Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության 1 միլիարդանոց շենքը Գյումրու տուրիստական փողոցից տեղափոխելու թեման դեռ փակված չէ (Տեսանյութ)

Մարտ 27,2018 16:34

Aravot.am-ը Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին հարցրեց, թե քննարկվո՞ւմ է ոստիկանության նորակառույց շենքը վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու կենտրոնը տուրիստական գոտու վերածելու ծրագրով վերանորոգված Ռուսթավելու անվան փողոցից տեղափոխելու հարցը։ Հիշեցնենք, որ ոստիկանության շենքի շինարարությունը Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող այդ փողոցում սկսվել էր վարչապետի ծրագրից ավելի վաղ՝ 2015 թվականին։ Այնտեղ մտադրված են տեղակայել Շիրակի մարզային վարչությունը, Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժինը և ճանապարհային ոստիկանությունը։

«Կումայրին» ոստիկանության ամենածանրաբեռնված բաժիններից է, այս բաժնում, բնականաբար, հանցագործության մեջ կասկածվող անձանց բերման ենթարկելու տեսարաններն անպակաս են։ Ու կա մտահոգություն, որ հանցագործ բռնող կառույցն անհամատեղելի է տուրիստական գոտու հետ։

Հենրիկ Գասպարյանն ասաց․ «Ոստիկանության շենքի տեղափոխման նպատակահարմարության թեման բազմիցս քննարկվել է, կարծիքները միշտ բաժանվել են։ Մի մասն ասում է՝ պետք չէ տուրիստական կենտրոնում ոստիկանությունը նման շենք ունենա, որովհետև նրանք ուրիշ տեսակ են պատկերացնում, իրենք գիտեն, որ ոստիկանությունում միշտ պետք է մարդ բռնեն, բերեն, մի մասն էլ ասում է ՝ոչ, մենք պետք է հասնենք նրան, որպեսզի ոստիկաններն ավելի կիրթ դառնան։ Երկրներ, քաղաքներ կան, որտեղ ոստիկանության շենքը, դատարանի շենքը և նման տեսակի շենքերը հենց քաղաքի կենտրոնում են։ Դա ավելի զգաստացնող է և՛ բնակչությանը, և՛ ոստիկաններին, որ ավելի կիրթ լինեն, ավելի բարեհամբյուր լինեն։ Հիմա այդ հարցը ներկա դրությամբ ի օգուտ է ոստիկանության, բայց նորից կարող է քննարկվել։ Ամեն դեպքում մենք առաջ ենք քաշել այն հարցը, որ գոնե ավտոտեսչությունը հանվի այդտեղից, որովհետև այդտեղ մեքենաների հոսքն է շատ, իսկ մեքենաների հոսքը մենք չենք ուզում շատ լինի, ուզում ենք պակասեցնել։ Շարունակությունը ցույց կտա»։

Նշենք, որ վերջին շրջանում այս փողոցով անարգել երթևեկում են նաև բեռնատար մեքենաները, որոնք շինանյութ են կրում վերանորոգվող հարակից փողոցների համար, և որոնք նպաստում են սալաքարերի կոտրվելուն կամ ճաքելուն։ Ու չնայած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 2-րդ սպայական վաշտի հրամանատարը շաբաթ օրը գրավոր հանձնարարական էր ստացել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից պատշաճ ծառայություն իրականացնել Գյումրու Ռուսթավելի փողոցում և բացառել բեռնատարների երթևեկությունն այդ փողոցով, սակայն կիրակի օրը՝ ծաղկազարդի տոնը նշելու համար Սուրբ Նշան եկեղեցի եկած բնակիչներից Aravot.am-ը ահազանգեր է ստացել, որ բեռնատարները շարունակում են անարգել երթևեկել։ Ավելին, ըստ ահազանգողների, ժամը 14․00-ի սահմաններում բեռնատարները խցանում են ստեղծել Իտալիայի հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյին պատկանող հյուրատան դիմաց։ Այդ օրը թե՛ բեռնատարների և թե՛ սովորական մեքենաների վարորդներն անգամ երթևեկել են մայթերով, որին ականատես են եղել եկեղեցուց դուրս եկած հավատացյալները։

Aravot.am-ն անխոս կհետևի, թե ՃՈ-ն կատարո՞ւմ է արդյոք իր պարտականությունները տվյալ փողոցում, որը կառուցելու համար մեծ գումար է ծախսվել, և որի գեղեցկությունը վայելելու են նաև ՃՈ աշխատակիցները․ նրանց նույնպես մտադրված են աշխատատեղ հատկացնել այնտեղ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031