Պատասխանելով հնչած հարցին, թե արդյոք հնարավոր է համագործակցել ադրբեջանցի կինոգործիչների հետ՝ կինոարտադրության ոլորտում, GAIFF Pro ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանն ասաց. «Ծրագիրը պատրաստելիս մենք մտածել ենք այս հարցի շուրջ: Մենք այսօր խնդիր ունենք անգամ հայկական ֆիլմը Թուրքիայում ցուցադրելու հետ կապված: Պետք է նկատի ունենալ, որ նման խնդիրներ միշտ լինելու են, բայց պետք է կարողանանք փառատոնային միջավայրում ստեղծել մի դաշտ, որտեղ մարդիկ կարողանան իրար հետ խոսել…Հնարավոր է համատեղ արտադրություններ Գերմանիայի, Ֆրանսիայի հետ, օրինակ` իրենց պրոդյուսերները գան նախագծերով: Մենք սահմանափակում չենք դնում, կարեւորը ֆիլմը լինի հետաքրքիր, պատմությունը լինի հետաքրքիր, արժանի նրան, որ ընտրված լինի եւ մասնակցի շուկային: Այդ տեսակետից խնդիր չեմ տեսնում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանն էլ հավելեց, որ փառատոնային շարժումները ցույց են տալիս, որ այսօրվա փառատոներն առանց նման նախաձեռնությունների եւ հարթակների (նկատի ունի GAIFF Pro-ն-Գ.Հ.), այլեւս արդիական չեն. «Փառատոնի նպատակը ոչ միայն լավագույն ֆիլմերը այստեղ բերելն է, միջավայր ստեղծելը, հանդիսատեսին ներկայացնելը կինոարվեստի կարեւոր ձեռքբերումները, այլեւ հայկական ֆիլմերը ներկայացնելը նույն հարթակում, ինչը նպաստում է խթանել տեղական արտադրությունը: Ի դեպ, տեղական արտադրությունը առանց ավելի մեծ պատկերի եւ տեսլականի, չենք կարող զարգացնել: Առաջին խնդիրը համատեղ արտադրությունն է, երկրորդը ինտեգրվելը տարածաշրջանի եւ եվրոպական կառույցների ու կինոգործընթացների մեջ»:
Մանրամասները տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ