Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ստուգված բոլոր ԱԳԼՃԿ-ներում խախտումներ են հայտնաբերվել

Մարտ 27,2018 15:08

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2017-ին ԱԳԼՃԿ-ներում իրականացված ստուգումների արդյունքում բոլոր տնտեսվարող սուբյեկտների մոտ խախտումներ է արձանագրել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը:

Aravot.am-ի հարցին, թե ինչ տեսակի խախտումներ են հայտնաբերել գազալցման ոլորտում՝ Խալիկյանը մանրամասնեց՝ «ԱԳԼՃԿ-ներում տեխնիկական կանոնակարգի խախտումներ են եղել: Ասենք՝ պետք է ըստ կանոնակարգի լինի 196 մեգապասկալ, մենք ամեն տեղ հանդիպել ենք, որ եղել է 210-260: Սա բավականին լուրջ խախտում է՝ հաշվի առնելով մեքենաներում բալոնների պայթման դժբախտ դեպքերը»:

Խալիկյանը վստահեցրեց՝ շրջանառության մեջ է դրվելու օրենքի նախագիծ, ըստ որի մինչեւ ԱԳԿՃԿ-ները չտեսնեն, որ ավտոմեքենայի գազի բալոնը փորձարկված է եւ անվտանգ՝ իրավունք չեն ունենա լիցքավորելու, խախտման դեպքում կտուգանվի ԱԳԼՃԿ շահագործող ընկերությունը:

Մեր այն հարցին էլ՝ ինչո՞ւ են ճնշումը բարձրացնում, տեսչական մարմնի ղեկավարը պատասխանեց, որ դրա նպատակը հաճախորդ ներգրավելու համար է, սակայն իրականում դա խաբեություն է:

Մանրամասն՝ տեսանյութում

Խալիկյանը մանրամասնեց՝ ԱԳԼՃԿ-ները բարձր ճնշում են ցույց տալիս ու թյուրիմացության մեջ գցում հաճախորդներին, իբրեւ թե ավելի շատ ու լավ են լիցքավորում. «Իրականում այդպես չէ: Պետք է ասել, որ բարձր ճնշումը բացարձակ կապ չունի, թե շատ կամ քիչ կքշեն մեքենան: Եթե գազի բալոնի մեջ տեղավորվում է ասենք՝ 1 կիլո, ինչ ճնշումով են լցնում, որեւէ նշանակություն չունի, էլի 1 կիլո է լցվելու»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ըստ տեսչական մարմնի ստուգումների, նախորդ տարի ավտոմոբիլային բենզինի եւ դիզվառելիքի վաճառքով զբաղվողների 67%-ի մոտ են խախտումներ հայտնաբերել:

Բենզինի շուկայում էլ որակական եւ չափագիտական խախտումներ են եղել: Ըստ Խալիկյանի, եղել են դեպքեր, երբ հորերը չեն մաքրել, կամ «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառել են ավելի բարձր որակի անվան տակ: Չափագիտական խախտումների դեպքում էլ տնտեսվարողներն ասենք հաճախորդին 20 լիտր բենզինի դիմաց ավտոմեքենան լիցքավորել են 18 լիտրով, այսինքն` սարքի վրա ցույց է տվել 20, բայց իրականում 18 է վաճառվել:

Լուրերը, թե բենզինի հետ ջուր են խառնում ու վաճառում, Խալիկյանն անիրական համարեց, նկատելով՝ եթե որեւէ մեկը կարողանա բենզինի հետ ջուր խառնել ու դա տարրալուծվի, ապա վաճառեն՝ նրան Նոբելյան մրցանակ պետք է տալ:

Մանրամասն՝ տեսանյութում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 2017-ին իրականացրած ստուգումների արդյունքում խաղալիքների ոլորտում 83%-ի մոտ է խախտում հայտնաբերել, օծանելիքակոսմետիկական արտադրանքի ոլորտում՝ 80% -֊ի, ցածրավոլտ սարքավորումներ վաճառողների՝ 76%-ի, կենցաղային եւ սանիտարահիգիենիկ ապրանքների՝ 71%-ի:

Չափումների միասնականության ապահովման առումով ստուգումներում խախտումներ արձանագրվել են 41% ընկերություններում։ Այս ոլորտն, ըստ Խալիկյանի, վերաբերում է բժշկական սարքավորումներին, որոնք պարտադիր ստուգաչափված պետք է լինեն եւ ունենան վկայական, որ չափումները ճիշտ են իրականացվել. «Մինչեւ խախտումները չեն վերացվել՝ թույլ չենք տվել դրանք շահագործեն»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031