Թատրոնի միջազգային օրվա առթիվ « Ազդակ » լրագրողական ակումբը կազմակերպել էր մամուլի ասուլիս, որի հյուրն էր Երեւանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը: Բանախոսը նախ շնորհավորեց թատրոնի ողջ անձնակազմին տոնի կապակցությամբ, ապա խոսեց թատրոնում առկա խնդիրների, ինչպես նաեւ ձեռքբերումների մասին:
«Մեծ կարիք ունենք շինարարական աշխատանքների: Գաղտնիք չի, որ մեր թատրոնները ֆինանսական առումով սարսափելի վիճակում են գտնվում: Բացի այդ՝ թատրոնը այն օրգանիզմը չէ, որտեղ միայն դերասանն է եւ հանդիսատեսը. այնտեղ այլ օրգաններ եւս կան » – նշեց պարոն Հարությունյանը:
Անդրադառնալով թատրոնի ձեռքբերումներին ասաց, որ առաջընթաց կա հաճախումների հետ կապված. «Թատրոն չգալը կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ՝ սկսած ալարկոտությունից մինչեւ սոցիալական պայմաններ, բայց վերջին շրջանում մարդիկ սկսել են ավելի շատ այցելել թատրոն»:
Ծրագրերին էլ անդրադարձ եղավ: Դավիթ Հարությունյանը նշեց, որ մտադիր է Րաֆֆու « Խենթ »-ը բեմադրել, բայց ամբողջապես նորովի, ինչպես նաեւ բեմում «առնչվել» Ակսել Բակունցի հետ:
Գայանե ԻՍՐԱՅԵԼՅԱՆ