Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քրեական գործեր` ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների առթիվ

Մարտ 27,2018 14:51

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ, 309-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով:

Այսպես, Գ. Ղ.-ն հաղորդում է տվել, որ նախկին ամուսին Ա. Վ.-ն տևական ժամանակ չարամտորեն խուսափել է դատարանի կողմից իրենց երեխաների համար սահմանված ալիմենտը վճարելուց:

Հաղորդման առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արարատի մարզային բաժնի Վեդու բաժանմունքում 03.11.2012թ.-ին հարուցվել է կատարողական վարույթ, որի շրջանակներում հիշյալ բաժանմունքի հարկադիր կատարողը, ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ վերաբերմունք, միջոցներ չի ձեռնարկել Ա. Վ.-ի իրական եկամուտների չափն ու աշխատանքի վայրը պարզելու ուղղությամբ, որի հետևանքով պարտապանի միջին ամսական աշխատավարձից 130.000 ՀՀ դրամ բռնագանձելու փոխարեն անչափահաս երեխաների օգտին բռնագանձվել է ընդամենը 50.000 ՀՀ դրամ: Արդյունքում` 2012թ.-ի նոյեմբերից մինչև 2017թ.-ի սեպտեմբերը որպես ալիմենտ չի բռնագանձվել ավելի քան 5.000.000 ՀՀ դրամ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող մյուս քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձը դատարանի կողմից գույքի վրա դրված արգելանքն իր որոշմամբ վերացրել է:

Այսպես, նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրվել Երևան քաղաքում գտնվող անշարժ գույքի վրա: Սակայն 21.02.2018թ.-ին պարտապանի ներկայացուցիչը ԴԱՀԿ ծառայություն է դիմել արգելանքը վերացնելու խնդրանքով` միաժամանակ ներկայացնելով հիշյալ անշարժ գույքի նկատմամբ որևէ գործարք չկնքելու պարտավորագիր:

Դրանից հետո ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձն առանց օրենքով սահմանված հիմքերի որոշում է կայացրել վերացնել պարտապանի գույքի վրա դրված արգելանքը: Որոշման հաջորդ իսկ օրն արգելանքից հանված անշարժ գույքն օտարվել է ուրիշի, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պահանջատիրոջ օրինական շահերին:

Կատարվում է նախաքննություն:

Եվս մեկ քրեական գործ էլ քննվում է ԴԱՀԿ աշխատակիցների կողմից դատական ակտը տևական ժամանակ չկատարելու դեպքի վերաբերյալ:

Այսպես, դատարանի կողմից կայացրած վճռով Հ. Գ.-ին պարտավորեցվել է փոքրահասակ որդուն հանձնել նախկին կնոջ խնամքին: Ըստ այդմ` 12.06.2017թ.-ին դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքում կատարողական վարույթ է հարուցվել, սակայն դրա շրջանակներում ԴԱՀԿ աշխատակիցները շուրջ 9 ամիս է որևէ գործողություն չեն ձեռնարկել դատարանի վճիռը կատարելու` երեխային մորը հանձնելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031