Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում՝ մարտի 25-ին բռնկված հրդեհը զգոնացրել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Մարտի 26-ից ԱԻՆ-ի Հակահրդեհային տեսչությունը մայրաքաղաքի մոլերում ստուգումներ է անում, պահանջում թերությունները վերացնել: ՀԺ-ին հայտնի դարձավ, որ ԱԻՆ-ը մարտի 26-ին ստուգումներ է իրականացրել ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Ռիո» ժամանցաառեւտրային կենտրոնում: ԱԻՆ Հակահրդեհային տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ստուգումների արդյունքում աչքի ընկնող թերություններ չեն եղել, սակայն տեսչությունը պահանջել է, որ որոշ շտկումներ իրականացնեն:
«Ընդհանուր առմամբ նորմալ վիճակ է, բոլոր պահանջներով: Միայն մանր-մուներ ինչ-որ հարցեր կար, օրինակ կար ժամկետանց կրակմարիչ եւ հանձնարարվել է, որ լիցքավորեն: Տարհանման պլանների հետ կապված հարցեր կային, սլաքների քանակը բավարար չէին, հանձնարարվել է, որ այդ թերությունները վերացնեն: Այսպես ասած, կապիտալ բնույթի թերություններ չկան, ռեժիմային կարգի խախտումներ են, որոնք հանձնարարել ենք, որ կարճ ժամկետում վերացնեն»,- ասաց Հակահրդեհային տեսչության պետը:
«Ռիո» մոլում մեզ նույնպես վստահեցրեցին, որ կառույցում թերություններ չկան՝ կապված տարհանման հետ: Տեղեկացրեցին, որ եթե արտակարգ իրավիճակ ստեղծվի, ապա դռները չեն արգելափակվի, քանի որ, ըստ անվտանգության աշխատակիցների, դրանք մեխանիկական են եւ միանգամից կբացվեն: Նրանց փոխանցմամբ՝ շենքի յուրաքանչյուր հարկի յուրաքանչյուր կողային հատվածում առկա է 6 ելք, որոնց աշխատակիցները տիրապետում են եւ կարող են հարկ եղած դեպքում հաճախորդներին ուղեկցել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: