Լրահոս
Օրվա լրահոսը

Մազերի գույնի, ծխելու, արտաքին տեսքի հետ կապված նման խտրական վերաբերմունք չի կարող լինել, դա արդեն իսկ մտորելու տեղիք է տալիս. Իրավապաշտպանը՝ Ասյա Խաչատրյանի պնդումների մասին

Մարտ 27,2018 15:55

Կապտահեր, ծխող, մի քիչ տարբերվող արտաքինով ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը (լուսանկարում) Epress.am-ին պատմել է, թե ինչ է պատահել իր հետ, երբ գնացել է Ղարաբաղ ու մի օր գիշերը ժամը 12-ին որոշել զբոսնել արցախյան փողոցներում: Նրան ոստիկանները սկսել են հարցեր տալ, տարել են բաժին, լրտեսի տեղ դրել, այցելել իրենց տուն, բնակարանն առանց խուզարկության իրավունքի խուզարկել, սկսել ամոթանք տալ, որ ծխում է, գարեջուր է խմում՝ աղջիկ հալով: Բանը հասել է նրան, որ Խաչատրյանի պատմելով՝ ոստիկանական բաժնում իրեն հայհոյել են, ապտակել, սպառնացել ծեփել պատին եւ այլն: Երբ աղջիկը խոսել է իր իրավունքներից ու օրենքներից, նրան նետել են՝ օրենք Հայաստանում կպահանջես, իսկ որպես իրենց գործողությունների բացատրություն՝ ասել են, որ Ղարաբաղում կինը չպետք է ծխի ու մազերը կապույտ ներկի:

Այս միջադեպին արձագանքել է Արցախի օմբուդսմենը՝ հաղորդագրություն տարածելով, որ եթե Ասյա Խաչատրյանի պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա ԱՀ ոստիկանության տվյալ ծառայողների գործողությունները անընդունելի են եւ ենթակա են խիստ իրավական գնահատականի:

Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը մասնավորապես ասաց, որ իր համար առաջնայինն այն է, թե ինչպիսի խտրական վերաբերմունք են դրսեւորել ՀՀ քաղաքացու՝ կնոջ հանդեպ Արցախում. «Նրա մազերի գույնի, ծխելու, նրա արտաքին տեսքի հետ կապված նման խտրական վերաբերմունք չի կարող լինել, դա արդեն իսկ մտորելու տեղիք է տալիս: Արդեն պատկեր ենք կազմում, թե ինչ իրավիճակում է գտնվում արցախցի կինը: Խոսք է գնում նաեւ բռնության մասին, որին մասնակից է հենց պետական մեքենան: Եթե բռնությունը տեղի ունենար փողոցում Արցախի քաղաքացիների եւ ՀՀ քաղաքացու միջեւ, դա այլ մեկնաբանություն կստանար, իսկ այս դեպքում բռնություն կիրառողը եւ խտրականության ակնհայտ դրսեւորողը ոստիկանությունն է, ինչը էլ ավելի մտահոգիչ եւ էլ ավելի դատապարտելի է: Այստեղից կարելի է եզրակացնել, թե Արցախում ինչ կարգավիճակում է կինը եւ ինչպիսի խտրականությունների է ենթարկվում, ինչպիսի սահմանափակումներ ունի՝ դրսում զբոսնելու, տեսքը իրենց պատկերացումներով պատշաճ լինելու, երեկոյան որ ժամից որ ժամը դուրս ու ներս անելու հետ կապված: Քրիստոնեական պետություններում նման դրսեւորումները…մահմեդական պետություններում կա այդ սահմանափակումները եւ առաջադեմ աշխարհը միշտ մատնանշում է, որ այնտեղ բավական լուրջ խնդիրներ կան կանանց իրավունքների տեսանկյունից, հիմա մենք Արցախում ենք ականատես դառնում կրկնակի խտրականության՝ առաջին հերթին կին է, երկրորդը՝ իրենց պետության քաղաքացի չէ»:

Թե միջադեպին ինչ իրավական գործընթաց կարող է հետեւել՝ Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը խոստացել է, որ հետամուտ պետք է լինի խնդրի իրավական լուծմանը: Բայց քանի որ Արցախը չճանաչված հանրապետություն է, օրինական միջպետական գործընթացներ լինել չեն կարող, իրավական որեւէ լծակ չկա, դրա հետ մեկտեղ չկա նաեւ ՄԻԵԴ լծակը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Ասյա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ինչքան Բերձորի ջարդարարները պատժուեցին, այնքան էլ սրանք կը պատժուեն: Ու սրանց համար գնում են սահման պահում, դեռ մի բան էլ զոհւում: Արդէն 1999թ.-ին են հասել: Շուտով 2000թ.-ի ծնուածների հերթն է (մեղա՜յ քեզ, Աստուած):

    Յ.Գ. Ի՜նչ լաւ աղջիկ է: Իր իրաւունքներն ու պարտականութիւնները յստակ իմացող ՀՀ քաղաքացի:

    • Հ.Շ. says:

      այո՜… անշուշտ… Արցախը պէտք է անմիջապէս ետ յանձնել թուրքին, եւ արդէն մեր բոլոր խնդիրները կը սրբագրուին

      Յ.Գ. նաեւ այո՜, սքանչելի, հոյակապ աղջիկ է սա… տիպար, օրինակելի՛ հայուհի… ուզում եմ տղուս համար նրա ձեռքը խնդրել, անմիջապէս, առաջ որ ուշ լինի… այսպիսի բացառիկ, զգլխիչ հայ աղջիկ դիւրին չէ գտնելը…

  2. Հ.Շ. says:

    սխալը այն է թէ մազերը կապոյտ է ներկել… թէ որ վարդագոյն ներկեր, խնդրիր չէր ունենար… lol(-ig)

  3. Հ.Շ. says:

    “Թբիլիսի կատարած հաճախ այցելությունների ժամանակ մեր, այսպես կոչված, ազատատենչ աղջիկը իր ընկերուհու հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: ”

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/03/28/945763/

    • Արտակ says:

      Նույնիսկ այդ «լուր-կուտը» տվողը՝ Իսագուլյանը, տենց վստահ չէր արտահայտվում։

      Ու նույնիսկ եթե աղջիկն իսկապես եղած լիներ Ադրբեջանում, դա որևէ կերպ չի արդարացնում ոստիկանների սանձարձակ ու հանցագործ վարքը։

      • Հ.Շ. says:

        մինչեւ այս պահս, օրիորդը տակաւին չհերքեց որ Պաքու այցելած է, եւ այդ ել բազմիցս, ըստ կառավարութեան խօսնակին. եւ գաղտնագողի, չուզելով որ անձնագրին մէջ երեւնայ այդ երթեւեկի դրոշմը.

        լաւ եմ հասկանում որ, Համացանցի վրայ հաւատալիութիւն վայելելու համար, հերոս դառնալու համար, անհրաժեշտ է կապոյտ մազեր ունենալ, սակայն կարո՞ղ ենք մի պահ բարեհաճիլ լսել հակառակ տարբերակը

        տառացիօրէն պատերազմական վիճակի մէջ, յարձակման մնայուն սպառնալիքի տակ գտնուող վայր մը, տեղւոյն իշխանութիւնները ոչ միայն իրաւասու են, այլ հիմնականօրէն պատասխանատու են ապահովելու անվտանգութիւնը. իրենց համար, անձ մը նկատուած է կասկածելի. այդ կասկածանքի պատճառով, զինք ենթարկած են հարցաքննութեան. գլուխ բռնած է, կոպիտ ու անկիրթ կերպով հակազդած է, գրգռիչ (provocative) վարքագիծ ունեցած է. յաջողած է ոստիկաններից ոմանց զայրացնել. մնացեալը յստակ չէ, յատկապէս «ծեծ»ի վերաբերեալ աժան բանաձեւումները… սակայն հաւանաբար վրան գոռացած են, խիստ կերպով տեղափոխած.

        ամէն դէպքում, խնդիրը եղած միջադէպը չէ, այլ այն երեւոյթը որ այս առիթով անմիջապէս մէջտեղ ելան Արցախի դէմ կարգ մը հայաստանի հայերի բացասական կեցուածքը, թոյնն ու մաղձը.

        յատկապէս Երեւանի մէջ ապրողը անհնար է որ հասկանայ թէ ինչ է իսկական կացութիւնը, Արցախի մէջ

        իսկ երբ որ մարդ իր սովորական միջավայրէն տարբեր տեղ կ’երթայ, պիտի որ նաեւ մի քիչ յարգէ այդ վայրը, իր վարքագծով.

        ես, կինս եւ մեր երկու զաւակները տասներեք տարիներէ ի վեր ամէն տարի մի ամբողջ ամիս կ’ապրինք Արցախում, զուտ սեփական ծրագրով. երբեք, որեւէ ատեն եւ որեւէ կերպով, որեւէ տեսակի խնդիր չենք ունեցած ոստիկանների հետ. սակայն երբ որ այնտեղ ենք, ամբողջովին նոյնը չենք, քան երբ որ կը գտնուինք արեւմտեան մեր բնակութեան երկում. կը յարմարինք միջավայրին. առ ի յարգանք, եւ նաեւ պարզապէս խելք գործածելով.

        շատ ցաւալի է որ կան հայեր որոնք այսքան լարուած, անհանդուրժող, համարեա թէ ատելութեամբ են լեցուած են Արցախի նկատմամբ. եւ խօսքս այդ օրիորդին մասին չէ, նա վառվառուն ջահել մըն է, գլուխը օդին մէջ, որ չի գիտեր իսկ թէ ինչ է անում. սակայն իր միջադէպի առիթով բարձրացած ներազգային աղմուկը ափսոսալի շատ բաներ կը բացայայտէ…

        • Հ.Շ. says:

          լաւ, հիմա տեսայ որ նա հերքում է Պաքու այցելելը… տեսնենք… ամէն դէպքում, մնացեալ բացատրութիւններս կը մնան ի զօրու… այդ տարածքաշրջանին մէջ, կասկածանքի հիման վրայ անգամ, իրավապահ մարմինները պարտաւոր են խստօրէն կատարելու իրենց գործը. աղջնակ մը կարգին ծեծելը միայն չափը անցընել կը լինի, սակայն օրիորդին ըսածներուն ընդմէջէն իսկ հիմնականօրէն քաշկռտուքի մասին է խօսքը. «թեթեւ ապտակ» մըն ալ լսեցի, ինչ որ երեւի նման է ծնողական ապտակի…

          այսքան աղմուկ հանել, այսպիսի միջադէպի մը համար, տուեալ կացութեան մէջ, անհասկնալի է

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031