Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, Ֆիզիկական հետազոտությունների, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտները, ԻԿՐԱՆԵՏ-Կենտրոն ՄԿ-ն, «Գալակտիկա» ՓԲԸ-ն:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ԳԱԱ 10 ակադեմիկոս, 13 թղթակից անդամ և 30 արտասահմանյան անդամ:
Բաժանմունքի կազմակերպությունները կազմակերպել են 6 միջազգային գիտաժողով:
Բաժանմունքի ինստիտուտները ստացել են 8 արտոնագիր, գիտաշխատողները տպագրել են 2 մենագրություն, որոնցից 1-ն` արտասահմանում, 210 հոդված, որոնցից 130-ն` արտասահմանում, 112 թեզիս, որոնցից 45-ն` արտասահմանում, 5 ուսումնական ձեռնարկ:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռ.Մարտիրոսյանը և Ա.Մկրտչյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հ.Մաթևոսյանն արժանացել է «Գիտության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչման:
Ժողովի ընթացքում 2017թ-ի գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը:
Ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
-«Ակտիվ գալակտիկաների որոնումները և ուսումնասիրությունները Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Ա. Միքայելյան
-«Մեմրիստոր – էներգաանկախ հիշողության նոր տիպի տարր: Ցինկի և լանթանի օքսիդների հիման վրա մեմրիստորների ստեղծում և հետազոտում», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Ե. Կաֆադարյան
-«Անանցումային դաշտային տրանզիստորների կոմպակտ մոդելավորման ներկա զարգացումները և հեռանկարները», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Ա.Է.Եսայան
-«Դիֆրակցված ռենտգենյան և նեյտրոնների փնջերի բնութագրերի կառավարում», զեկուցող` ֆ.-մ.գ.թ. Վ. Քոչարյան, Ա. Մովսիսյան:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն