Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին անգամ ասում եմ՝ Վլադիկը խոտի դեզ է այրել, որ հորեղբոր որդու հարսանիքը չկայանա». Թագուհի Մանսուրյան

Մարտ 27,2018 16:42

«Հորեղբայրը դիմել է ոստիկանություն, բայց ոստիկանությունը կաշառվել է: Բացի այդ, որպեսզի եղբայրների միջեւ կռիվը չթեժանա, թեման փակել են…»

2016թ. ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի (լուսանկարում) եւ նրա արդեն նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի գործով հերթական դատական նիստում այսօր Մարտիրոսյանի պաշտպանական ճառի հերթն էր:

Հիշեցնենք, որ այս գործով նախկին ամուսինները որպես մեղադրյալներ են հանդես գալիս: Թագուհի Մանսուրյանը 2016թ. Վլադիկ Մարտիրոսյանի կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ժամանակ, ըստ մեղադրանքի՝ դիտավորությամբ ճանկռել է նրա պարանոցը եւ ձեռքերը: Վլադիկ Մարտիրոսյանն էլ մեղադրվում է նույն միջադեպի ժամանակ նախկին կնոջ հանդեպ բռնություն գործադրելու եւ սպանության սպառնալիք տալու համար: (Հիշեցնենք՝ Վլադիկ Մարտիրոսյանը մեկ այլ՝ հայտնի քրեական գործով արդեն իսկ մեղադրյալի աթոռին է. նա 2016թ. կացնով հարվածել էր զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին եւ աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել էր, իսկ հայր ու դուստր` ծանր վնասվածքներ ստացել):

Այսօր Վլադիկ Մարտիրոսյանի շահերի պաշտպան Լիանա Գասպարյանը ներկայացրեց վերջինիս պաշտպանական ճառը՝ դատարանին միջնորդելով արդարացնել նրան: «Մեղադրանքի հիմքում ապացույցներ չկան: Ընդամենն արձանագրված է, որ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից եղել են իրական սպառնալիքներ: Սակայն դրանք իրական համարելու վերաբերյալ հանգամանքներ նշված չեն: Այդ մեկ նախադասությամբ է մեղադրանքը հիմնավորվում՝ միայն տուժողների ցուցմունքների հիման վրա: Ընդ որում, տուժողները գործով շահագրգիռ անձինք են, միայն նրանց ցուցմունքների վրա չի կարելի հիմնվել,-հայտարարեց Լիանա Գասպարյանը:

Վերջին խոսքի հնարավորությունից օգտվելով՝ մեղադրյալ Վլադիկ Մարտիրոսյանը միացավ իր պաշտպանի փաստարկներին, ասաց, որ երբեւէ դատարանների եւ ոստիկանների հետ առնչություն չի ունեցել, եւ որ նախկին կինն է նրան առաջին անգամ «գցել» ոստիկանություն:

Թագուհի Մանսուրյանն էլ դա լսելով՝ հայտարարեց. «Այսքան ժամանակ չեմ ասել, որովհետեւ այս գործին չի վերաբերում, հիմա ասում եմ: Արցախում գտնվող հարազատ հորեղբոր հետ Վլադիկ Մարտիրոսյանը շփում չունի, նաեւ՝ իր հայրն ու հորեղբայրը չեն շփվում, քանի որ հորեղբոր տղայի հարսանիքի ժամանակ Վլադիկը խոտի դեզ է այրել, որ արարողությունը տեղի չունենա: Հորեղբայրը դիմել է ոստիկանություն, բայց ոստիկանությունը կաշառվել է: Բացի այդ, որպեսզի եղբայրների միջեւ կռիվ չթեժանա, թեման փակել են…»:

Վլադիկ Մարտիրոսյանը կատարվածը չհերքեց, միայն հարցրեց, թե Թագուհի Մանսուրյանը որտեղից գիտի այդ մասին: Վերջինս էլ պատասխանեց, որ հորեղբայրն է իրեն ասել:

Հավելենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ համայնքի նստավայրում այս գործով վճիռը կհրապարակվի վաղը՝ 12:45-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031