Լրահոս
Օրվա լրահոսը

Ներառական-հիբրիդային պատերազմ Ռուսաստանի Դաշնության դեմ

Մարտ 27,2018 17:03

Դիվանագետների արտաքսման պատերազմը թափ է հավաքում: Իրադրությունների եւ հատկապես ռուս դիվանագետներ արտաքսելու իրարահաջորդ որոշումների կշռույթը մտածելու տեղիք է տալիս, որ ոչ թե բրիտանական որոշման զորակցության եւ արագ արձագանքումների մասին է խոսքը, այլ առավելաբար նախապես համաձայնեցված արտաքսման գործողությունների շարքի։

ՌԴ-ի դեմ շղթայազերծված դիվանագիտական հարթության վրա այս համալիր գործողությունները կարող են դիտարկվել տնտեսական պատժամիջոցներով՝ սկսած ՌԴ-ի մեկուսացմանն առաջնորդող ընդհանուր ծրագրի քաղաքական պարունակում: Առաջադրանք կա Վաշինգտոնի կողմից, որ այսօր արդեն վերածվել է ընդհանրապես Արեւմուտքի ընդհանուր քաղաքականության` ռուսական գործոնի չեզոքացումը իրականացնել ամենաազդեցիկ եղանակներով:

ՌԴ-ի մեկուսացմանը միտող գործողություններն ունեն ֆինանսատնտեսական, ռազմական եւ այժմ դիվանագիտական ուղղություններ: Ֆինանսատնտեսականը պատժամիջոցների մեթոդով իրականացվող, ռազմականը` ՌԴ-ի ազդեցության գոտիներում պատերազմական գործողություններ ծավալելով, եւ այժմ դիվանագիտականը` ռուս դիվանագետների զանգվածային արտաքսումներով:

Կենտրոնանալով այս վերջին պատերազմի մեթոդի վրա, անմիջապես ընդգծվում է, որ դիվանագետների արտաքսումը դեռեւս դիվանագիտական կապերի խզում չէ: Դիվանագիտական կապերի իրողական առկախում կարելի է նկատել պատահարը, որը բնականաբար կունենա հակադարձություն: Պաշտոնական Մոսկվան հայտարարել է արդեն, որ Վաշինգտոնը քանդում է ՌԴ-ի հետ գոյություն ունեցող հարաբերությունների վերջին կամուրջը եւ թե նույն Վաշինգտոնը հասկանում է միայն ուժային միջոցները:

Դեկլարատիվ մակարդակի վրա, ըստ էության, Մոսկվայի օգտագործածը սպառնական ոճ է: Դիվանագետների արտաքսման որոշման դիմաց տվյալ երկիրը դիվանագիտական պատերազմի հակահարված է տալիս արտաքսելով իր մոտ գտնվող արտաքսող պետության դիվանագետներին: Այս մասին Մոսկվան արդեն բարձրաձայնել է:

Բայց ՌԴ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունը չի բավարարվում արտաքսում- արտաքսման դիմաց գործողությամբ: Հայտարարում է, որ Վաշինգտոնին ինչ-որ բան հասկացնել կարելի է միայն ուժային միջոցներով: «Միայն»-ը այստեղ ռազմաքաղաքագիտական նոր եզրաբանությամբ օգտագործվող հիբրիդային պատերազմից ընտրում է ռազմական բաղադրիչը:

Անշուշտ քաղաքական տրամաբանությամբ սպառնական ոճը չի նշանակում համապատասխան քայլի դիմել: Ի վերջո, ուժային եղանակները կարող են վերաբերվել տարբեր տարածաշրջաններում գերտերությունների ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ մղվող պատերազմներին: Հիմնականը`Սիրիայում։

Իսկ այստեղ ՌԴ-ն իր ռազմական գործողությունները ծավալելու համար թվում է, թե ընդհանուր համաձայնություն է գոյացրել Անկարայի հետ: Իսկ այս հիմնահարցի ուղղությամբ Անկարան դատապարտեց Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորումը` նշելով, որ քիմիական զենքերի օգտագործումը «մարդկության դեմ ոճիր» է, հավելելով, որ հանցագործները պետք է շատ արագ կանգնեն արդարադատության առաջ:

Հիմա մի պահ շրջանցենք մարդկության դեմ ոճիրի եւ այդ հանցագործության համար արդարադատության առաջ պատասխան տալու անհրաժեշտության մասին խոսողի պետական կենսագրության փաստը, այլ նկատի ունենանք քաղաքական կարեւոր շրջանցումները, որոնց դիմում է պաշտոնական Անկարան:

Անկարայի դատապարտանքում հասցեականություն չկա: Հայտարարության մեջ ավելին է ասված, թե` Անկարա-Մոսկվա հարաբերությունները լավ վիճակում են, եւ Անկարան չի պատրաստվում միանալու արտաքսման պատերազմին:

Անկարան դեռևս ծրագրեր ունի իրականացնելիք Սիրիայում եւ Իրաքում: Հետևաբար, դեռեւս պետք են ՌԴ-ի հետ համաձայնեցված գործողությունների ձեռնարկումը: Քաղաքական այլ պահի, իր ռազմավարական այլ դաշնակիցների նման Անկարան կարող է ուշացումով հիշել, որ քիմիական զենքի կիրառման հետևում ով է կանգնել ոչ միայն Եվրոպայում, այլ նաեւ այլ տարածաշրջանում:

Զանգվածային ոչնչացման զենքերի առկայության մատնանշումները կամ քիմիական զինատեսակի օգտագործումների հավանական վտանգները, թունավորման դեպքերը առաջին եւ միակ անգամ չէ, որ մատնանշվում են կամ գործադրվում: Դրանք տեղի են տալիս պատերազմների, ներխուժումների, պատժամիջոցների կամ այս դեպքում դիվանագետների հավաքական արտաքսումների, երբ քաղաքական համալիր ծրագիր իրականացնելու կարեւոր հանգրվանների անցում է կատարվում: Թվում է, թե ՌԴ-ի դեմ համալիր ծրագիրը կյանքի է կոչվում ներառական-հիբրիդային պատերազմի տեսքով։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031