Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փորձել են թալանել Գյումրու պատմական կենտրոնի առանձնատներից մեկը․ հնչել է կրակոց. կա ձերբակալված

Մարտ 27,2018 14:34

Այսօր լուսադեմին գողության փորձ է կատարվել Գյումրու պատմական կենտրոնում գտնվող Աբովյան փողոցի առանձնատներից մեկից։ Երկու անձինք, օգտվելով առիթից, որ տանը մարդ չի եղել, փակ դարպասներից ներս են խուժել ու փորձել են գողանալ կենցաղային տարբեր տեսակի իրեր։ Սակայն, նրանք չեն հասցրել տանել գողոնը, քանի որ վրա է հասել ոստիկանությունը։ Իսկ ոստիկանություն ահազանգել է հարևանը։ Տանտերերը բնակվում են Երևանում, սակայն ժամանակ առ ժամանակ գալիս են Գյումրի՝ իրենց առանձնատուն, մենք պարզեցինք, որ նրանք մեծահարուստ մարդիկ չեն։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներից մեկը փակ դարպասից մուտք է գործել՝ հանդիպելով գողոնը կրող երկու անձանց։ Ոստիկանը պահանջել է վերադարձնել գողոնը, սակայն ենթադրյալ հանցանք կատարած անձինք, տեսնելով, որ ոստիկանության աշխատակիցը մենակ է, չեն ենթարկվել նրա օրինական պահանջին և բռնություն են գործադրել նրա նկատմամբ։ Ոստիկանը նախազգուշական մեկ կրակոց է արձակել, ենթադրյալ հանցանք կատարած անձանցից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսի փախուստը կանխվել է տվյալ ոստիկանի ու դեպքի վայր ժամանած ոստիկանական խմբի օգնությամբ։ Գողության նպատակով առանձնատուն ներխուժած անձանցից մեկը ոստիկանի կրակոցից թեթևակի, կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող վնասվածք է ստացել։

Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նա հայտնեց, որ գողության փորձ կատարած անձանցից մեկը՝ Ա․ Ե․-ն, ձերբակալված է, նա երիտասարդ է, նախկինում դատապարտված անձ է, մյուսի ինքնությունը պարզելու, վարույթ իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ կատարվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները։

Դատախազի տեղեկացմամբ, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի ՀՀ ՔՕ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ գողության փորձ, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով: Տվյալ քրեական գործի շրջանակներում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, այն է՝իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։ Այս գործերը միացվել են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031