Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքում չեն բացառում վարչապետի սեփական թեկնածուի առաջադրումը

Մարտ 27,2018 14:32

«Ծառուկյան» դաշինքում դեռ չեն քննարկել Հայաստանի հաջորդ վարչապետի հարցը, քանի որ որեւէ թեկնածու դեռ չի առաջադրվել: Այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին`եթե գտնում եք, որ կառավարության ներկայացրած 7,7 տոկոս տնտեսական աճը ներառական չէ եւ պետք է պայքարեք`ցանկալի արդյունքների համար, իսկ Սահմանադրությամբ վարչապետ է լինելու քաղաքական մեծամասնության`իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչը, որը ամենայն հավանականությամբ կլինի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպե՞ս եք վարվելու: Սերգեյ Բագրատյանն ասաց` իրենք գերադասում են կառուցվածքային եւ համակարգային փոփոխությունների տեսանկյունով նայել երկրի զարգացման տեսլականին, քանի որ տարիների փորձը ցույց է տվել անձերի դեմ պայքարը անարդյունավետ:

Իրենք պահանջելու են իրական քաղաքական համակարգերի փոփոխություն, որը բերելու է տնտեսական մրցակցության եւ հակակշիռների ու զսպումների մեխանիզմների: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ներդրվի նաեւ մեղքի անհատականացման ինստիտուտը, որով կազատագրենք շատ մարդկանց`տնտեսական ճնշումներից»: Խոսքը նույն համակարգում հարկային տեսուչի կամ ուժային կառույցի`վերահասի հրամայականներով կաշկանդված լինելու մասին է: Այս մեխանիզմի դեպքում, ցանկացած աշխատող կհասկանա, որ ինքն անձամբ է պատասխան տալու իր արարքի եւ վարքագծի համար ու չպիտի իրեն արդարացնի համակարգի ճնշման կամ վերադասի հրամանների կատարումով, ինչը եղել է ցայսօր: Նույնը`դատական համակարգին է վերաբերում:

«Ելք» խմբակցության երկու կուսակցությունները`«Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» հնարավոր է վարչապետի սեփական թեկնածուն առաջադրեն: Հետաքրքրվեցինք`ՀՀԿ-ին գոնե «ատամ ցույց տալու» համար, «Ծառուկյան» դաշինքը կմիանա՞ նրանց կամ գուցե սեփական թեկնածուն առաջադրի: «Ամեն դեպքում այլընտրանքները նպաստելու են քաղաքական եւ տնտեսական զարգացումներին: Հարգում ենք մեր գործընկերների ցանկացած որոշում եւ քննարկելու ենք ցանկացած թեկնածություն: Որեւէ բան չի բացառվում: Չի բացառվում նաեւ «Ծառուկյան» դաշինքը նման որոշում կայացնի: Բայց դեռեւս նման քննարկումներ չեն իրականացվել: Երբեք չպետք է դիտարկել որեւէ առաջադրում ինքնանպատակ կամ որեւէ առաջադրում`կանխորոշված ելքով: Այսինքն, պետք է անպայման այլընտրանք լինի: Եթե ունենանք մեկ թեկնածու, բնականաբար, բավական բարդ է ազատ եւ արդար ընտրություն կատարելը: Այլընտրանքային թեկնածուն միայն կօգնի ազատ եւ տեսանելի վարքագծի դրսեւորմանը քաղաքական դաշտում: Արժեհամակարգերի կարծրատիպը պետք է կոտրել. մեկ թեկնածուով որեւէ առաջադրում արդարացված չէ»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:

Ասաց նաեւ, որ հարգում են իրենց գործընկերների պայքարի բոլոր մեթոդները, եթե այն նպատակային է եւ ուղղված է պետության զարգացմանը: Նկատի ունի Նիկոլ Փաշինյանի որդեգրած փողոցային պայքարի ձեւը: Բայց իրենք այլ մոտեցում եւ այլ ռազմավարություն ունեն, ամբոխահաճո քայլեր չեն անելու:

Ի դեպ, երեկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանն ասել էր, որ ԲՀԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը երբեք «ռեալ ընդդիմադիր» գործունեությամբ չեն զբաղվել, այդ պատճառով ինստիտուցիոնալ պայքարում հաջողության չեն հասել: Սերգեյ Բագրատյանը հակադարձեց`մենք հարգում ենք մեր գործընկերների ազատ արտահայտվելու իրավունքը, բայց դա ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեր իրավունքը. «Մենք մեզ երբեւէ թույլ չենք տվել քննադատել մեր ընդդիմադիր գործընկերների գործունեությունը`ակնկալելով, որ դա փոխհասկացողության իրավիճակ կստեղծի: Պարոն Գորգիսյանին հարգում եմ, բայց իր երիտասարդ փորձը, կարծում եմ, դեռեւս չպետք է, որ իրեն թույլ տա քննարկելու կամ գնահատական տալու «Ծառուկյան» դաշինքի գործողությունները: Մենք այն քաղաքական ուժը չենք, որին կարելի է անպատասխան քննադատել: Մեր գործընկերներին հորդորում ենք, որ մնան իրենց գաղափարական դաշտում»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Հարց հնչեց նաեւ` «Ծառուկյան» դաշինքը երկար ժամանակ խորհրդարանում է`հնարավո՞ր է լուրջ որակական փոփոխությունների հասնել խորհրդարանական աշխատանքով: Սերգեյ Բագրատյանն ասաց`մեկ տարվա ընթացքում ականատես ենք լինելու որակական փոփոխությունների եւ դրան օգնելու է հանրային ճնշումը: Նա վստահ է, որ մինչեւ հաջորդ ընտրություն ՀՀԿ-ն բացարձակ իշխանություն չի ունենալու եւ ունենալու ենք որակական բացարձակ նոր իրավիճակ, բոլոր կառույցները ժամանակի ընթացքում գիտակցելու են իրենց անկախ լինելու եւ պետությանը նվիրումով ծառայելու կարեւոր արժեքը, պառլամենտում էլ բացարձակ այլ քվեարկություններ են լինելու: Այլապես, ըստ բանախոսի, առանց հստակ ձեւավորված պետության, այս տարածաշրջանում դատապարտված ենք: Ասում է`քայլ առ քայլ պետք է մոտենանք արեւմտյան արժեհամակարգին, այդ տեսլականի պետության ձեւավորմանը:

Թե ո՞րն է եզրագիծը, որից հետո «Ծառուկյան» դաշինքը փողոց դուրս կգա, Սերգեյ Բագրատյանն ասում է`փողոց դուրս գալը չպետք է իշխանափոխության եւ ծայրահեղ քայլերի անպայման միտված լինի: Նկատում է`քաղաքակիրթ երկրներում փողոցներում ամեն օր են ակցիաներ լինում ու դա ամենօրյա քաղաքական, սոցիալական, տնտեսական պայքարի էլեմենտ է, ոչ թե բացարձակ արժեք:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031