Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ոստիկանների՝  ցույցի ընթացքում իսպառ բացակայությունը ցույց տվեց, որ ոչ մի ցույցի ժամանակ նրանց ներկայությունն անհրաժեշտ չէ». Մարիա Կարապետյան

Մարտ 27,2018 15:05

«Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Մարիա Կարապետյանի գնահատմամբ՝ մարտի 24-ին իրենց կազմակերպած՝ «Մերժի՛ր Սերժին» ցույցը հաջողված էր, քանի որ ներկա էին բազում քաղաքացիական շարժումների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն անդրադառնալով այն փաստին, որ ցույցի ընթացքում ոստիկաններ չկային, նախաձեռնության անդամն ասաց. «Ոստիկանների՝  ցույցի ընթացքում իսպառ բացակայությունը ցույց տվեց, որ ոչ մի ցույցի ժամանակ նրանց ներկայությունն անհրաժեշտ չէ. բարդացնում են իրավիճակը: Առհասարակ հասարակական ցանկացած ցույցի ժամանակ խորհուրդ կտամ, որ ոստիկաններն իրենց թաքստոցներից դուրս չգան, իսկ թաքստոցներում նրանք կային»:

Հարցին ի՞նչը ստիպեց քաղաքականացնել շարժումը, ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պատասխանեց, թե ինքը մասնակցել է ցույցին, քանի որ կիսում է նախաձեռնության գաղափարներն ու վստահություն ունի կազմակերպիչների նկատմամբ:

Անդրադառնալով իրենց նախաձեռնությանը՝ նշեց. «Յուրաքանչյուր բողոքի ակցիա պարունակում է քաղաքական տարրեր և քաղաքական պայքար ենթադրում: Ինչ անում ենք մեր կյանքում, արդեն քաղաքական է: Մեր նախաձեռնության հիմնական նպատակն անկախ ուսանողական տարածքի ձևավորումն է, իսկ կարճաժամկետ նպատակը ԵՊՀ տարածքում փոփոխություններ կատարելը: Կենտրոնացել ենք բարձրագույն կրթության մասին օրենքի վրա: Սկզբում նշվում էր, որ միայն ԵՊՀ-ում կարող է պետական պաշտոնյան լինել կառավարման խորհրդի անդամ, և վարչապետն է հաստատելու խորհրդի կազմը: Սակայն այժմ բոլոր համալսարաններում է այդպես լինելու: Այս դեպքում օրենքը հակակրթական բնույթ ունի, քանի որ ազդելու է բուհերի ինքնավարության վրա և բացասական ազդեցություն ունենալու կրթական համակարգի վրա»:

Հիշեցմանը, թե ցույցի մասնակիցները փոքրաթիվ էին, հետևաբար արդյոք կարելի՞ է էական արդյունքներ սպասել, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը պատասխանեց. «Համաձայն չեմ այն դիտարկմանը՝ եթե ընդհանրապես որևէ մեկը դուրս չի գալիս փողոց, նշանակում է՝ բոլորը համաձայն են: Սերժ Սարգսյանի՝ իշխանության համաձայնության և չհամաձայնության վերաբերյալ ցույցի մասնակիցների թիվը երբեք չի կարող լինել ցուցիչ»:

Նա հիշեցրեց այն, որ ԵԼՔ-ի կազմակերպած՝ ընդդեմ թանկացումների ցույցին մասնակցում էր շուրջ 500 մարդ, հետևաբար դա նշանակում է, որ մարդկանց  մեծամասնությունը կո՞ղմ է թանկացումներին:

Ըստ Դավիթ Հովհաննիսյանի՝ այն, որ մարդիկ քիչ են մասնակցում ցույցերի, ավելի շատ կապված է կազմակերպիչների ռեսուրսների հետ և այն փաստի հետ, թե որքանով մարդիկ ունեն վստահություն և համակրանք կազմակերպիչների հանդեպ:

Ամփոփելով նա նշեց. «Սերժ Սարգսյանի իշխանության նկատմամբ վերաբերմունքի միակ ցուցանիշն ընտրություններն են և ոչ հանրահավաքները: Իսկ ընտրություններում Սերժ Սարգսյանը չի հաղթել ո′չ 2008-ին, ո′չ 2013-ին»:

«Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի բնութագրմամբ՝ ցույցը հետախուզական միջոցառում էր՝ հասկանալու՝ ով կա, ինչ կա: Դառնալով իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին՝ Դավիթ Սանասարյանը նշեց. «Այս մարդիկ չեն պատկերացնում իրական լիդերն ով է: Հազիվ գտել են մեկին, ում միջոցով կարողանում են ինչ-որ բանից օգտվել»:

Իրենց օրակարգի մասին պարոն Սանասարյանը հայտնեց. «Այս պահին օրակարգը գրեթե հստակ է, և բոլոր ուժերը պետք է մի կողմ թողնեն տարաձայնություններն ու անցնեն գործի: Մեր խնդիրն այն չէ միայն, որ Սերժ Սարգսյանին թույլ չտանք՝ վարչապետ նշանակվի ու հետո տուն գնանք: Ընդհակառակը, դրանից հետո ավելի մեծ թափով պիտի աշխատենք, որ ՀՀԿ-ն չկարողանա որևէ ձևով վարչապետ նշանակել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031