություն հռչակել:
«Աֆրինից հետո շատ փորձագետներ նշում են, որ հաջորդ քաղաքները կարող են լինել Սիրիայի հայաբնակ քաղաքները, ինչը նշանակում է, որ նաև մեզ համար խնդիրներ կարող են առաջանալ: Իսկ Ադրբեջանը գտնվում է մի հետաքրքիր ժամանակահատվածում, երբ այնտեղ ընտրություններ են սպասվում: Բնականաբար, Ալիևը ամենաանկանխատեսելին է, ինչը նշանակում է, որ մենք պետք է զգոն եւ ուշադիր լինենք սադրանքի չտրվելու համար»:
Ըստ Թ. Պողոսյանի` զգոնությունը հատկապես կարևոր է տոների ժամանակ, քանզի Ադրբեջանը հենց այդ ժամանակահատվածներում է սկսում սահմանին լարվածություն առաջացնել:
Խոսելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի` ԱՄՆ այցի մասին՝ Թ. Պողոսյանը, ով ժամանակին եղել է Արցախի ներկայացուցիչ ԱՄՆ-ում, հաջողված է համարում այդ քայլը:
Անդրադառնալով ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հայտարարությանը, նա ասաց. «Այսօրվա դրությամբ հասկանալի է Զատուլինի հայտարարությունը, նա միշտ է եղել պրոհայկական տեսակետ ունեցող, մի կողմից օբյեկտիվ իմաստով, պատմաբանը բնականաբար խոսում էր ազնվության տեսակետից: Նրա ասածները մենք պետք է ընդունենք միայն ի գիտություն: Եթե արդեն ասում են նման բան, ուրեմն ամբողջ ռուսական պետական համակարգը իրենց տվել է «դաբրոն» ՝ այդ տեսակի հայտարարություն անելու: Ինչը նշանակում է, որ հարցը քննարկվել է, մոտեցումն էլ՝ որոշվել»-ավելացնում է նա:
Նշենք, որ Կոնստանտին Զատուլինն ասել էր, թե Ռուսաստանը 2016-ի ապրիլից հետո հետևություններ է արել: Վերջինս, խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքների մասին, հորդորել էր դրանց լուրջ չվերաբերվել:
Սոնա Շահվերդյան