Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ցավով արձանագրեց, որ Հայաստանում առանց առաջին ընթերցման օրենք է ընդունվել:
«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով լրագրողների մուտքը Երևանի ավագանու նիստերի դահլիճ սահմանափակելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունում՝ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին, որոնք ԱԺ-ն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, փաստին, պարոն Նավասարդյանը մտահոգություն հայտնեց. «Սկսել են ՀՀ կառավարության նիստերից, հետո տեղափոխել Երևանի ավագանի, հիմա կարող են տեղափոխել մեծ քաղաքների ավագանիներ: Սա անմեղ գործընթաց չէ»:
Պարոն Նավասարդյանի վստահեցմամբ՝ լրագրողական կազմակերպությունները քայլեր ձեռնարկում են այս օրենսդրական նախաձեռնության ընդունումը կանխելու համար. «Մենք կփորձենք դա անել Սահմանադրական դատարանի միջոցով: Սահմանադրական դատարան կարող ենք դիմել ՄԻՊ նախաձեռնությամբ: Եղել է հանդիպում, որտեղ այդ հարցերը մի քանի լրագրողական կազմակերպություններ բարձրացրել են: Մյուս տարբերակը՝ պատգամավորների միջոցով նախաձեռնել Սահմանադրական դատարան դիմում: Երրորդ տարբերակն է դիմել է ՀՀ նախագահին, որ այս օրենքը չստորագրի, և օրենքը ուժի մեջ չմտնի»:
Հարցին՝ ինչի՞ց են վախենում ՀՀ իշխանությունները, որ այսպիսի քայլերի են դիմում, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Ցանկացած ներկայացուցչական մարմնում կան անձինք, որոնք ներկայացնում են իշխանությունը, բայց շատ հաճախ իրենց մտածելակերպով և ելույթներով ավելի շատ վարկաբեկում են իշխանությանը: Հնարավոր է՝ փորձում են սահմանափակել իրենց վարկաբեկող պահվածքների հետևանքները: Մյուսն այն է, որ վերջին ամիսներին ավելի հաճախ են դարձել որոշումները, այնպիսի նախաձեռնությունները, որոնք հակասում են հանրային շահին: Այդ բոլոր թույլտվություններն ու որոշումները, որոնք հանրության շահերին հակասում են, շատ ավելի հեշտ է ընդունել, եթե ամբողջ գործընթացն անցնում է փակ դռների հետևում կամ առավել քիչ հասանելի է լուսաբանման համար»:
Ըստ պարոն Նավասարդյանի՝ մի շարք տեխնիկական խնդիրներ ևս առաջանալու են այն պատճառով, որ լրագրողները ավագանու նիստին հետևելու են առաջին հարկի սենյակից, մինչդեռ նիստը տեղի է ունենալու հինգերորդ հարկում: Ավելին, որպես կանոն՝ տեխնիկական խոչընդոտներ առաջանում են հենց այն ժամանակ, երբ ամենահետաքրքիր բանն է լինում:
Արդյոք Երևանի ավագանու նիստերի լուսաբանումը բոյկոտելը կօգնի՞ լրագրողներին, պարոն Նավասարդյանն այս նախաձեռնությունը նպատակահարմար է համարում, սակայն կարծում է, որ կլինեն լրատվամիջոցներ, որոնք չեն մասնակցի:
Անկախ լրագրող, «Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը չի կարծում, թե դա արդյունավետ կլինի: Ըստ նրա՝ դա նվեր կլինի իշխանություններին: Մյուս կողմից լրագրողները պարտավորություններ ունեն հասարակության առաջ՝ տեղեկատվություն տրամադրել, ուստի չեն կարող հասարակական հսկողի դերը թողնել: Ընդհակառակը, պետք է ավելի շատ լուսաբանել:
Բնութագրելով Երևանի քաղաքապետարանի վարքը՝ Արման Ղարիբյանը հայտարարեց. «Տեսնելով, որ Երևանի քաղաքապետարանի՝ այդ որոշումը հակաօրինական է, որոշեցին գնալ ԱԺ, այդ որոշմանը օրենքի տեսք տալ ու գաղտագողի այդ որոշումն ընդունել: Մինչ այդ ԱԺ-ն ներկայացնում էր Երևանում ՏԻՄ մարմինների մասին օրենքի փոփոխություններ անելու նախագիծ, որը միանգամայն այլ դրույթի էր վերաբերվում: Մեկ գիշերվա ընթացքում մինչև երկրորդ ընթերցումը միանգամայն նոր նախագիծ են առաջարկում, որը վերաբերում է ավագանու նիստերին լրագրողների աշխատանքին»:
Արման Ղարիբյանն ընդունեց, որ խոսքի ազատությունը բացարձակ լինել չի կարող, բայց միևնույն ժամանակ փաստեց, որ կան հստակ չափանիշներ: Նա թվարկեց. «Նախ պետք է լինի օրինական սահմանափակում, պետք է հետապնդել օրինական նպատակ և անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակության համար: Նույնիսկ, եթե այս օրենքն առաջին չափանիշին համապատասխանում է, ապա երկրորդ և երրորդ սկզբունքներին ակնհայտ՝ ոչ: Այս օրենքը ոչ լեգիտիմ նպատակ է հետապնդում, այն չի կարող անհրաժեշտ լինել ժողովրդավարությանը»:
Արման Ղարիբյանը, հղում կատարելով ՏԻՄ օրենքին, նշեց, որ ՏԻՄ ղեկավարը պարտավոր է պայմաններ ստեղծել ավագանու նիստի իրականացման համար: Ըստ նրա՝ ընդամենը կարելի էր Երևանի ավագանու նիստերի դահլիճում կահավորման փոփոխություն անել, և հարցը կլուծվեր:
Արման Ղարիբյանն ամփոփեց. «Նպատակը լրագրողների աշխատանքը սահմանափակելն է: Խնդիր է նաև այն, որ մենք վստահ չենք, թե ինչպիսին կլինի հեռարձակումը: Արդյոք լրագրողը տեսնելու և լսելու հնարավորություն կունենա՞ նույն ծավալով տեղեկություն, ինչը կստանար դահլիճում ներկա լինելու դեպքում: Զանգվածային լրատվության մասին օրենքում հավատարմագրման կարգի մասին խոսելիս նշվում է, որ հավատարմագրումն այնպես պիտի կազմակերպվի, որ չսահմանափակի լրագրողի՝ տվյալ մարմնի նիստին մասնակցելուն: Սակայն դա այս օրենքի կիրառման պարագայում խոչընդոտվելու է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ