Լրահոս
Օրվա լրահոսը

Գրանցվել է նաև կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան դեպք

Մարտ 27,2018 16:46

Նախորդ տարվա վերջից Հայաստանում դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում: Կապույտ հազին բնորոշ է 3-4 տարին մեկ պարբերական աշխուժացումը: Վերջին ակտիվությունը գրանցվել էր 2013-2014 թվականներին: Հիվանդացության պարբերական ակտիվացումը պայմանավորված է պատվաստումներում ուշ ընդգրկման, պատվաստումներից հրաժարման և թերի պատվաստված անձանց կուտակմամբ, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժով։

Տարեսկզբին` հունվար-փետրվարին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում կապույտ հազի հիվանդացությունն աճել է 6 անգամ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է կապույտ հազի 17 դեպք, որոնցից 13-ը (77%) չպատվաստված են, 1-ը (6%)՝ թերի պատվաստված: Կապույտ հազի դեպքերից 11-ը 0-1 տարեկան երեխաներ են: Գրանցվել է նաև կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան 1 դեպք:

Կապույտ հազը մանրէային հիվանդություն է, այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդությունը սկսվում է ընդհանուր թուլությամբ, հազով, ջերմության բարձրացումով։ Աստիճանաբար հազը դառնում է նոպայաձև, նոպայի վերջում ներշնչման ժամանակ երեխան ուժեղ հաչոցանման ձայն է հանում։ Հազն ուժեղանում է երեկոյան և գիշերային ժամերին։ Հազի նոպաների ընթացքում երեխաները լարված են, կարող են առաջանալ արյունազեղումներ մաշկի վրա, աչքի մեջ, հնարավոր են քթային արյունահոսություններ, ակամա միզարձակում և այլն։ Նոպայաձև հազի ժամանակ երեխան կարող է կապտել, այստեղից էլ հիվանդության անվանումն է։ Հիվանդությունը հատկապես ծանր են տանում մինչև մեկ տարեկան երեխաները։ Նրանց մոտ հազը կարող է առաջացնել շնչառության կանգ։ Կապույտ հազին բնորոշ են այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, էնցեֆալիտը (ուղեղի ախտահարումը), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։

Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդության առաջացումը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    ՊԱՏՈՒԱՍՏՈՒՄ – ահա լուծումը: Յարուցիչը Bordetella pertussis բակտերիան է, որի դէմ արդիւնաւէտ պատուաստանիւթ կայ:

    Կենսաբանութեան բազմաթիւ յայտնագործութիւնների շարքում պատուաստումն ամենանշանաւորներից մէկն է կենսաբանութեան ողջ պատմութեան ընթացքում: Թէեւ թոյլ կողմնակի արդիւնքները բացառուած չեն, այնուամենայնիւ պատուաստումը չափազանց անվտանգ եւ բաւական արդիւնաւէտ միջոց է: Ժամանակակից պատուաստանիւթերում չկայ ոչ մի յարուցիչ (վիրուս, բակտերիա), ոչ էլ ժառանգական նիւթ (ԴՆԹ եւ այլն): Նոյնիսկ ամբողջական սպիտակուցների կարիք չկայ: Յատուկ եղանակներով վերցնում են սպիտակուցի մի չնչին կտոր, որն ունակ է իմունային ռեակցիա առաջացնել եւ դա կիրառում են որպէս պատուաստանիւթ:

    Բոլոր այն ահասարսուռ նկարագրութիւնները, որ լսում ենք կայքերում ընդդէմ պատուաստանիւթերի, մեծաւ մասամբ ԶԱՌԱՆՑԱՆՔ են ու հակագիտական:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031