«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը անդրադառնալով Զարուհի Փոստանջյան եւ Անահիտ Բախշյան վեճին՝ նրանց հորդորել էր, որ «Ժառանգության» անունը քիչ հոլովեն: «Իրենք «Ժառանգությունից» ամեն ինչ ստացել են եւ պետք չէ «Ժառանգության» անունն այլեւս հոլովեն»,- ասել էր պարոն Մարտիրոսյանը՝ «Հրապարակ»-ին: Իսկ թե ինչ են ստացել «Ժառանգությունից», նշել էր՝ «հանրաճանաչություն, պատգամավորական մանդատ, հնարավորություններ, շատ բան»:
Հիշեցնենք, որ Փոստանջյանը Բախշյանին ավագանու նիստում մեղադրել էր «արյունոտ ձեռքերից» մեդալ ստանալու մեջ: Նախկին ժառանգական Ստյոպա Սաֆարյանն ասել էր, որ Անահիտ Բախշյանին տրված մեդալի ճակատագիրը որոշել է բացարձակապես «Ժառանգությունը», մինչդեռ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ «Ստյոպան կեսն է ասում, կեսը չի ասում»:
Թե ո՞ր կեսն է թաքցնում ու չի ասում պարոն Սաֆարյանը, Aravot.am-ը փորձեց պարզել նրանից: Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ «առանձնապես ոչինչ չեմ թաքցրել, ոչ ամաչելու բան ունենք, ոչ էլ»: Նրա խոսքով՝ «Մենք ենք որոշել, թե ում ենք ներկայացնում, ոչ ամաչում ենք, որ մենք դա արել ենք, ոչ Էլ: Ես կյանքում չեմ մոռանա, թե ինչպես էին ծափահարում Անահիտ Բախշյանին ԱԺ բակում, այնպես որ, որեւէ բան չկա, որ թաքցնենք: Չէի ուզենա, որ այս զրույցը շարունակություն ստանար, առավել եւս, երբ որեւէ բան չկա թաքցվող: Երբ Անահիտ Բախշյանը 2008 –ին Մյասնիկյանում առաջինն է եղել մեզանից այնտեղ կանգնած, որեւէ մեկը չի եղել, երբ Անահիտ Բախշյանն ամենաակտիվներից մեկն էր քաղբանտարկյալներին այցելելու, համաներման ցուցակի վրա աշխատելու եւ այլ առումներով, դրան էլ գումարած խորհրդարանական մեծ ակտիվությունը՝ մեր բոլորիս համեմատությամբ, նրա հեղինակությունը՝ կրթական ոլորտում բարեփոխումներում, նրա մասնակցությամբ էին ընդունվում ՀՀ-ի համար կարեւոր օրենքներ, հարյուրավոր նամակները, որ ունեցել է Անահիտ Բախշյանը, ընդունված օրինագծերի ռեկորդային ցուցանիշները Անահիտինն է եղել…այնքան արժանի է եղել, որ չի եղել կասկած, որ ինչ-որ այլ մեկին հասներ, չնայած բոլորը արժանի էին, բայց Անահիտն անվիճելի առաջատար է եղել: Ոչ թաքցնելու բան ունեինք, ոչ էլ: Ես թվարկում եմ նրա արժանիքների մի մասը եւ եթե հաշվի առնենք, որ դա անկախության 20-ամյակին տրված մեդալ էր, Անահիտ Բախշյանն էլ ամենաօրինակելի դպրոցներից մեկի տնօրեն էր, իր դպրոցն է առաջինը ներառական կրթության անցել ՀՀ-ում, մատով ցույց տրվող դպրոցներից է…Նա բոլոր առումներով արժանի էր»:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» անունը հոլովելուն եւ «Ժառանգությունից» ամեն ինչ ստանալուն՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Բոլորը եւ ստացել են «Ժառանգությունից» եւ շատ բան տվել են: Այնպես չի, որ բոլորս կորած մարդիկ էինք ու առանց «Ժառանգության»…բոլորս ինչ-որ ճանապարհ անցնելու էինք, այլ ճանապարհով էինք կայանալու, «Ժառանգությունով» ենք կայացել, նաեւ կյանքի մի էտապում այդ աստիճանն ենք ունեցել, հպարտ ենք դրա համար, չենք ամաչում, գլուխներս բարձր ենք պահում, օրինակելի մարդիկ ենք բոլորս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ