Լրահոս
Օրվա լրահոսը

Սուսաննա Հարությունյան. «Ինչքան մեծ հավակնություններ ես ունենում, այնքան հաջողակ ես լինում»

Մարտ 27,2018 15:36

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման 15 եւ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի 10 հաջողակ տարիներից հետո «Ոսկե ծիրանը» մեկնարկում է կինոարտադրության ոլորտի զարգացման նորարարական հարթակ՝ GAIFF Pro՝ նախատեսված տեղական, տարածաշրջանային և միջազգային կինոգործիչների համար: Ողջ տարին գործող հարթակի շրջանակներում կկազմակերպվեն տարածաշրջանային կինոշուկաներ, դասընթացներ, վարպետության դասեր և փիթչինգ ելույթներ, որոնք կբացեն ֆինանսավորման և համագործակցության նոր հեռանկարներ:

Ծրագրի առիթով ՀԲԸՄ-ի գրասենյակում մարտի 27-ին հրավիրված ասուլիսին ներկա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը, GAIFF Pro ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը եւ ծրագրի համակարգողները մանրամասներ հայտնեցին:

«Մենք արդեն սկսում ենք մեր աշխատանքները 15-րդ հոբելյանական փառատոնի հետ կապված, ունենք մեծ փորձառություն, դրա համար էլ մտածեցինք «Ոսկե ծիրանին» կից եւ «Ոսկե ծիրանի» շրջանակում հիմնել եւ զարգացնել նոր պրոֆեսիոնալ հարթակ` տեղական եւ տարածաշրջանային արտադրության համար»,-ասաց տիկին Հարությունյանը:

Մանրամասները` տեսանյութում:

 Մելիք Կարապետյանը նշեց, որ փորձել է հավաքել թիմ, որը բաղկացած է երիտասարդներից. «Բարձրաձայնում ենք մի ծրագրի մասին, որի արդյունքները կտեսնենք հուլիսին: Հուսով ենք, որ պահն արդեն հասունացել է, որովհետև ինչպես Սուսաննան նշեց, տարիներ շարունակ ծրագրի շատ մասեր իրականացնում ենք, նաեւ ՀԲԸՄ գրասենյակում վարպետության դասեր ենք անում, իսկ հիմա ավելի ընդլայնված ծրագիր ենք ներկայացնում, որը ոչ միայն տեղական արտադրությանն է զարկ տալու, այլեւ տարածաշրջանային մշակված ծրագրեր է կյանքի կոչելու: Կարծում ենք, որ տարածաշրջանայինից դեպի տեղականն ավելի մեծ արդյունք է տալու, քան եթե միայն տեղական արտադրության զարգացման վրա կենտրոնանայինք»:

Մանրամասները` տեսանյութում:

Դալար Կազանջյանը կարեւորեց համագործակցության նոր փուլի անցնելը, ասաց, որ ՀԲԸՄ-ն պատրաստ է իր լուման ներդնել, որ Հայաստանը դառնա տարածաշրջանային կենտրոն:

Ծրագրի համակարգող Սեդա Գրիգորյանը նշեց, որ C2C տարածաշրջանային համատեղ կինոարտադրության հարթակը Փոքր Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային կինոշուկա է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմի նախագիծը, ինչպես նաև ներկայացնել այն կինոարտադրության հավատարմագրված միջազգային մասնագետներին՝ խթանելով համագործակցություն տեղական ու միջազգային կինոարտադրողների միջև: C2C-ն կազմված է երեք հիմնական բաղադրիչից՝ լիամետրաժ կինոնախագծերի շուկա, աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկա եւ C2C կինոցուցադրություն:

Մանրամասները` տեսանյութում:

Անդրադարձ եղավ նաեւ ՍինեՄիտք (CineThink)-ին, որը ողջ տարին ձգվող միջոցառումների շարք է, որի նպատակն է՝ զարգացնել Հայաստանի կինոարտադրությունը: Ծրագիրը յուրօրինակ համագործակցություն է GAIFF Pro-ի և Think դասընթացների ծրագրի միջև: 10 մասից բաղկացած կուրսը նախատեսված է 10 կինոռեժիսոր/սցենարիստի համար: Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան օգտագործել ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները՝ ներկայացնելով իրենց նախագծերը տեղացի ներդրողներին և ֆինանսավորողներին: Ինչ վերաբերում է Հայացք (In Focus)-ին, այն այս տարի անդրադառնում է ԱՊՀ երկրներին՝ կազմակերպելով կլոր սեղան քննարկումներ և ֆիլմերի ցուցադրություններ հրավիրյալ կինոգործիչների և կինոարտադրող ստուդիաների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել և գնահատել տարածաշրջանային համագործակցությունների հեռանկարները: Իսկ ԿինոԴարանը նպատակ ունի ծրագրեր իրականացնել հայկական և տարածաշրջանային ֆիլմերի, մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման և տարածման ուղղությամբ:

Նշվեց նաեւ, որ GAIFF Pro-ն համագործակցում է մի շարք տեղական և միջազգային կառույցների հետ՝ տեղացի կինոարտադրողներին հնարավորություն ընձեռելով մասնակցել համագործակցության հարթակների և զարգացնել սեփական կինոնախագծերը:

Մելիք Կարապետյանը խոսեց ծրագրի բյուջեից, շեշտելով, որ անգամ «Ոսկե ծիրան» փառատոնի համար ֆինանսավորման աղբյուրներ փնտրելը մեծ բարդություն է, բայց այս ծրագիրն այնքան հեռանկարային է, որ չեն զլանա կրկին դռներ թակել եւ փնտրել ինքնաֆինանսավորման աղբյուրներ հետագա տարիների համար:

Մանրամասները` տեսանյութում:

 Սուսաննա Հարությունյանի ձեւակերպմամբ, GAIFF Pro-ն հավակնոտ ծրագիր է, բայց. նրա խոսքերով. «Ինչքան մեծ հավակնություններ ես ունենում, այնքան հաջողակ ես լինում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031