Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բաքուն իրեն իրավունք է վերապահում գնահատելու, որ առաջարկներն են կրեատիվ, որոնք՝ ոչ. Հայաստանի ԱԳ նախարար

Մարտ 27,2018 14:47

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները լրագրողների հարցերին:

 Պարոն Նալբանդյան, Ալիևը շարունակում է պնդել, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո ակտիվ բանակցային փուլ է սկսվելու՝ հիմնված համանախագահների այսպես ասած «կրեատիվ» գաղափարների վրա: Կպարզաբանեք, թե ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ կրեատիվ գաղափարներ են դրանք:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, Բաքուն մեկ ասում էր, որ պետք է բովանդակային, այսպես կոչված սուբստանտիվ, տրամաբանական բանակցություններ վարել, ասես թե մինչև այժմ այդ բանակցությունները ոչ բովանդակային էին, ոչ էլ տրամաբանական: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր այդ երկրի նախագահը երկու տասնյակից ավել ամենաբարձր մակարդակով հանդիպումներին մասնակցում, եթե դրանք անբովանդակային էին և անտրամաբանական:

Հիմա, հաջողությամբ ավարտելով «բովանդակային և տրամաբանական բանակցությունների փուլը», անցան արդեն մի նոր փուլի, որն իբրև թե եռանախագահողների կողմից կրեատիվ ինչ-որ առաջարկների հիման վրա է շարունակվելու: Ինչ կրեատիվության մասին է խոսքը: Միգուցե այն կրեատիվության, որը բխում է Ադրբեջանի, ինչպես ավելի մեղմ ձևակերպեմ, ոչ այդքան առողջ երևակայությունից:

Այդպիսի կրեատիվության դրսևորում է, երբ մեր մայրաքաղաք 2800-ամյա Երևանը, և Հայաստանի այլ շրջաններ հռչակվում են Ադրբեջանի պատմական տարածքներ: Կամ Բաքվի կրեատիվության հայտնի մի այլ դրսևորում` մշտական ուժի սպառնալիքը: Միգուցե իրենք նոր հնարք են գտել, բացատրելու համար, թե ինչու են հրաժարվում եռանախագահ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով արված առաջարկներից՝ նրանց հինգ հայտարարություններում պարունակվող հայտնի սկզբունքներից և տարրերից, որոնք մշակված են որպես մեկ ամբողջություն: Միգուցե Բաքվում գտնում են, որ այդ առաջարկությունները կրեատիվ չէին, ստեղծագործական չէին, այլ ինչ-որ պրիմիտիվ, պարզունակ առաջարկություններ էին:

Բաքուն իրեն իրավունք է վերապահում գնահատելու, որ առաջարկներն են կրեատիվ, որոնք՝ ոչ, սպասելով, որ այդ առաջարկները դառնան իրենց համար ընդունելի կրեատիվ:

Իրականության մեջ կարևորն այն է, որ իրենք ձերբազատվեն այս, իրականությունից հեռու լեզվաբանական մտավարժանքներից և վերադառնան կառուցողական դաշտ, առաջին հերթին իրականացնեն իրենց ստանձնած պարտավորությունները և հարգեն հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Վերջին կրակովյան հանդիպմանը, երբ մենք եռանախագահողների առաջարկությամբ համաձայնություն ձեռք բերեցինք ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները և դրա մասին հայտարարվեց, թե եռանախագահող երկրների, թե Հայաստանի կողմից: Մինչև այժմ Ադրբեջանը հրաժարվում է հարգել և իրականացնել այդ պայմանավորվածությունները և անգամ հղում կատարել դրանց։

Եվ ոչ միայն Կրակովում, դրանից առաջ էլ բազմաթիվ անգամ է դա պատահել: Միգուցե Ադրբեջանն ի զորու չէ կառուցողական դաշտ վերադառնալ, ուրեմն Ադրբեջանին կառուցողական դաշտ պետք է վերադարձնել:

 Պարոն նախարար, անցյալ շաբաթվա վերջին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ընդունեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը։ Ինչո՞վ է պայմանավորված այս բանաձևի նախաձեռնումը։

Էդվարդ Նալբանդյան. Առաջին հերթին կցանկանայի ասել, որ շատ խորհրդանշական է, որ մեր ժողովուրդը, որը վերապրել է ցեղասպանությունը, բնաջնջման վտանգը և վերածնվելով միջազգային հանրության կարծիքով այսօր առաջամարտիկ է դարձել համաշխարհային ջանքերում՝ ուղղված նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը:

Այս տարի մեր նախաձեռնությունը կապված է Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի 70-ամյակի հետ, որն ընդունվել էր 1948թ. դեկտեմբերի 9-ին: Գիտեք, որ Ռաֆայել Լեմկինն է այդ կոնվենցիայի հեղինակներից մեկը։ Նա 1944 թվականին դեռ շրջանառության մեջ մտցրեց ցեղասպանություն եզրույթը՝ հղում կատարելով Հայոց ցեղասպանությանը:

Եվ պատահական չէ, որ այդ հոբելյանի շրջանակներում, այս տարի դեկտեմբերի 9-ին` Կոնվենցիայի ընդունման օրը, ի շարունակություն Ժնևում` Մարդու իրավունքների խորհրդում ընդունված այս նոր բանաձևի մենք անցկացնելու ենք Հայաստանում Գլոբալ ֆորում` նվիրված ցեղասպանությունների կանխարգելմանը: Ժնևում ընդունված այս վերջին բանաձևը վերահաստատում է Կոնվենցիայի դրույթները, ինչը շատ կարևոր է կանխարգելման տեսանկյունից։ Ընդգծում է, որ անպատժելիությունը և ժխտողականությունը խոչընդոտներ են հանդիսանում կանխարգելման գործում:

Հիշեցնեմ, որ 2015թ. մենք նույնպես նախաձեռնել էինք ցեղասպանության կանխարգելմանը նվիրված բանաձև, որն ընդունվեց Ժնևում: Այս համատեքստում ես կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Լյուքսեմբուրգի արտգործնախարարին, իմ գործընկերոջը այն աջակցության համար, որ ցուցաբերեց Լյուքսեմբուրգը այս բանաձևերի ընդունման գործում: Այս անգամ էլ, ինչպես 2015թ., Լյուքսեմբուրգը համահեղինակեց բանաձևը։ Այսօրվա դրությամբ արդեն 56 երկիր է միացել Հայաստանին՝ որպես համահեղինակ, և բանաձևն անցել է կոնսենսուսով: Այն դեռ բաց է այլ երկրների կողմից որպես համահեղինակներ միանալու համար: Կարծում եմ մի շարք երկրներ գալիք օրերին ևս կմիանան դրան:

Հիշեցնեմ նաև, որ մեր նախաձեռնությամբ 2015թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով Կոնվենցիայի ընդունման օրը՝ դեկտեմբերի 9-ը, հռչակվեց որպես ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների զոհերի հիշատակի օր:

Արդեն նշեցի, որ հենց այս դեկտեմբերին մենք կազմակերպելու ենք նաև Գլոբալ ֆորում Հայաստանում, որի գլխավոր թեման է լինելու Կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը կրթության միջոցով: Կարծում եմ, որ այս իմաստով, իհարկե, միջազգային հանրությունը դեռ շատ անելիքներ ունի, որովհետև անգամ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, Կոնվենցիայի ընդունումից 70 տարի հետո, մինչ այսօր դեռ շարունակվում են հանցագործությունները մարդկության դեմ և իհարկե դա մեծ խնդիր է ողջ մարդկության համար: Հայաստանն այս առումով շարունակելու է ջանքերը միջազգային հանրության` գործընկերներ երկրների, միջազգային կառույցների հետ միասին:

ԱԳՆ հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031